Գ. – Սուրբ Հոգին – Գրադարան – Mashtoz.org

Գ. – Սուրբ Հոգին

Սուրբ Հոգու վերաբերյալ եհովական գաղափարը թշվառության աստիճան աղքատ է: «Անձ չէ, այլ՝ Աստծո ակտիվ ուժն է» (La verità che conduce alla vita eterna, 24): Ամբողջն՝ այսքանը: Եվ հաստատելու համար իրենց այս ցնորամտությունը, մեջբերում են Դատավորների Գրքի 14, 6 հատվածը, որը ոչ մի կապ չունի տվյալ նյութի հետ, և սկսում են խոսել այնպես, որ կարծես թե գոյություն չունի Նոր Կտակարանը: Այս գլուխը բաժանում եմ երեք մասի. առաջինում միասին կտեսնենք, որ Սուրբ Հոգին անձ է. երկրորդում, որ Սուրբ Հոգին աստվածային Անձ է. երրորդում կքննարկենք եհովականների խղճուկ ընդդիմություններից մի քանիսը:

Սկսելուց առաջ կամենում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որը ցույց է տալիս, թե քանի՜ցս սատանայական է եհովականների ուսմունքային ամբողջ համակարգը: Իրենց բոլոր հրատարակություններում Սուրբ Հոգին միշտ գրում են փոքրատառով (սուրբ հոգի), մինչդեռ անխտիր ամեն տեղ սատանան գրում են մեծատառ (Սատանա): Նույնիսկ եթե Սուրբ Հոգին անձ չլիներ, այլ՝ Աստծո ներգործող զորությունը, ինչպես հաստատում են իրենք, սա բարոյական թույլատրություն չէր լինի եհովականների համար՝ հարգելու սատանային ավելի, քան Աստծո զորությունը: Իրոք, սիրելիներս, հեռու մնանք սատանային հարգող և Աստծո ճշմարտության դեմ մարտնչող եհովականներից:

 

ա) Գիտենք, որ աստվածաշնչյան հայտնությունն աստիճանական է: Աստված բոլոր ճշմարտությունները չի հայտնում միասին, այլ՝ կամաց-կամաց, որպեսզի մարդկային տկար բանականությունն ի վիճակի լինի դրանք աստիճանաբար յուրացնելու: Այսպես վարվելով՝ Աստված բացահայտում է իր գթությունն ու սերը մարդու նկատմամբ: Ահա այս պատճառով է, որ Հին Կտակարանը գործածում է «Յահվէի հոգի» կամ «Էլոհիմի հոգի» արտահայտությունները, նախևառաջ մատնանշելու համար որոշ յուրահատուկ կարողություններ, որոնք Աստված հաղորդում է ոմանց (հմմտ. Դատավորաց 3, 10; 6, 34; 11, 29; Թագավորների Առաջին Գիրք 11, 6; և այլն): Այս և նման դեպքերում Աստվածաշունչը Սուրբ Հոգու մասին խոսելուց առաջ խոսում է Սուրբ Հոգու պարգևների մասին, այսինքն՝ սկսում է ցույց տալ գործը, ապագային թողնելով այդ գործերը Գործողի ճանաչումը: Այս ճանաչումը կատարվում է Նոր Կտակարանում, ուր խոսվում է Հոգու կամ Սուրբ Հոգու կամ Մխիթարիչի (հունարեն՝ Parոkletos) մասին՝ մատնանշելու համար մի անձ, ինչը որ պարզորոշ կտեսնենք քիչ հետո մեջբերված հատվածներում, ինչը որ չեն կարող հերքել սատանային հարգող եհովականները: Հովհաննեսի Ավետարանի այն հատվածներն են, որոնցում Հիսուսը խոստանում է առաքել Սուրբ Հոգին:

 

«Ես կխնդրեմ Հորից և նա կտա ձեզ մի ա՛յլ Մխիթարիչ, որպեսզի ձեր հետ մնա ընդմիշտ» (Հովհաննեսի Ավետարան 14, 16):

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը առաքելու է իմ անունով, նա կուսուցանի ձեզ և կհիշեցնի այն ամենը, որ ասացի ձեզ» (Հովհաննեսի Ավետարան 14, 26):

«Երբ կգա Մխիթարիչը, որին ես առաքելու եմ Հորից, ճշմարտության Հոգին, որ բխում է Հորից, նա կվկայի ինձ. դուք նույնպես կվկայեք ինձ, որովհետև իմ հետ եք սկզբից ևեթ» (Հովհաննեսի Ավետարան 15, 26-27):

