Պատմական համառոտ ակնարկ – Գրադարան – Mashtoz.org

Պատմական համառոտ ակնարկ

Հասարակական այն երևույթը, որ ի հայտ եկավ տասնութերորդ դարի վերջում և տասնիններորդ դարի սկզբում, և որ հայտնի է «արդյունաբերական հեղաշրջում» անվամբ, ծնունդ տվեց կրոնական բազմաթիվ խմբակների, որոնք նախորդ դարում վխտում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ իրադարձությունների հետևանքում, գյուղատնտեսական քաղաքակրթությունը անհետանում էր, իր տեղը զիջելով արդյունաբերական հեղափոխությանը: Հասարակական ու քաղաքական կարգերի արմատական փոփոխությունները շատերին մղեցին կարծելու, թե հասել էին վերջին ժամանակները: Շատերն հին աշխարհի վերջում տեսնում էին «աշխարհի վախճանը»: Ոմանք կամեցան Աստվածաշնչում գտնել իրենց վախերի ապացույցը և սկսեցին Աստվածաշնչում փնտրել «աշխարհի վերջի» ճշգրիտ թվականը:

Դրանց շարքերում ամենանշանավորը եղավ Վիլիամ Միլլերը (1782-1849), որն Աստվածաշունչը ձեռքին “ապացուցում էր”, թե աշխարհի վախճանը և Քրիստոսի վերադարձը տեղի էին ունենալու 1843 թվականին: Հազարավոր մարդիկ հավաքվում էին ունկնդրելու Միլլերի “մարգարեությունները”: Անցավ 1843 թվականը, Միլլերը ուղղեց իր հաշվարկները և աշխարհի վախճանը որոշեց 1844 թվականի գարնանը: Այդ գարունը նույնպես անցավ. Միլլերը, հուսախաբ և ծաղրի առարկա դարձած, իր աշակերտների խորհրդին հետևելով, որոշեց մի ա՛յլ թվական. 22 հոկտեմբեր 1844: Վերջին հույսն էր: Եթե Քրիստոսը չվերադառնար, գալստականների (ադվենտիստների) ապագան վտանգի ու հարցականի տակ էր հայտնվելու: Միլլերի հետևորդները կրկին պատրաստվում էին Քրիստոսի հետ հանդիպմանը, որը սակայն չներկայացավ տրված ժամադրությանը: Ծաղրուծանակի ենթարկվելով, Միլլերի գալստականները բաժանվեցին զանազան խմբակների:

Չիրականացած սպասումների այդ մթնոլորտում էր, որ երևան եկավ Չարլզ Ռասըլը, Եհովայի Վկաների հերետիկոսական աղանդի հիմնադիրը:

Ծնվել է 1852 թվականի փետրվարի 15ին, Բրուքլինի մոտակայքում: Հայրը հյուսվածքեղենի վաճառական էր: Ինը տարեկանում կորցնում է մորը, որից ստացել էր բողոքական կրթություն: Ստանում է կալվինական դաստիարակություն, որը բացասական ազդեցություն է ունենում նրա արդեն իսկ հոռետես բնավորության վրա: Նրան չափազանց վախեցնում էր նախասահմանման ուսմունքը և իրեն արդեն իսկ դատապարտված էր տեսնում դժոխքի: Տասնհինգ տարեկան հասակում, Ռասըլը ընկնում է կրոնական խոր ճգնաժամի մեջ: Սկսում է քննել կրոնական զանազան հավատքները, նաև արևելյանները (իսլամ, հինդուիզմ, բուդդիզմ), բայց մնում է դժգոհ:

