Զ. – «Աստծո Արքայության հիմնումը 1914 թվականին» – Գրադարան – Mashtoz.org

Զ. – «Աստծո Արքայության հիմնումը 1914 թվականին»

Եհովականները հաստատում են, թե 1914 թվականին տեղի են ունեցել զանազան իրադարձություններ, որոնցից ամենակարևորը Աստծո Արքայության հիմնումն է: Տեսնենք, թե ինչպես են պատճառաբանում:

 

ա) Քրիստոսի անտեսանելի վերադարձը: Եհովական հերետիկոսության ուսմունքային ողջ համակարգում իրենց համար կարևորագույն կետերից մեկն է: Քրիստոսի փառահեղ վերադարձը, որին սպասում էին Առաքյալների ժամանակվա քրիստոնյաները (հմմտ. Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 16, 22; Հովհաննեսի Հայտնություն 22, 20; Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Թեսաղոնիկեցիներին 4, 13-5, 11), ըստ եհովականների՝ արդեն իսկ տեղի է ունեցել 1914 թվականին: Բնականաբար, այդ վերադարձը կատարվել է անտեսանելի կերպով և միմիայն եհովականներն են այն տեսել. «Ամբողջովին տրամաբանական է, որ միմիայն իր հավատարիմ հավատացյալները պետք է պատրաստակամությամբ ճանաչեին այդ վերադարձը» (Sia Dio riconosciuto verace, 185): Բայց ներողամիտ թող լինեն եհովական հերետիկոսները, Աստվածաշունչը մղում է ինձ հաստատելու, որ ամբողջովին անտրամաբանական է այս գոռոզ ինքնահավանությունը, որովհետև երբ խոսում է Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, Նոր Կտակարանը միշտ ներկայացնում է այն որպես փառավոր ու բացահայտ, որը տեսնելու են բոլորը. «Այնժամ», – Ինքը Հիսուսն է խոսում, – «երկնքում հայտնվելու է Մարդու Որդու նշանը (= Խաչը) և երկրի բոլոր ժողովուրդները ծեծելու են իրենց կրծքերը, և տեսնելու են Մարդու Որդուն, որ գալու է երկնքի ամպերի վրայով, մեծ զորությամբ ու փառքով» (Մատթեոսի Ավետարան 24, 30): «Ահա գալիս է ամպերի վրայով և ամեն ոք տեսնելու է Նրան, նաև նրանք, ովքեր խոցեցին Նրան, և երկրի բոլոր ժողովուրդները ծեծելու են իրենց կուրծքը: Այո՛, ամեն» (Հովհաննեսի Հայտնություն 1, 7): Աստվածաշնչյան այս հատվածներից պարզ երևում է, որ ո՛չ միայն Հիսուսի «հավատարիմ հավատացյալներ»ն են տեսնելու Նրան, – որոնք, համենայն դեպս, եհովականները չեն, որովհետև հավատարիմ հավատացյալ չի կարող կոչվել մեկը, ով ամեն քայլափոխի սփռում է կեղծիք ու ստախոսություն, – այլ՝ «ամեն ոք», «երկրի բոլոր ժողովուրդները», «նաև նրանք, ովքեր խոցեցին Նրան» (միայն հանձինս այս վերջինների կարելի է տեսնել եհովական հերետիկոսներին):

Ապա, – ինչը որ ամենակարևորն է, – Քրիստոսը վերադառնալու է Իր գործը ավարտելու և ո՛չ թե վերսկսելու համար: Լսենք Աստվածաշնչի խոսքերը. «Որովհետև Տերն Ինքը իջնելու է երկնքից [...]: Եվ նախ հարություն են առնելու ի Քրիստոս ննջեցյալները: Ապա մենք՝ ողջերս, փրկվածներս, Իր հետ հափշտակվելու ենք ամպերի մեջ, ընդառաջ գնալու համար Տիրոջը օդում, և այդպես միշտ Տիրոջ հետ ենք լինելու» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Թեսաղոնիկեցիներին 4, 16-17): Քրիստոսի վերադարձի ահեղ նկարագրությունը եզրափակվում է այս խոսքերով. «Եվ կգնան սրանք հավիտենական տանջանքներին, իսկ արդարները՝ հավիտենական կյանքին» (Մատթեոսի Ավետարան 25, 31-46): Քրիստոսի փառավոր վերադարձը վերջակետ է դնելու մարդկության պատմությանը: Հետևաբար, մտածելու կարողություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ 1914 թվականին ոչ մի վերադարձ էլ տեղի չի ունեցել և որ եհովականներն իզուր են սպասում 1914ին ծնվածների մահվանը, որպեսզի հասնեն «աշխարհի վախճանին», որին սպասում են հոգեկան հիվանդ Ռասըլ Մեդուզայից սկսած:

 

բ) Աստծո Արքայության սկզբի վերաբերյալ ուսուցանում են հետևյալը. «Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Հիսուսը երկրի վրա էր, ժամանակը չէր, որ Հայրը սահմանել էր արքայությունը հիմնելու համար, նույնիսկ եթե Հիսուսը փառավորվեր որպես թագավոր: Փայտի վրա մահից և մեռելներից հարություն առնելուց հետո, Հիսուսը տարվեց երկինք, այնտեղ սպասելու համար հեթանոսների ժամանակների լրմանը, որպեսզի կարողանար գահ բարձրանալ: Եղավ 1914 թվականին, սպասման ժամանակամիջոցի ավարտին, որ իրականացավ այս մարգարեությունը (Սաղմոս 110, 12) » (Sia Dio riconosciuto verace, 245): Որպես առաջին անդրադարձություն, ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մերժելով Հիսուսի աստվածությունը, եհովականներն ինչպես են ասում «Հիսուսը տարվեց երկինք», հասկացնելով, թե Հիսուսն Ինքը չէր կարող գնալ այնտեղ, այլ՝ կարիքն ուներ, որ Իրեն տանեին այնտեղ: Բայց բավական է կարդալ Գործք Առաքելոցի 1, 9-11 հատվածը, տեսնելու համար, որ Հիսուսն ինքնիշխան կերպով համբարձավ երկինք, որպես Տեր: Ինչպես նաև Մարկոս 16, 19; Ղուկաս 24, 50-51 հատվածներում հաստատվում է Հիսուսի ինքնիշխան համբարձումը և փառահեղ նստելը Հոր աջ կողմում: Հոր աջ կողմում նստելը արդեն իսկ նշանակում է ստանալ «ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա» (Մատթեոս 28, 18), նշանակում է թագավորել հավիտյան, և ուրեմն կեղծիք է եհովականության հաստատումը, թե Հիսուսը Հորից արքայությունը ստացավ միայն 1914 թվականին:

Իսկ ինչ վերաբերվում է «ժամանակների լրմանը», որը եհովականներն ինչպես միշտ հիշում են որպես «հեթանոսների ժամանակների լրումը»«1914 թվականին, սպասման ժամանակամիջոցի ավարտին», ահա ներկայացնում եմ մի քանի աստվածաշնչյան հատվածներ, պարզապես օրինակներ տալու համար: Աստվածաշնչի հանդեպ անկեղծ հարգանք ունեցող յուրաքանչյուր հավատացյալ կարող է ինքն իրեն համոզվել, որ եհովական ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա:

«Հովհաննեսի ձերբակալվելուց հետո, Հիսուսը գնաց Գալիլիա, քարոզում էր Աստծո ավետարանը և ասում էր. “Ժամանակը լրացել է և Աստծո արքայությունը մոտ է. դարձի եկեք և հավատացեք ավետարանին”» (Մարկոսի Ավետարան 1, 14-15):

«Իսկ եթե ես սատանաներին դուրս եմ հանում Աստծո Հոգու զորությամբ, ուրեմն ձեր վրա հասել է Աստծո Արքայությունը» (Մատթեոսի Ավետարան 12, 28; հմմտ. Ղուկասի Ավետարան 17, 21):

«Իսկ երբ հասավ ժամանակների լրումը, Աստված առաքեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից, ծնվեց օրենքի տակ, փրկելու համար նրանց, ովքեր օրենքի տակ էին, որպեսզի ստանայինք որդեգրությունը» (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 4, 4-5):

Ժամանակներն հասել են իրենց լրումին, երբ Աստված առաքել է իր Որդուն, այսինքն՝ Քրիստոսի ծննդյան օրից սկսած Աստծո Արքայությունը ներկա է: Մենք այդ Արքայության մեջ ենք, կամ ավելի ճիշտը՝ Աստծո Արքայությունը մեր մեջ է (Ղուկասի Ավետարան 17, 21), բայց նրա փառքն ամբողջովին վայելելու սպասման մեջ՝ մենք խոնարհաբար աղոթում ենք մեր Հորը. «Թող գա Քո Արքայությունը» (Մատթեոսի Ավետարան 6, 10):