«Արդ, ասում եմ ճշմարտությունը. լա՛վ է ձեր համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, չի գա ձեր մոտ Մխիթարիչը: Երբ ես գնամ, նրան կառաքեմ ձեր մոտ» (Հովհաննեսի Ավետարան 16, 7):

«Իսկ երբ կգա ճշմարտության Հոգին, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջական ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսելու, այլ՝ ասելու է այն, ինչ լսելու է և ձեզ ավետարանելու է ապագա իրողությունները» (Հովհաննեսի Ավետարան 16, 13):

 

Մեջբերված այս հինգ հատվածներում շատ պարզորոշ երևում է, որ Սուրբ Հոգին մխիթարում է, ուսուցանում, հիշեցնում, վկայում, առաջնորդում, խոսում, ասում, լսում և ավետարանում: Մտածելու կարողություն ունեցող որևէ մարդ, որի մտային և հոգեկան վիճակն առողջ է, կարող է հաստատել, որ այս բոլորը կարող են վերաբերվել միմիայն անձի, որն ունի զգացումներ (մխիթարում է, ուրեմն՝ նաև կարեկցում է), ունի հիշողություն (հիշեցնում է, ասում է այն, ինչ լսել է), ունի կամք և ընտրողություն (վկայում է, առաջնորդում), ունի բանականություն (ուսուցանում է, խոսում, ավետարանում): Հետևաբար, ամբողջովին սխալ և հակաաստվածաշնչյան է եհովական հերետիկոսների ուսուցումը Սուրբ Հոգու վերաբերյալ:

 

բ) Այժմ քննենք աստվածաշնչյան մի քանի հատվածներ, որոնցում Սուրբ Հոգին ներկայանում է որպես հավասար Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս հատվածներից երևում է, որ Սուրբ Հոգին ո՛չ միայն անձ է, այլ՝ աստվածային Անձ:

Նախևառաջ տեսնում ենք, որ մի էական հաղորդակցություն կա աստվածային երեք Անձերի միջև: Հիսուսը ասում է. «Նա փառավորելու է ինձ, որովհետև վերցնելու է ինձնից և ավետելու է ձեզ: Այն ամենը, որ Հայրն ունի, իմն է. սրա համար ասացի ձեզ, որ (Սուրբ Հոգին) վերցնելու է ինձնից (= Հիսուսից) և ավետելու է ձեզ» (Հովհաննես 16, 14-15): Հոգին Որդուց վերցնում է այն, ինչը որ Որդին ունի Հորից, և այն, ինչը որ Հոգին վերցնում է Որդուց, նույնը հաղորդում է աշակերտներին, որոնք Հոգու կողմից առաջնորդվում են դեպի Որդին և Որդու միջոցով հասնում են Հորը: Ուրեմն, Աստծո կողմից պարգևված փրկությունը մեզ հասնում է Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգին է, որ պարգևում է մեզ այդ փրկությունը (որը միմիայն աստվածային գործ է): Եվ փրկության ճանապարհը հակառակ ընթացքով դիտելով, մարդիկ առ Աստված բարձրանում և Նրա հետ հաղորդակցվում են Սուրբ Հոգու միջոցով, որը մարդկության Մխիթարիչն է:

Սուրբ Հոգու հավասարությունը Երրորդության մյուս Անձերին երևում է Հովհաննեսի Ավետարանի այն հատվածներում, որոնցում համեմատության են դրվում Հիսուսի (Որդի Աստծո) և Սուրբ Հոգու Անձերը: Իրոք, տեսնում ենք, որ ինչպես Որդին Հոր մոտ է («Բանն Աստծո մոտ էր». Հովհաննես 1, 1), այնպես նաև Հոգին Հոր մոտ է («Մխիթարիչը, որին առաքելու եմ Հոր մոտից». Հովհաննես 15, 26). ինչպես Հայրը առաքեց Որդուն (խոսքերը «Հորն են, որն առաքեց ինձ». Հովհաննես 14, 24), նույնպես առաքում է Սուրբ Հոգուն («որը բխում է Հորից». Հովհաննես 15, 26):

