Դ. – Ամենասուրբ Երրորդությունը – Գրադարան – Mashtoz.org

Դ. – Ամենասուրբ Երրորդությունը

Այս գլուխն իրականում նախորդ երեք գլուխների եզրակացությունն է. Ամենասուրբ Երրորդության հավատքը բանական հետևանքն է Հոր, Որդու և Սուրբ Հոգու վերաբերյալ մինչ այժմ ասվածների. աստվածային միակ բնությունը, այսինքն՝ աստվածային կատարելությունների ամբողջությունը, համընդհանուր է Հոր, Որդու և Սուրբ Հոգու Անձերին: Կա միայն մի Աստված՝ միմյանց հավասար և միմյանցից զատ երեք Անձերով: Աստվածային բնությունը մեկ և միակ է, իսկ աստվածային մեկ և միակ բնությունն ունեցող Անձերը՝ երեք: Եվ քանի որ մեկ առ մեկ քննեցինք Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածությանը վերաբերվող հարցերը, այստեղ բավարարվում եմ միայն մի քանի երրորդութենական հատվածներ մեջբերելով: Վերջում, մի քանի խոսքով կանդրադառնանք նաև եհովական կարճամիտ առարկումներին:

Հարուցյալ Հիսուսը պատվիրում է. «Գնացեք այսուհետև և ավետարանեցեք բոլոր ազգերին, մկրտելով նրանց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մատթեոս 28, 19): Այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել, որ Հիսուսն ասում է «հանուն» և ո՛չ թե «հանուններ»: Հիսուսի ուսուցման համաձայն, «Հայր, Որդի և Սուրբ Հոգի» միայն մեկ անուն է, որին քրիստոնեական աստվածաբանությունը և եզրաբանությունը տվել են «համագո Երրորդություն» անունը: «Համագո» նշանակում է մեկ գոյացություն ունեցող, մեկ միասնական բնության մասնակցող:

Պողոս Առաքյալը Կորնթոսի հավատացյալներին օրհնում է այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեր հետ լինեն: Ամեն» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 13, 13): Քանի որ աստվածային երեք Անձերը կատարյալ կերպով հավասար են միմյանց, նրանց հաջորդականությունը այստեղ փոխվում է. Հիսուս Քրիստոս (Որդի), Աստված (Հայրը), Սուրբ Հոգի: Մեր հավատացյալների ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ եհովականներն իրենց “թարգմանություններում” կեղծում են այս հատվածը, ուրեմն հարկավոր է կարդալ իրական Աստվածաշնչի մեջ (խորհուրդ եմ տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 1994 թվականին կամ Հայաստանի Աստվածաշնչյան Ընկերության կողմից վերջին տարիներին հրատարակված օրինակները, որոնք թեև անթերի չեն, բայց ներկայիս լավագույններն են):

Պողոս Առաքյալը, երբ խոսում է Աստծո զանազան պարգևների մասին, գրում է. «Թեև տարբեր են շնորհները, նույնն է Հոգին: Թեև տարբեր են պաշտոնները, նույնն է Տերը: Թեև տարբեր են գործելու կարողությունները, նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 12, 4-6): Այն նույն պատճառով, որ նշեցինք քիչ առաջ, այսինքն՝ քանի որ աստվածային երեք Անձերը կատարյալ կերպով հավասար են միմյանց, այստեղ նույնպես՝ նրանց հաջորդականությունը փոխվում է. Հոգին, Տերը (Հիսուս), Աստված (Հայրը):

Ահա մի ուրիշ հատված Պետրոս Առաքյալի նամակից. «Ընտրյալներիդ՝ ըստ Հայր Աստծո կանխագիտության, Հոգու սրբագործմամբ՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին» (Պետրոս Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 1, 2): Հաջորդականությունը նորից փոխվում է. Հայր Աստված, Հոգի, Հիսուս Քրիստոս:

Հարկավոր է նաև հիշել, որ Սուրբ Հոգու գալստյան վերաբերյալ Հովհաննեսի Ավետարանում պարունակված հինգ խոստումները, որոնք արդեն մեջբերեցինք նախորդ գլխում, բոլորն էլ երրորդութենական են.