Բայց եհովականները, իրենց բնորոշ համառ պնդագլխությամբ, այսքանով չբավարարվելով՝ հակաճառում են. «Քանի դեռ Հիսուսն իրենց հետ էր, աշակերտները հռչակում էին արքայության ներկայությունը, բայց հիշատակումներ չկան, թե շարունակեցին նույնը հռչակել նաև նրա համբարձումից հետո: Այդ ավետումը չէր կարող կատարվել մինչև Քրիստոսի վերադարձը և երկրորդ ներկայությունը» (այսինքն՝ մինչև 1914 թվականը) (Sia Dio riconosciuto verace):

Բայց կրկին, բավական է պարզապես կարդալ Գործք Առաքելոցի հատվածներից մի քանիսը, համոզվելու համար, որ իրողությունների ընթացքը ամբողջովին տարբեր է. Փիլիպպոսը Սամարիայի հավատացյալներին տանում է «Աստծո Արքայության և Հիսուս Քրիստոսի անվան բարի լուրը» (Գործք Առաքելոց 8, 12). Պողոսն ու Բառնաբասը խրախուսում են աշակերտներին, ասելով. «Բազում նեղությունների միջով է հարկավոր անցնել՝ Աստծո արքայություն մտնելու համար» (Գործք Առաքելոց 14, 21). Պողոսը հռոմեական բանտարկության երկու տարիներն անցկացնում է «ավետարանելով Աստծո Արքայությունը» (Գործք Առաքելոց 28, 31; հմմտ. 28, 23): Նույն Պողոս Առաքյալը հոգու բերկրանքով երախտագիտություն է մատուցում Հայր Աստծուն. «Նա է, հիրավի, որ ազատեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ իր սիրեցյալ Որդու արքայության մեջ, որի շնորհիվ մենք ունենք փրկությունը, թողությունը մեր մեղքերի» (Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 13-14):

 

գ) Ուսուցանում են, թե իբր 1914 թվականին սատանան արտաքսվեց երկնքից (կարծես թե մինչև այդ թվականը երկնքում էր):

«Այն ամբարիշտը (սատանան) և իր դևերի բանակները արտաքսվեցին երկնքից Ք.հ. 1914 թվականից սկսած, երբ Եհովան իր Որդուն գահ բարձրացրեց որպես թագավոր և ծնվեց նոր աշխարհի կառավարությունը» (Libertà nel nuovo mondo, 20; Il regno è  vicino, 318-319):

Աստվածաշնչին քիչ թե շատ տեղյակ անձանց համար հստակ է խաբկանքը, որովհետև «Ք.հ. 1914 թվականից սկսած» արտահայտությունը ամբողջովին հակասում է աստվածաշնչյան բազում հատվածների, որոնցում հաստատվում է, որ սատանայի հանդեպ հաղթանակը Քրիստոսն Իր անձով ու գործով իրագործեց Իր քարոզչությամբ, չարչարանքներով ու Հարությամբ: Ահա այդ հատվածներից մի քանի օրինակ.

«Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. “Տեր, դևերն էլ են մեզ ենթարկվում քո անունով”: Եվ նրանց ասաց. “Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը: Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու [...] թշնամու ամբողջ զորության վրա” » (Ղուկասի Ավետարան 10, 17-19; հմմտ. Մարկոսի Ավետարան 10, 13):

«Այժմ է այս աշխարհի դատաստանը. հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու» (Հովհաննեսի Ավետարան 12, 31; հմմտ. Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 3, 8):

Քրիստոսի հաղթանակը որպես հիմք ունենալով է, որ Պետրոս Առաքյալի ժամանակվա և բոլոր ժամանակների քրիստոնյաներս հավատքի շնորհիվ կարող ենք դիմադրել սատանայի հարձակումներին (Պետրոս Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 5, 8-9): Նույն բանն ասում է նաև Պողոս Առաքյալը (Պողոս Առաքյալի Նամակը Եփեսացիներին 6, 10-16):

Եհովական հերետիկոսները զանազան հատվածներ են մեջբերում Հովհաննեսի Հայտնության գրքի 12րդ գլխից, բայց ոչնչով չեն կարող փաստել, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1914 թվականին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։