Տակավին կխորացնենք այս հարցը հաջորդ գլխում, որ վերաբերվում է Ամենասուրբ Երրորդությանը: Այստեղ պարզապես հիշեցնեմ, որ «բխում է Հորից» արտահայտությունը ինքնըստինքյան արդեն ցույց է տալիս այն էական կապը, որ կա Հայր Աստծո և Սուրբ Հոգու միջև: Եվ քանի որ տեսանք, որ Սուրբ Հոգին անկասկածելիորեն անձ է, Հայր Աստծուց բխված լինելը նշանակում է, որ Նա անկասկածելիորեն աստվածային Անձ է:

 

գ) Մի քանի տողով անդրադառնամ նաև այն ընդդիմություններին, որոնք եհովականությունը սովոր է մեջտեղ հանել՝ իբր թե “փաստելու” համար իր ուսուցումները Սուրբ Հոգու վերաբերյալ: Բայց նախևառաջ ուզում եմ տալ մի քանի նախապատրաստական տեղեկություններ: Ինչպես շատ անգամներ արդեն ասացի, երբ աստվածաշնչյան հատվածները կղզիացվում են իրենց հարազատ պարբերություններից, այդ մեկուսացված նախադասություններին կարելի է տալ ցանկացած նշանակություն (օրինակ, Սաղմոսաց գրքի նախադասություններից մեկը կղզիացնելով իր պարբերությունից, կարելի է հաստատել, որ Աստված գոյություն չունի, որովհետև այնտեղ գրված է. «Աստված չկա»: Բայց երբ քննում ենք ամբողջ նախադասությունը. «Ասաց անմիտն իր սրտում. “Աստված չկա”» (Սաղմոս 13, 1), խնդիրն ամբողջովին փոխվում է, որովհետև ըստ Սաղմոսերգուի՝ հիմարների համար է, որ չկա Աստված): Եհովականությունը, մերժելու համար Սուրբ Հոգու անձ և աստվածային Անձ լինելը, կա՛մ մեջբերում է հինկտակարանյան հատվածներ, որոնցում տակավին չճանաչելով Սուրբ Հոգու անձը, խոսվում է Նրա գործերի մասին (ինչպես արդեն ասացի այս գլխի սկզբում), կա՛մ էլ նորկտակարանյան այն հատվածները, որոնցում ուղղակի ակնարկվում է Սուրբ Հոգու պարգևներին կամ շնորհներին: Այս պատճառով, հավատացյալները պետք է միշտ հիշեն Գործք Առաքելոցի այս հատվածը, որում հստակ զանազանվում է Սուրբ Հոգին և Իր զորությունը, և մնացած բոլոր հատվածները, որոնցում զանազանությունը թերևս շատ հստակ չէ, հարկավոր է ընթերցել այս հատվածի լույսի ներքոյ. «Զորություն կստանաք Սուրբ Հոգուց, որն իջնելու է ձեր վրա, և իմ (=Հիսուսի) վկաները կլինեք» (Գործք Առաքելոց 1, 8): Առավել ուսյալներին որպես տեղեկություն ասեմ, որ «որն իջնելու է» բառակապակցությունը հունարենում չեզոք դերբայ է և անկասկած վերաբերվում է Սուրբ Հոգուն (հունարեն՝ Pneuma), և ո՛չ թե զորությանը (հունարեն՝ dynamis), որն իգական սեռի է. այսինքն՝ իջնողը Սուրբ Հոգին է, ո՛չ թե զորությունը:

«Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով» (Գործք Առաքելոց 2, 4): Եհովականները, մեջբերելով այս հատվածը, ընդդիմադրելով՝ հարցնում են. «Հնարավո՞ր է լցվել մի անձով» (հմմտ. Potete vivere per sempre, 40): Այստեղ խոսվում է այն արդյունքի մասին, որը Սուրբ Հոգին գործում է, մի արդյունք, որը ստացվում է, որովհետև Հայրը և Որդին առաքում են Մխիթարիչ Սուրբ Հոգու Անձը: Շարունակելով հատվածի ընթերցանությունն, իրոք, համոզվում ենք, որ խոսվում է Սուրբ Հոգու զորության (dynamis) մասին. « [...] և սկսեցին խոսել զանազան լեզուներով, յուրաքանչյուրն՝ ինչպես որ Հոգին տալիս էր արտահայտվելու կարողությունը» (Գործք Առաքելոց 2, 4): Բայց մարդկային մեր բառապաշարում ևս, այն ամենագեղեցիկ արտահայտություններում, որոնցով կամենում ենք արտահայտել մարդկային ամենավեհ զգացումը՝ սերը, մենք ասում ենք. «Սիրտս ամբողջովին լի է քեզնով»: Այո՛, հնարավոր է լցվել մի անձով, դա հնարավոր է սիրո զորությամբ, և եհովականները կկարողանային հասկանալ սա, եթե գեթ նվազագույն չափով գաղափար ունենային, թե ի՛նչ է նշանակում սերը, որի ակունքը հենց Սուրբ Հոգին է, աստվածային Սերը:

