Ե. – Մի անհեթեթ հաշվարկ. 1914 թվականը – Գրադարան – Mashtoz.org

Ե. – Մի անհեթեթ հաշվարկ. 1914 թվականը

1914 թվականն այսօրվա եհովականների համար նույնքան կարևոր է, որքան կարևոր են մեր՝ քրիստոնյաներիս համար Եկեղեցին, յոթ խորհուրդները, փրկությունը և այլն: Եհովականների այս ուսուցման հերքումը համահավասար է եհովական հերետիկոսության ուսմունքային շինության փլուզմանը: Երբ հստակ է դառնում այս կետի անիմաստ լինելը, ինքնաբերաբար անիմաստ են դառնում մյուս բոլորը: Ուրեմն, կանգ առնենք այս կետի վրա որոշակի ուշադրությամբ: Ընթերցողին խորհուրդ եմ տալիս, որ եթե առաջին ընթերցմամբ չհասկանա ամեն բան, կարդա մեկ անգամ ևս, քննի աստվածաշնչյան նշված հատվածները և համեմատի մեր կողմից ներկայացված բացատրությունների հետ:

Նախ լսենք, թե ինչ են ուսուցանում եհովականները.

«Յոթ ժամանակները [Դանիել 4, 10-17 հատվածում հիշատակված] Նաբուգոդոնոսորի պարագային բառացիորեն յոթ տարիներ էին, որոնց ընթացքում զրկվեց գահից: Այդ յոթ տարիները հավասար էին 84 ամիսների, այսինքն՝ աստվածաշնչյան եղանակով յուրաքանչյուր ամիսը 30 օրով հաշվելով, 2.520 օրերի: Հովհաննեսի Հայտնության 12, 6-14 հատվածում խոսվում է 1.260 օրերի մասին, նշելով “մեկ ժամանակ, երկու ժամանակներ և մեկ ժամանակի կեսը”, այսինքն՝ երեք ժամանակ ու կես: “Յոթ ժամանակները” 1.260 օրերի կրկնակին են, այսինքն՝ 2.520 օր: Եզեկիելը՝ Եհովայի հավատարիմ մարգարեն, գրում է. “Յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ” (Եզեկիել 4, 6): Կիրառելով այս կանոնը՝ 2.520 օրերը դառնում են 2.520 տարիներ: Արդ, քանի որ Երուսաղեմն իրեն մայրաքաղաք ունեցող Աստծո բուն թագավորությունը դադարեց գոյություն ունենալ Ք.ա. 607 թվականի աշնանը, հեթանոսների ժամանակները հաշվելով այդ թվականից սկսած՝ 2.520 տարիները հասնում են Ք.հ. 1914 թվականի աշնանը» (Sia Dio riconosciuto verace, 243-244):

Ի՞նչ պատասխանել: Սխալ է ինքնին մեկնակետը (607 թվականը), ինչպես նաև՝ աստվածաշնչյան մեջբերված հատվածների բացատրությունը (Դանիել 4, 10-17; Հովհաննու Հայտնություն 12, 6.14; Եզեկիել 4, 6): Հետևաբար, չի կարող ճշմարիտ լինել եզրակացությունը: Քննենք համառոտ կերպով: Ընթերցողը թող իր ձեռքում ունենա Աստվածաշունչը և քաջ կհասկանա ինքնուրույն կերպով:

 

ա) Սխալ է մեկնման տարին, այսինքն՝ 607 թվականը: Երուսաղեմը չի կործանվել 607 թվականին, այլ՝ քսան տարի հետո, (587) 586 թվականին: Այս ճշգրտումը անկասկածելիորեն հետևում է Հուդայի թագավոր Սեդեկիայի և Նաբուգոդոնոսորի թագավորության տարիների համեմատությունից:

Այդ համեմատությունները, որ ընծայում է մեզ Աստվածաշունչը և որ փաստվում են նորագույն պեղումներով ու գիտական հետազոտություններով, երկուսն են:

Առաջին. Նաբուգոդոնոսորի 7րդ տարին (Երեմիա 52, 28) և Նաբուգոդոնոսորի 18րդ տարին (Երեմիա 52, 29): Այսինքն, Երեմիա մարգարեն հաստատում է, որ Նաբուգոդոնոսորը իր թագավորության 7րդ տարում Հուդայի երկրից գերեվարեց 3.023 հրեա, ապա իր թագավորության 18րդ տարում Երուսաղեմից գերեվարեց 832 հոգի, իսկ Նաբուգոդոնոսորի թագավորության 23րդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարավ 745 հոգի: Բոլորը միասին՝ 4.600 հոգի:

Երկրորդ. Նաբուգոդոնոսորի 8րդ տարին (Թագավորների Չորրորդ Գիրք 24, 12) և Նաբուգոդոնոսորի 19րդ տարին (Թագավորների Չորրորդ Գիրք 25, 8; Երեմիա 52, 12): Այսինքն, Թագավորաց 4րդ գրքի համաձայն՝ Նաբուգոդոնոսորը Հուդայի արքա Հովակիմին ու զորականներին գերեվարեց իր թագավորության 8րդ տարում: Բոլորը միասին՝ 7.000 մարդ: Իսկ Նաբուգոդոնոսորի թագավորության 19րդ տարում Նաբուզարդան դահճապետը այրեց Երուսաղեմի Տաճարը և կողոպտեց Տաճարի ու Երուսաղեմի հարստությունները:

Ինչպես տեսնում եք, Երեմիա մարգարեի և Թագավորաց 4րդ գրքի հեղինակի նշած թվերը միմյանցից տարբերվում են մեկ միավորով. այն, ինչը Երեմիան կատարված է ասում Նաբուգոդոնոսորի թագավորության 7րդ և 18րդ տարում, Թագավորաց 4րդ գրքի հեղինակը թվագրում է 8րդ և 19րդ տարում: Հավանական պատճառն այն է, որ մի դեպքում Նաբուգոդոնոսորի թագավորությունը սկսում են հաշվել թագադրության տարին նույնպես ներառնելով (որով թվականը մեկ միավորով ավելի է), իսկ երկրորդ դեպքում թագադրության այդ տարին ևս վերագրվում է Նաբուգոդոնոսորի հորը (որով թվականը մեկ միավորով պակաս է): Համենայն դեպս, տատանումը միայն մեկ տարվա է:

Ապա տեսնում ենք, որ Նաբուգոդոնոսորի 19րդ տարին համապատասխանում է Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության 11րդ տարվան: Ահա աստվածաշնչյան հատվածը. «Քաղաքը [Երուսաղեմը] պաշարվեց մինչև Սեդեկիա արքայի թագավորության տասնմեկերորդ տարվա իններորդ ամիսը: Քաղաքում սովը սաստկացավ և երկրի ժողովուրդը հաց չուներ: [...] Բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսվա յոթերորդ օրը, Բաբելոնի արքայի պաշտոնյան՝ պահակախմբի հրամանատար Նաբուզարդանը, մտավ Երուսաղեմ, այրեց Տաճարը [...] » (Թագավորների Չորրորդ Գիրք 25, 2-3.8-9):

Հետևաբար, Երուսաղեմի կործանումը տեղի ունեցավ Սեդեկիայի թագավորության 11րդ տարվա ընթացքում, որը համապատասխանում է Նաբուգոդոնոսորի թագավորության 19րդ տարվան: Արդ, Նաբուգոդոնոսորը գահ բարձրացավ Ք.ա. 605 թվականին, ուրեմն, իր թագավորության 19րդ տարին, որում կործանեց Երուսաղեմը, Ք.ա. 586 թվականն է: 607 թվականի փոխարեն հաշվարկը 586 թվականից սկսելով, եհովականները պետք է որ քսան տարիով հետաձգեին իրենց եզրակացությունները: Բայց սա նույնպես չէր ունենա աստվածաշնչյան հիմքեր:

 

բ) Նաբուգոդոնոսորի երազը (Դանիել 4, 10-17): Ընթերցողը թող բացի Դանիելի չորրորդ գլուխը և ինքնուրույն կերպով տեսնի, թե ինչպես բովանդակությունը պարունակում է երեք իրողություն. Նաբուգոդոնոսորը պատմում է երազը (1-15), Դանիելը մեկնաբանում է (16-24), երազն իրականանում է (25-34): Ամբողջ պատմությունը վերաբերվում է միմիայն իրեն՝ Նաբուգոդոնոսորին, և ոչ մի մարգարեական կապ չունի մարդկության պատմության հետ:

«Ծառը, որ տեսել ես [...] դու ինքդ ես, ո՜վ թագավոր [...] : Վտարվելու ես մարդկային հասարակությունից և բնակությունդ լինելու է երկրի գազանների հետ, եզների նման խոտ ես արածելու և անցնելու են քո վրա յոթ ժամանակներ, մինչև որ կճանաչես, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությունների վրա և Նա է տալիս այն, ինչ կամենում է:

Նույն այդ պահին կատարվեց խոսքը Նաբուգոդոնոսորի վրա: Նա վտարվեց մարդկանց հասարակությունից, սկսեց խոտ արածել [...] » (Դանիել 4, 28-30):

Այսօրինակ տողերից անհնարին է եզրակացնել անհիմն գաղափարներ, ինչպիսիք տեսանք այս գլխի սկզբում, երբ մեջբերեցինք եհովականների գրությունը: Դանիելի գրքի չորրորդ գլխում չի խոսվում «հեթանոսների ժամանակներ»ի մասին:

 

գ) Մեծ նեղությունը (Հովհաննեսի Հայտնություն 12, 6.14): Նախևառաջ նշենք, որ Դանիելի գիրքն է արտահայտչական նյութեր տալիս Հայտնության գրքի երկու հատվածներին (Դանիել 7, 25; 8, 14; 12, 7): Դանիելի գրքում խոսվում է երեք ու կես տարիների մասին (7, 25; 12, 7), որոնք ներկայացվում են հավասար կա՛մ 1.150 օրերի (8, 14), կա՛մ 1.290 օրերի[1] (12, 11), կա՛մ էլ 1.335 օրերի (12, 12): Ուսմունքային գետնի վրա, այդ ժամանակամիջոցը նշանակում է նեղության, հալածանքի շրջան, թույլատրված՝ Աստծուց: Իրոք, մոտավորապես երեք ու կես տարի էր տևել հրեաների դեմ Անտիոքոս Չորրորդ Եպիփանի սանձազերծած հալածանքը (Դանիել 9, 27; հմմտ. 8, 13), որին ընկերացել էր Երուսաղեմի Տաճարի պղծումը (տևած երեք տարի. 167ի դեկտեմբերից մինչև 164ի դեկտեմբերը. հմմտ. Մակաբայեցիների Առաջին Գիրք 1, 57; 4, 52): Ժամանակի այդ տևողությունը դարձել էր, այդպիսով, հալածանքի խորհրդանշան:

Հայտնության գիրքը գործածում է արտահայտվելու այդ նույն եղանակը. խոսում է, հետևաբար, 42 ամիսների (11, 2; 13, 5), 1.260 օրերի (12, 6) կամ երեք ու կես ժամանակների մասին (12, 14): Այդ երեք թվերի իմաստը համարժեք է Դանիել 9, 27 հատվածի թվերի նշանակությանը. մատնանշում է հալածանքի ժամանակամիջոցը, որն այդ օրերին նեղում էր Եկեղեցուն:

Հայտնության ամբողջ գրքում խոսվում է մեկ և միևնույն հալածանքի մասին, որն հիշվում է արդեն 11, 2 հատվածում, ապա 12, 6.14 և 13, 5 հատվածներում, որն արդեն 7, 14 հատվածում անվանել էր «մեծ նեղություն»:

Այս բոլորից հստակ երևում է, որ Հովհաննեսի Հայտնության 12, 6.14 հատվածին տրված եհովական մեկնաբանությունը քմահաճո է ու սխալ: Ինչո՞ւ է Հովհաննեսի Հայտնության 12, 6.14 հատվածը կապում Դանիելի չորրորդ գլխին, ուր խոսվում է յոթ ժամանակների մասին, և ո՛չ թե Դանիելի յոթից տասներկուերորդ գլուխներին, որոնցում խոսվում է երեք ու կես ժամանակների մասին և, ինչպես Հայտնության գրքում, խոսքը վերաբերվում է հալածանքներին:

 