1870 թվականի մի երեկոյան, անցնելով մի տան մոտով, լսում է երգեր ու աղոթքներ: Ներս է մտնում. Ջոնաս Վենդելը (ադվենտիստ) քարոզում է, թե անհնարին է դժոխքի գոյությունը: Ռասըլը իրեն սփոփված է զգում, վերագտնում է Աստվածաշնչի հանդեպ հավատքը և ընկղմվում է նրա ուսումնասիրման մեջ: Բայց, ցավոք, այդ ուսումնասիրությունները կատարում է՝ գտնելու համար այն, ինչ փնտրում է, ինչ հարմար է իրեն, ինչը որ որոշ չափով կարող էր սփոփել իր խռովված ու խախտված հոգեկան վիճակը: Ուսումնասիրում էր Աստվածաշունչը ո՛չ թե Աստծո ձայնը լսելու, ճշմարտությունը գտնելու, դարձի գալու, վարքը բարեփոխելու և Աստծո կամքին համապատասխանելու նպատակով, այլ պարզապես՝ այնտեղ արդարացումներ գտնելու համար այն արարքների կամ մտածումների ու զգացումների համար, որոնք ծանրանում էին տակավին պատանի Ռասըլի խղճի վրա և նրանում ստեղծում էին դժոխքին դատապարտված լինելու համոզումը:

Ուրեմն, բողոքական միջավայրում և հոգեկան անհավասարակշիռ մթնոլորտում է առաջանում Եհովայի Վկաների հերետիկոսական շարժումը:

Նույն տարվա ընթացքում հիմնում է երիտասարդական մի խմբակ, որն անվանում է «Աստվածաշնչյան ուսանողներ»: Իրականում, այս կազմակերպությունը «Եհովայի Վկաներ» անունը ստանում է Ռասըլի մահից շատ տարիներ հետո, նրան հաջորդած Ռաթըրֆորդի օրոք, ինչպես կտեսնենք, երբ շարունակ չկատարվող մարգարեություններից հոգնած և կազմակերպությունը լքող անձերի թիվն այնքան շատ էր, որ ըստ շուկայական օրենքների՝սնանկացած կազմակերպությունը փրկելու միակ միջոցը անունը փոխելն էր և նոր շապիկով առևտրի ներկայանալը:

Այդ նույն տարիներին, Ռասըլը հանդիպում է մի անձի, որի գաղափարները դնում է իր “աստվածաբանության” հիմքում. Նելսըն Բառբըռը: Սա ձախողված Վիլիամ Միլլերի համագործակիցներից էր: 1844 թվականի մեծ հուսախաբությունից հետո, Բառբըռը մշակել էր մի նոր ծրագիր, որի համաձայն՝ Քրիստոսը գալու էր 1874 թվականին: Այդ տարին նույնպես անցավ առանց ոչինչ պատահելու և Բառբըռը մնաց դատարկ ձեռքերով. «Անհնարին է», ասում էր, «հաշվարկները ճշգրիտ են»:

Բառբըռը գրեթե համոզվել էր, որ գործել էր իր ուսուցչի՝ Միլլերի միևնույն սխալը, երբ իր գործակիցներից մեկը՝ Բ. Վ. Քէյթ, ցույց տվեց նրան Նոր Կտակարանի անգլերեն հրատարակություններից մեկը, ուր «parusia» բառը, որով Աստվածաշունչը մատնանշում է Քրիստոսի վերադարձը, թարգմանված էր ո՛չ թե «գալուստ», այլ՝ «ներկայություն»: Բառբռը դրանում տեսավ մի հնարավորություն՝ փրկելու 1874 թվականը: Ինքն իրեն և իրեն հետևող պարզամիտներին համոզեց, թե թվականը ճիշտ էր, սխալ էր միայն այն, ինչին որ սպասում էին: 1874ին Քրիստոսը վերադարձել էր, բայց որպես «անտեսանելի ներկայություն», ո՛չ թե «տեսանելի գալուստ»:

Այո՛, հերետիկոսական այս բոլոր աղանդների գաղափարները մշակվում են այսպիսի քմահաճոյական կերպով, Աստվածաշունչը վերածելով աստղագուշակության հատորի, ինչը որ բացահայտ ցույց է տալիս, որ այդ անձերը նվազագույն հարգանք անգամ չունեին հավատքի և Աստծո Խոսքի նկատմամբ, այլ այսպես ասած՝ ստեղծում էին իրենց կուսակցությունները, ապրելու միջոցներ և ամբոխի մեջ անուն շահելու համար (մոռանալով, որ Աստծո առաջ պատասխան են տալու դրա համար):