– Քրիստոսը, Հայրը, Մխիթարիչը (Հովհաննես 14, 16).
– Մխիթարիչը, Հայրը, Քրիստոսը (Հովհաննես 14, 26).
– Մխիթարիչը, Քրիստոսը, Հայրը (Հովհաննես 15, 26).
– Քրիստոսը, Հայրը, Մխիթարիչը (Հովհաննես 16, 5-7).
– Սուրբ Հոգին, Քրիստոսը, Հայրը (Հովհաննես 16, 13-15):
 

Ով կամենում է շարունակել ինքնուրույն, մատնանշում եմ հետևյալ հատվածները. Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 8, 14-17; 15, 15-16; 15, 30; Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 1, 21-22; Պողոս Առաքյալի Նամակը Եփեսացիներին 2, 18; 4, 3-6; և այլն: Իրականում, ամբողջ Նոր Կտակարանը պարունակում է իրենում Ամենասուրբ Երրորդության հոգեզմայլ բույրը:

 

Այժմ անցնենք եհովական առարկումներին, որոնց հիմնական արմատները հետևյալներն են. 1) մերժումը Քրիստոսի ճշմարիտ աստվածության և մարդկության. 2) մերժումը Սուրբ Հոգու անձնականության և աստվածային անձնականության. 3) փրկության գաղափարի սխալ ըմբռնումը, որն հասկանում են որպես սոսկ վերադարձ երկրային այն դրախտին, որը կորցրեցին Ադամն ու Եվան. 4) Աստծո հայտնության կերպերի վերաբերյալ սխալ հասկացողությունը:

Առաջին երեքին արդեն անդրադարձանք, միայն մի քանի խոսք ասեմ չորրորդի վերաբերյալ: Եհովականները կարծում են, թե Աստծո հայտնությունը կատարվել է այնպես, ինչպես որ ծանոթանում են երկու մարդիկ: Բայց եթե մեկն ուշադրությամբ ընթերցի Աստվածաշունչը, կտեսնի, որ Աստված, հայտնվելուց և Իր մասին տեղեկություններ տալուց առաջ, մեր բանականությանը խոսում է Իր գործերի միջոցով (օրինակ, երբ ներում է, հասկանում ենք, որ բարեգութ է. երբ պատժում է, հասկանում ենք, որ միաժամանակ նաև արդար է): Ահա այսպես, թեև Երրորդության վերաբերյալ ակնարկներ ունենք Աստվածաշնչի առաջին տողերից սկսած («Սկզբում Էլոհիմը ստեղծեց երկինքն ու երկիրը». Ծննդոց 1, 1: Արդ, «Էլոհիմ»ը եբրայեցերենում հոգնակի է, տե՛ս այն հատվածը, ուր ներկայացնում էի աստվածային զանազան անունները Հին Կտակարանում: «Աստված ասաց. “Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ”. Ծննդոց 1, 26, ուր «Աստված» եզակի է, բայց Ինքն Իր մասին խոսում է հոգնակի թվով. «ստեղծենք մեր»), այդուամենայնիվ՝ գաղափարը մարդկանց մտքում հասունացել է աստիճանաբար, այսինքն՝ ո՛չ թե փոխվել է Աստված, այլ՝ փոխվել են մեր ճանաչողություններն Իր վերաբերյալ: Հետևաբար, ի զուր է հինկտակարանյան նախնական (պրիմիտիվ) վիճակում գտնվող անձանց խոսքերը մեջբերել՝ հերքելու համար առաջադիմյալ (պրոգրեսիվ) ճանաչողությունները:

Ահա՛ եհովականների ամենակարճամիտ առարկումը. Երրորդությունը հեթանոսական գաղափար է (հմմտ. Accertatevi, 46-47): Այս հաստատումն ամբողջովին անհիմն է և ցույց է տալիս եհովականության ներկայացուցիչների տգիտությունը կրոնների պատմության և գաղափարախոսությունների շուրջ: Ինչպես արդեն նշեցինք, Քրիստոնեությունը դավանում է համագո Երրորդությունը, ինչպես նաև բացատրեցինք, որ «համագո» նշանակում է մեկ և միևնույն գոյացությունն ունեցող: Եթե բացելու լինեք կրոնների պատմության և ուսմունքի որևէ հանրագիտարան կամ պարզ դասագիրք (նույնիսկ անհավատ որևէ գիտնականի կողմից գրված), երբեք չեք գտնի քրիստոնեությունը բազմաստվածյան կրոնների շարքում, որովհետև հեթանոսության մեջ աստվածները միմյանցից տարբեր բնություն ունեին, ինչպես օրինակի համար՝ կար սիրո աստվածը և կար ատելության աստվածը, կար խաղաղության աստվածը և կար պատերազմի աստվածը, որոնք հաճախ նաև պատերազմում էին միմյանց դեմ: Քրիստոնեությունը հեռու է նման առասպելաբանություններից: Հեթանոսական այդ հեքիաթներին ավելի մոտ է հենց ինքը՝ եհովականությունը, որ ներկայացնում է սատանայի պատերազմներ Աստծո դեմ, արմագեդոնյան ճակատամարտեր և այլն, բոլորն էլ հորինված: Նույնիսկ եթե հեթանոսական կրոնի որոշ համակարգեր ներկայացնում են գլխավոր երեք աստվածներ, սրանք նույնպես հեռու են Քրիստոնեության Երրորդության գաղափարից: Այդ համակարգերում ներկայացված երեք աստվածները կա՛մ մի ընտանիք են (հայր, մայր, որդի), կա՛մ էլ միմյանցից տարբեր բնություն ունեցողներ են, որ միանում են մեկ դաշնակցության մեջ:

Եհովական մյուս առարկությունն այն է, որ Նոր Կտակարանը երբեք չի գործածում «Երրորդություն» բառը: Շատ կներեք, բայց այսքա՜ն մեծ խորհուրդը իջեցնել պարզապես մի բառի գործածության մակարդակի, պարզապես ճղճիմ է: Եթե ուզենամ, ես նույնպես կարող եմ չգործածել «Երրորդություն» բառը, բայց այնուամենայնիվ կշարունակեմ դավանել Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածային համագոյակցությունը, Աստծո եռանձն միությունը: Բառն այստեղ ոչինչ չի նշանակում: «Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածային համագոյակցություն» երկար արտահայտությունն ավելի հարմար դարձնելու համար է, որ քրիստոնեական աստվածաբանությունը գործածում է Երրորդություն եզրը (տերմինը): Կարևորն այդ եզրով արտահայտվող գաղափարն է, այդ եզրի պարունակությունը, որը պարզորոշ տեսանք աստվածաշնչյան հատվածների քննարկմամբ: Պարզապես իբրև պատմական տեղեկություն տամ հետևյալը. հունարեն «Triàs» (Երրորդություն) բառն առաջին անգամ գործածում է – որքան որ այժմ գիտենք – Թեոֆիլոս Անտիոքացին մոտ 169-181 թվականներին, «Ad Autolycum» կոչվող իր աշխատության 15րդ գլխում: Իսկ լատիներեն «Trinitas» (Երրորդություն) բառն առաջին անգամ գործածում է – կրկին՝ որքան որ այժմ գիտենք – Տերտուղիանոսը մոտ 160-222 թվականներին, «Adversus Praxeam» կոչվող իր աշխատության 2րդ գլխում: Այսինքն, արդեն Երկրորդ դարից սկսած, ահա 19 դար շարունակ քրիստոնյաներս գործածել ենք այդ սրբազան եզրը, և Պիտսբուրգի ու Բրուքլինի երեկ ծնված թափթփուկները՝ Ռասըլ Մեդուզայի եհովականները չէ, որ պիտի մեզ ետ կանգնեցնեն այդ սրբազան եզրը գործածել շարունակելուց և դրանում պարունակված ամենավեհ ու ամենաանճառելի խորհուրդը դավանելուց:

 

Եզրակացնելով կրկնում եմ, որ կարևորը բառերը չեն, այլ՝ հավատքը: Բայց եթե ոմանք հոգեբանական ճնշումներ են գործածում մեր հավատքի դեմ, պարտավոր ենք պաշտպանել և հավատարմորեն գործածել նաև այն եզրերը, որոնցով է արտահայտվում մեր հավատքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։