դ) Բայց ինքնըստինքյան արդեն անմիտ է մեկ օրվան մեկ տարվա տևողություն տալը, հիմնվելով միայն Եզեկիելի 4, 6 հատվածի վրա: Բավական է շարունակել Եզեկիելի չորրորդ գլխի ընթերցումը, համոզվելու համար, որ «մեկ օրը հավասար է մեկ տարվա» հաստատումը «կանոն» չէ, այլ՝ պարզապես տվյալ պարագային միայն հարմար արտահայտչամիջոց: Այլապես կարելի է հասնել ամբողջովին անտրամաբանական հաստատումների. օրինակ, նույն չորրորդ գլխի 10րդ տողում, այսինքն՝ միայն մի քանի տող հետո, գրված է. «Եվ կերակուրը, որ պիտի ուտես, կլինի կշռով. օրեկան քսան սիկղ»: Եթե որպես «կանոն» մեկ օրը հավասար է մեկ տարվա, խեղճ Եզեկիել մարգարեն ուտելու էր 200 գրամ կերակուր ամբողջ տարվա ընթացքում: Իսկ մի քանի պարբերություն առաջ (3, 15) կարդում ենք, որ մարգարեն մտքով հափշտակված մնաց յոթը օր, այսինքն՝ յոթ տարի՞:

Արդեն ավելորդ է նաև հիշեցնելը, որ այս հատվածներից ոչ մեկում չի խոսվում «հեթանոսների ժամանակների» մասին:

 

ե) Ընթերցողից խնդրում եմ այժմ հատուկ կերպով ուշադիր լինել ասելիքիս, որ կարևոր է և իսկույն ցույց կտա եհովական ուսմունքի խարդախությունն ու անխելքությունը:

Համարենք, թե չունենք եհովականների ուսմունքը մերժող այս փաստերը, որոնք արդեն ներկայացրեցինք: Մեջբերում եմ մի անդրադարձություն, որ կատարել է Գ. Փեյփը, մի նախկին Եհովայի Վկա, որը ներկայիս վերադարձել է Քրիստոնյա Եկեղեցու գիրկը, 30 տարի հեռու մնալուց հետո:

«Համարենք, թե Երուսաղեմը կործանվել է 607 թվականին: Համարենք, թե 2.520 օրերը հավասար են 2.520 տարիների: Համարենք, վերջապես, որ Աստվածաշնչի համաձայն՝ ամիսը բաղկացած է 30, իսկ տարին՝ 360 օրերից: Եթե հաշվում ենք այսպես, “յոթ ժամանակները” (այսինքն՝ յոթ տարիները) համապատասխանում են 2.520 օրերի: Բայց 30 օրերով աստվածաշնչյան 2.520 տարի հաշվելով, սկսած Ք.ա. 607 թվականից, չենք հասնում Ք.հ. 1914 թվականին, այլ՝ 1878ին: Այստեղ Բրուքլինի Ղեկավար Մարմինը թույլատրել է մի անուշադրություն, որը սակայն մեծ կարևորություն ունի մեր համար: 607 թվականից մինչև 1914 թվականը անցել են այո՛ 2.520 տարիներ, բայց մեր արդի օրացույցի համաձայն, որում ամիսներից  ոմանք 30 օր ունեն, ուրիշները՝ 31, իսկ փետրվարը՝ 28, և տարին ո՛չ թե 360 օրից է բաղկացած, այլ՝ 365: Հետևաբար, Եհովայի Վկաների հաշիվը սխալվում է տարեկան 5 օր, 6 ժամ, 9 րոպե և 54 վայրկյանով, որոնք 2.520 անգամ բազմապատկելով՝ ստանում ենք երեսունվեց տարի ու կես» (G. PAPE, Io ero un Testimone di Geova, Brescia 1974, p. 99) (գրքի վերնագրի հայերեն նշանակությունն է. Մի ժամանակ Եհովայի Վկա էի): Մեր ցավակցություններն ենք հայտնում եհովական հերետիկոսության ղեկավարներին այս կարևոր անուշադրությունն իրենց թույլատրած լինելու համար:

 

Եզրակացությունն, ուրեմն, այն է, որ աստվածաշնչյան հատվածներից ոչ մեկը չի հանգեցնում մեզ 1914 թվականին, որն այդքա՜ն կարևոր է եհովական հերետիկոսների համար:

[1] Աստվածաշնչի գրաբար թարգմանության համաձայն՝ 1.235 օր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։