«Աշխարհի վախճանի» թվականը հորինեցին՝ մշակելով Դանիել 4, 13 հատվածի «յոթ ժամանակների» ուսմունքը: Բառբըռի համաձայն, «յոթ ժամանակները» համապատասխանում էին յոթը տարիների, յուրաքանչյուրը 360 օրով, հետևաբար՝ 2.520 օրերի: Հենվելով, ապա, ուրիշ տեքստերի վրա (որոնք կքննարկենք իրենց ժամանակին), հաստատեց, թե յուրաքանչյուր օր համազոր է մեկ տարվա: Ուստի, 2.520 օրերը հավասար սեպեց 2.520 տարիների: Քանի որ 2.520 տարիների շրջանը հաշվում էր՝ մեկնելով Ք.ա. 607 թվականից (կարծելով, թե այդ թվականին Նաբուգոդոնոսորը ավերեց Երուսաղեմը, ինչը որ, ինչպես կտեսնենք, սխալ է), հասավ Ք.հ. 1914 թվականին: Այսպիսով, «աշխարհի վախճանը» որոշեց 1914 թվականին:

1876 թվականին Ռասըլը Լոս Անջելեսում հանդիպեց Բառբըռին, որը նրան բացատրեց իր «ժամանակագրություն»ը և «անտեսանելի ներկայության» ուսմունքը: Ռասըլը ընդունեց Բառբըռի ուսմունքը: Հիսուն տարի շարունակ Եհովայի Վկաների «Դիտարանի Ընկերությունը» իր հետևորդներին քարոզեց, թե Քրիստոսի «անտեսանելի ներկայությունը» սկսվել էր 1874 թվականին, իսկ «աշխարհի վախճանը» տեղի էր ունենալու 1914ին: Հետագայում, ինչպես կտեսնենք, Եհովայի Վկաները բազում անգամներ փոփոխեցին այս թվականները, ամեն անգամ մատնվելով խայտառակումի: Բայց արդ լսենք Ռասըլի խոսքերը.

 

«1914 թվականին վերանալու է այն, ինչը որ Աստված անվանում է Բաբելոն, իսկ մարդիկ անվանում են քրիստոնեություն, ինչպես որ ցույց են տալիս մարգարեությունները»:

«Արքայության սկզբին, այսինքն՝ 1914 թվականի վերջավորությանը, իշխանության գլուխ են անցնելու Հին Կտակարանի հարություն առած սրբերը, սբ. Հովհաննես Մկրտչից սկսած մինչև Աբելը»:

 

Ինչպիսի “հանճարեղ” միտք. գնահատեցեք ինքներդ:

Տարածելու համար իր մտքերը, Ռասըլը 1879 թվականին սկսեց «Watch Tower» (Դիտարան) թերթի հրատարակումը:

Այդ օրերին են տեղի ունենում Ռասըլ ամուսինների ընտանեկան վեճերը, որոնց արդյունքում նրանք ամուսնալուծվում են: Կինը՝ Մերի Ռասըլը, ամուսնուն մեղադրում էր ամուսնական անհավատարմության մեջ: Տեսել էր Չարլզին «Դիտարան» ընկերության աշխատակցուհիներից մեկի սենյակում և լսել էր հետևյալ խոսքերը. «Ես նման եմ մեդուզայի: Լողում եմ այստեղ ու այնտեղ: Հպվում եմ սրան ու նրան: Եթե մեկը պատասխանում է, նրան վերցնում եմ. ապա թե ոչ, լողալով ուղղվում եմ դեպի ուրիշները»: Այստեղ զանց ենք առնում անդրադառնալու այն դատավարություններին, որ տեղի ունեցան՝ ամուսնալուծության և ժառանգության բաժանման համար: Երկարատև կռիվներից ու քաշքշուկներից հետո, Եհովայի Վկաների հերետիկոսության հիմնադիրը կարողացավ կիսել իր ունեցվածքներն իր (արդեն նախկին) կնոջ հետ:

Եհովայի Վկաների հերետիկոսության հետագա պատմությունը նույնպես, մինչև մեր օրերը, չդադարեց դժբախտություն տարածել ընտանիքներից ներս: Եհովայի Վկաների հերետիկոսության գլխավոր թշնամին ընտանեկան օջախն է, որը նրանք կործանում են՝ ընտանեկան սիրո բոլոր կապերը որակավորելով որպես սատանայական (օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրվա հանդեսն ու քաղցրեղենները, ընտանիքի անդամներից որևէ մեկին արյուն փոխներարկելը, նույնիսկ եթե հիվանդը մահվան վտանգի մեջ է):

Այդ օրերի թերթերը բավական խոսեցին «վերապատվելի Ռասըլ Մեդուզայի» մասին: Այդ խայտառակիչ իրադարձությունները Ռասըլին ստիպեցին իր Ընկերության կենտրոնական աթոռը Պիտսբուրգից տեղափոխել Բրուքլին:

Ռասըլը մեռավ 1916 թվականի հոկտ. 31ին, այդպես էլ չտեսնելով «աշխարհի վախճանը»: Իր կյանքի ընթացքում չհավատաց դժոխքի գոյությանը: Կարծում եմ, որ հիմա հավատում է:

 

Ռասըլի մահն իր հետևորդներից շատերին թողեց խաբված և հուսահատ, ինչը որ բնական էր: Այդպիսի մթնոլորտում, 1917 թվականի Հունվարի 6ին, ներքին ահավոր վեճերից, դատավարություններից և ուղղակի բռնություններից հետո, «Դիտարանի Ընկերության» նախագահ “ընտրվեց” Ջոզեֆ Ռաթըրֆորդը:

Ծնվել է 1869 թվականին Միսսուրիում, հողագործի ընտանիքում: Հետևում էր իրավաբանական ուսումների, բայց հայրը նրան ոչնչով չէր օգնում, որովհետև կամենում էր նրան ունենալ իր մոտ, ագարակում: Երիտասարդը նաև աշխատում էր, ուսման վարձը վճարել կարողանալու համար:

1931 թվականը պատմական կարևորություն ունեցավ այս հերետիկոսական շարժման համար: Ռաթըրֆորդը փոխեց նրա անունը: Այդուհետև չպետք է կոչվեին «աստվածաշնչյան ուսանողներ» կամ «ռասըլականներ», այլ՝ «Եհովայի Վկաներ»: Այս տեսանկյունից դիտված, Ռաթըրֆորդը կարող է համարվել Եհովայի Վկաների հիմնադիրը, որովհետև իր ընտրության արդյունքում՝ սեկտային հարողների մի մասը բաժանվեց և մինչև օրս էլ սերտում է Ռասըլի գրությունները, թշնամական կեցվածք ունենալով Եհովայի Վկաների հանդեպ:

 

Բայց ակամա մտածում եմ. «Վկաներն են ո՞ւմ, ի՞նչ բանի»: Վկան նա է, ով ինչ-որ մի փաստի ուղղակի ծանոթությունն ունենալով, այն փոխանցում է ուրիշների: Հովհաննես Առաքյալն Աստվածաշնչում գրում է. «Այն, ինչը որ տեսանք ու լսեցինք, նույնը ավետում ենք ձեզ» (Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 1, 3): Մենք՝ քրիստոնյաներս, երբեք չենք վկայում, այլ՝ ավետում ենք Քրիստոսի Հարությունը, հիմնվելով Առաքյալների վկայության վրա, որովհետև նրանք էին ականատեսները: Ո՞ւմ են վկայում Եհովայի Վկաները, ի՞նչ են վկայում Եհովայի Վկաները: Թերևս միայն մի բան. որ ճշմարիտ են Պողոս Առաքյալի խոսքերը. «Եթե որևէ մեկը ձեզ քարոզում է մեզնից լսած Ավետարանից տարբեր մի բան, թող լինի անաթեմա (= նզովված, անիծյալ) » (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 1, 9): Այո՛, վկայում են, որ ծնվել են երեկ (1879ին) և սատանայական մոլեգնությամբ, միմիայն փողի համար, մարտնչում են Քրիստոսի 2000ամյա Եկեղեցու դեմ:

 