Միևնույն հատվածում, մի տող առաջ կարդում ենք. «Նրանց հայտնվեցին հրեղեն լեզուներ և իջան նրանցից յուրաքանչյուրի վրա» (Գործք Առաքելոց 2, 3): Եհովականներն առարկում են. «Ինչպե՞ս կարող է սուրբ հոգին մի անձ լինել, երբ մոտ 120 աշակերտներ նրանով լցվեցին միաժամանակ» (Potete vivere per sempre, 41): Ահա այստեղ ակնհայտ երևում է եհովական ողջ գաղափարախոսության նյութապաշտ (մատերիալիստ) բնույթը: Այստեղ Սուրբ Հոգու մասին խոսում են որպես որևիցէ մի անձ և Նրան շփոթում են նյութական աշխարհի հատկությունների հետ: Սուրբ Հոգին նյութական էակ չէ, որպեսզի սահմանափակվի տարածքի մեջ և հնարավորությունն ունենա զբաղվելու միայն մեկ անհատով: Ինչպես տեսանք վերևում, Սուրբ Հոգին աստվածային Անձ է: Արդ, աստվածային Անձն ունի ամենուր ներկա գտնվելու և ներբնակության միմիայն Աստծուն բնորոշ հատկությունը: Հիսուսը շատ հստակ կերպով հաստատում է Սուրբ Հոգու վերաբերյալ. «Բայց դուք նրան (=Սուրբ Հոգուն) ճանաչում եք, որովհետև բնակվում է ձեր մոտ և լինելու է ձեր մեջ [Որդու փառավորումից և Հոգեգալստից հետո]» (Հովհաննես 14, 17): Մարդու ներաշխարհում, նրա սրտի ու հոգու այն ամենախորին խորքում, ուր դրոշմված է Աստծո պատկերն ու նմանությունը (հմմտ. Ծննդոց 1, 26), Աստված հաստատում է Իր բնակությունը, ինչը որ քրիստոնեական աստվածաբանության մեջ կոչվում է «աստվածային ներբնակություն»: Այո՛, սա հնարավոր է: Հնարավոր չէ ապականացու մարդուն, հնարավոր է երիցս Սուրբ Աստծուն, որն Իր ամենակարողությամբ ներում է մեր մեղքերը: Հիսուսը վստահեցնում է մեզ. «Եթե մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը և իմ Հայրը կսիրի նրան, և մենք (=Հայրը և Որդին) կգանք նրա մոտ և նրա մոտ կհաստատենք մեր բնակությունը» (Հովհաննես 14, 23): «Նրա մոտ կհաստատենք մեր բնակությունը» արտահայտությունը չի նշանակում, թե «նրա պարտեզում կխփենք մեր վրանը» կամ «նրա ննջասենյակի կողքի սենյակում կհաստատվենք» կամ էլ «նրա հարևանը կլինենք»: Նշանակում է աստվածային այն ներբնակությունը, որը զորեղ խոսքերով Պողոս Առաքյալն արտահայտում է այսպես. «Փախե՛ք պոռնկությունից: Ի՛նչ մեղք էլ որ գործի մարդ, իր մարմնից դուրս է դա. իսկ ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ: Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է և որ ստացել եք Աստծուց: [...] Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմիններում» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 6, 18-20):

«Բոլորի վրա հեղելու եմ Հոգիս» (Գործք Առաքելոց 2, 17): Եհովականները, մեկնելով այս խոսքից, առարկում են. մի՞թե հնարավոր է, որ մի անձ «հեղվի» ուրիշ անձերի վրա: Եթե աստվածաշնչյան հատվածների շուրջ իրենց բացատրություններում եհովականները սովորաբար բացահայտում են իրենց տգիտությունն ու կարճամտությունը, այստեղ ցույց են տալիս իրենց չքավորությունն ու անկրթությունը մշակութային գետնի վրա, որովհետև ոչինչ չեն հասկանում արտահայտվելու կերպերի գեղեցկությունից, զգացումներից, բանաստեղծական ասույթներից, մտքի սլացքներից, լեզվի պերճախոսությունից, գրության ոճաբանական դարձվածքներից: Ինչպես որ անհանճար են իրենք, կուզենային, որ ամբողջ աշխարհն իրենց պես անհանճար լիներ և համ չառներ խոսակցության գեղեցկությունից:

Բայց Աստված եհովականների նման չէ: Աստված գեղեցկության Հեղինակն է: Աստված Ինքը գերագույն Գեղեցկությունն է: Եվ Աստվածաշնչում անթիվ են այն հատվածները, որոնցում Աստված, ներշնչված հեղինակների միջոցով, խոսում է բանաստեղծական ոճով: Օրինակ, Եսայի մարգարեի միջոցով կարող էր պարզապես ասել. «Կներեմ ձեր մեղքերը, կջնջեմ ձեր մեղքերը, այլևս չեմ հիշի դրանք» և մենք այսպես էլ շատ լավ կհասկանայինք, թե ինչ է կամենում ասել Աստված: Բայց ո՛չ, Աստված նախընտրում է արտահայտվել այսպես. «Եկե՛ք, խոսե՛նք իրար հետ, – ասում է Տերը, – եթե ձեր մեղքերն արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ. եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդը» (Եսայի 1, 18): Աստված մեր Արարիչն է, Ինքն է ստեղծել մեզ, և գիտի, որ հասկանալու համար միտք ունենալուց բացի, զգալու համար ունենք նաև մի սիրտ, որը խանդավառվում է գեղեցկությանն ի տես: Աստված, մեր մտքերին խոսելուց առաջ, կամենում է խոսել մեր սրտին: Այո՛, Սուրբ Հոգին կարող է հեղվել մեր վրա, որովհետև այն աստվածային Ջուրն է, միակ հագեցնող Ջուրը, որի ծարավն ունենք երկրային պանդխտության անապատներում թափառող թշվառներս, որ այստեղից ու այնտեղից մուրում ենք այն, ինչի կարիքը որ ունենք ապրելու համար. մուրում ենք Սեր: «Աստծո մուրացկաններն ենք», ասում էր մեծ իմաստուններից մեկը: Սուրբ Հոգին այն աստվածային Սերն է, որով Հայրը հավիտյան սիրում է Իր Որդուն և որով Որդին հավիտյան սիրում է Իր Հորը: Սուրբ Հոգին Հոր և Որդու հավիտենական Սերն է: Սուրբ Հոգին այն Սերն է, որով Հայրը և Որդին սիրում են արարչությունը, և առաջին հերթին՝ մարդուն, որին ստեղծել են Իրենց պատկերով ու նմանությամբ (Ծննդոց 1, 26): Վերջապես, Սուրբ Հոգին այն Սերն է, որով մենք նույնպես կարող ենք պատասխանել Աստծո այդ հավիտենական նախընտրությանը, որ ունի մեր նկատմամբ, այն Սերն է, որով մենք նույնպես կարող ենք սիրել Աստծուն:

Սուրբ Հոգին սիրում է գեղեցկությունը. Հիսուսի Մկրտության պահին հայտնվեց որպես Աղավնի (Մատթեոս 3, 16; Մարկոս 1, 10; Ղուկաս 3, 22), իմաստավորելով խաղաղությունն ու հաշտությունը, որը Հիսուսի միջոցով հաստատվելու էր Աստծո և մարդկության միջև. Հոգեգալստյան օրը հայտնվեց որպես հուր (Գործք Առաքելոց 2, 3), իմաստավորելով սրբությունը, որովհետև Ինքն է օգնում մեզ հաղթելու մեր տկարություններին, մաքրվելու մեր վատ գործերից, ինչպես որ կրակն է այրում ու մաքրում ամեն նեխվածություն: Եվ ամենից ավելի, Սուրբ Հոգին ցույց է տալիս գեղեցկության հանդեպ Իր սերը, որովհետև ծածուկ է մնում, ազդում է ներքին նո՜ւրբ հպումներով, առանց ճնշելու. Սուրբ Հոգին սիրում է այն առաքինությունը, որն ամենագեղեցիկն է. Խոնարհությունը: Խոնարհությունը, որ գոյություն չունի հպարտ սատանային հարգող եհովականների սրտերում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։