Ռասըլի հաջորդը նույնպես “հանճարեղ” միտք ուներ: Որպեսզի քաջալերեր իր հուսահատ հետևորդներին, 1914ի չիրականացած «աշխարհի վերջը» փոխադրեց 1918ին: Բայց ամբողջովին չմերժեց իր նախորդի “մարգարեությունը”: Ըստ իր, 1914ին իսկապես հաստատվել էր Աստծո Արքայությունը, բայց ո՛չ թե երկրի վրա, այլ՝ «անտեսանելի երկինքներում»: Պատճառաբանում էր այսպես. հռոմեացիների կողմից Երուսաղեմն ավերվեց Ք.հ. 70 թվականին, բայց հրեական ապստամբությունը ավարտվեց միայն երեք ու կես տարի հետո. 73ին: Ուրեմն, հարկավոր է այդ տարիները նույնպես ավելացնել 1914ի աշնանը, ինչը որ անելով՝ հասավ 1918ի գարնանը: Բայց այդ թվականին դադարեց պատերազմը և Ռաթըրֆորդը բանտարկվեց, պատերազմի տարիներում պետության դեմ քարոզած լինելու համար: Ուրիշ ոչինչ:

Բանտից դուրս գալով, Ռաթըրֆորդը այս անգամ որոշեց 1925 թվականը: 1920 թվականին հրատարակեց աղմուկ հանող վերնագրով մի գրքույկ. «Միլիոնավոր մարդիկ, որ այսօր ապրում են, չեն մահանալու»: Նպատակն էր ցնցում (սենսացիա) առաջացնել և գովազդ կատարել (միշտ հետևելով շուկայական գործելակերպին): Ցույց տալու համար իր վստահությունը, Ռաթըրֆորդը Կալիֆորնիայում, Սան Դիեգոյում, կառուցել տվեց մի հոյակապ պալատ, որպեսզի այնտեղ հյուրընկալեր հարություն առած Աբրահամին և մյուս Նահապետներին:

Ես անձամբ չեմ հասկանում նաև, թե ինչո՞ւ հարություն առած Նահապետները պետք է Կալիֆորնիայում հյուրնկալվեին, երբ Աստծո կողմից իրենց խոստացված երկիրը Պաղեստինն է: Զարմանում եմ, թե ինչպես են չափահաս մարդիկ կուլ գնում այս խաբեություններին: Պատճառը մեկն է. իրենց աչքերով (կամ ուղեղով) չեն կարդացել Աստվածաշունչը ... :

Անցավ նաև 1925 թվականը, Նահապետները հարություն չառան, բայց պալատը դատարկ չմնաց. 1930ին այնտեղ բնակվեց ինքը Ռաթըրֆորդը, որովհետև ... Կալիֆորնիայի մեղմ կլիման նպաստում էր իր առողջությանը: (Գնահատականները թողնում եմ մտածելու կարողություն ունեցողներին):

Եհովայի Վկաներին անկեղծ հավատքով հարած անձանց հուսահատությունն ու զայրույթը վիթխարի էին: Տասնյակ հազարավոր մարդիկ վերջնականապես լքեցին աղանդը և վերադարձան Եկեղեցու գիրկը, որը 2000 տարիներ շարունակ խնամել ու հավիտենական կյանքին է հասցրել իր զավակներին, և նույնը շարունակելու է կատարել մինչև վերջ: Այս վերադարձողները եղան խելացի, որովհետև Եհովայի Վկաների հետագա պատմությունը նույնպես եղավ պատմություն ստախոսությունների ու չիրականացած սպասումների, մինչև մեր օրերը, ինչպես կտեսնենք քիչ հետո:

Ռաթըրֆորդը մեռավ 1942ի հունվարի 8ին, ինքը նույնպես չտեսնելով «աշխարհի վախճանը» ..., բայց ինքը նույնպես համոզվելով դժոխքի գոյությանը ... :

 

Ռաթըրֆորդին հաջորդեց Նաթան Քնորը, 1942ի նոյեմբերի 13ին: Ծնվել էր 1905 թվականին և անդամակցել էր Եհովայի Վկաների հերետիկոսությանը 1921ին:

Եհովայի Վկաների համար սովորական բան է “հանճարեղ” միտք ունենալը և տրվելը թվաբանական հաշվարկներին: “Մանրազննին ուսումնասիրելով” դեպքերի նշանները, Նաթանը որոշեց, որ աշխարհն իր վախճանին հասնելու էր 1975 թվականի աշնանը: Ահա իր իսկ խոսքերը.

 

«Մարդու արարումով սկսված վեց հազար տարիները վերջանալու են 1975 թվականին, իսկ մարդկային պատմության հազարամյա յոթներորդ շրջանը սկսվելու է 1975 թվականի աշնանը»:

«Ճիշտ է, անցյալ ժամանակներում եղել են ոմանք, որ կանխագուշակել են աշխարհի վախճանը, տալով նույնիսկ հստակ թվականներ: Վախճանը չի եկել: Այդ մարդիկ կատարել են կեղծ մարգարեություններ: Ինչո՞ւ: Ի՞նչ էր նրանց պակասում: Նրանց պակասում էր Աստծո ճշմարտությունը ... : Բայց ի՞նչ ասենք այսօր: Այսօր ունենք պահանջված հստակությունը, ամբողջը: Եվ ջախջախիչ է»:

 

Այդ ոմանք, որոնց Նաթանը անվանում է կեղծ մարգարեներ, իր նախորդներն էին. Ռասլը և Ռաթըրֆորդը: Ինքը, մինչդեռ, ճշմարիտ մարգարեն էր, որ ուներ «Աստծո ճշմարտությունը» և «ջախջախիչ հստակությամբ» գիտեր, որ 1975 թվականի աշնանը տեսնելու էր «աշխարհի վախճանը»: Կար միայն մի կասկած. «Արմագեդոնի ճակատամարտի» ավարտի և հազարամյա Արքայության սկզբի ճշգրիտ օրը: Բայց «խոսքը վերաբերվում է շաբաթների կամ ամիսների, ո՛չ տարիների» (Դիտարան, 01.02.1969, էջ 83):

Ոմանք, սակայն, խորհրդածում էին և, ինչը որ շատ զարմանալի է Եհովայի Վկաների մեջ, մտածում էին իրենց խելքով: Այդպիսիներից մեկն էր Ռայմոնդ Ֆրանցը, Եհովայի Վկաների Ղեկավար Մարմնի հաջորդ Նախագահի զարմիկը, որի գրքից մեջբերում ենք իր իսկ խոսքերը (այդ գիրքը գրել է Եհովայի Վկաների հերետիկոսությունը լքելուց անմիջապես հետո).

 

«Որքան ավելի էի կարդում Աստվածաշունչը, այնքան ավելի էր անտեղի թվում այդ ամբողջ ուսմունքը, որը ոչնչով չէր համապատասխանում Հիսուս Քրիստոսի սովորեցրածներին. “Ինչ վերաբերվում է այդ օրվան և այդ ժամին, ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները, ո՛չ Որդին, այլ միայն Հայրը” (Մատթեոսի Ավետարան 24, 36) »:

 

Բայց 01.02.1969 թվականի «Դիտարան»ը գրեց, թե չափազանց լրջությամբ չպետք է հասկացվեին Հիսուսի խոսքերը.

 

«Սա ժամանակը չէ Հիսուսի խոսքերի հետ խաղալու: Ընդհակառակն, ժամանակն է եռանդագին համոզվելու, որ մարդկային իրականության այս համակարգը ճեպընթաց հասնում է իր ահավոր վախճանին: Մի՛ թույլատրեք, որ խաբեն ձեզ. բավական է, որ Հայրն իմանա “այդ օրն ու ժամը” »:

 

Մեկնաբանում է Ռայմոնդ Ֆրանցը.

 

«Սա հավասար է ասելու. “Հիսուսը ասաց այս ու այս բաները, բայց դուք շատ կարևորություն մի՛ տվեք: Հիսուս Քրիստոսի ասածները չէ, որ պետք է առաջնորդեն ձեր կյանքը, այլ՝ այն, ինչ ասում է Ղեկավար Մարմինը” » (R. FRANZ, Crisi di coscienza. Un Testimone di Geova si confessa, ed. Dehoniane, Napoli 1988, pp. 284-286) (գրքի վերնագիրը հայերեն նշանակում է «Խղճի ճգնաժամ: Եհովայի մի Վկա խոստովանվում է»):

 

Անցավ նաև 1975 թվականը: Եվ ի՞նչ պատահեց: Ինքնուրույն մտածող խելացի մարդիկ, որ մինչև այդ օրը հարում էին եհովական հերետիկոսությանը, հարյուր հազարներով լքեցին աղանդը: Ահա մի քանի թվեր.

 

1973        թվական            -           77.806   մարդ
1974        թվական            -           17.232    մարդ
1975        թվական            -           117.040  մարդ
1976        թվական            -           105.693 մարդ
1977         թվական            -           126.809 մարդ
1978        թվական            -           113.845  մարդ
1979        թվական            -           87.948   մարդ
1980        թվական            -           5.683    մարդ
1981         թվական            -           7.498    մարդ

 

Ինը տարվա ընթացքում 659.354 մարդ լքել է հերետիկոսության շարքերը: Ուշադրության արժանի է այն, որ անդամների դուրս գալը սաստկացել է 1975-1979 թվականներին, Նաթանի “ջախջախիչ կերպով հստակ”, բայց այնուամենայնիվ չիրականացած “մարգարեությունների” պատճառով:

Տեղի չունեցած վախճանի համար հարկավոր էր գտնել աստվածաշնչյան մի “արդարացում”, որը Բրուքլինից հասավ 15.03.1976 թվականի Դիտարանի էջերի վրա: Ըստ Ղեկավար Մարմնի, սխալը կայանում էր նրանում, որ տարիները սկսել էին հաշվել Ադամի արարումից, մինչդեռ պետք է որ հաշվեին Եվայի արարումից սկսած: (Ծիծաղելի խեղկատակություն): Միմիայն երբ Ադամը վերջացրեց բոլոր կենդանիներին անուններ դնել, Եհովան ստեղծեց Եվային: Բայց որքա՞ն ժամանակ ծախսեց Ադամը բոլոր կենդանիներին անուններ դնելու համար: Ղեկավար Մարմինը գրում է.

 

«Չգիտենք, թե կարճ մի ժամանակամիջոց եղավ, ինչպես մեկ ամիս, կամ մի քանի ամիս, մեկ տարի, կամ դեռ ավելի: Բայց որքան էլ որ լինի այդ ժամանակաշրջանը, այդ քանակությունը պետք է ավելացնել Ադամի արարումից անցած ժամանակին, հասցնելու համար մեզ 6.000 տարիներին, մինչև Աստծո յոթներորդ օրը» (եհովական մի հրատարակությունից. Siate svegli finchèriusciate a scampare):

 

Այս «խցանումը» թույլատրում էր շահել բավական ընդարձակ ժամանակ, բայց տակավին որքա՞ն կարող էին Եհովայի Վկաները միայնակ զբոսանքի պահել Ադամին եդեմական պարտեզում: Խուսափելու համար անդամների թվի տեսակետով ուրիշ վտանգավոր կորուստներից, 1976ի ամռանը ներկայացվեց նոր բանաձևը. «Վախճանը կգա, երբ քարոզչությունը հասած կլինի իր գագաթնակետին»: Սա այն ամենաերկմիտ ու խարդախ բանաձևն է, որ երբևէ ծնվել է Ղեկավար Մարմնի սատանայական մտքում: Այսպիսով շահագործման է ենթարկվում շարքային խեղճ Վկաների գերագույն փափագը, «աշխարհի վախճանը», այն կապելով նրանց քարոզչական ճիգերին, կամ պարզ ու հասկանալի խոսքերով ասած, թե որքան գրքեր ու ամսաթերթեր կբաժանեն նրանք օրեկան, հարստացնելով Դիտարանի Ընկերությունը, առանց վիճելու, առանց պատճառաբանելու, առանց հարցումներ ուղղելու:

Ոմանք ընդդիմանում են, թե Եհովայի Վկաների հրատարակությունները շատ ավելի նվազ արժեն, քան եկեղեցական հրատարակությունները, կամ նույնիսկ, որ Եհովայի Վկաները սկզբի ամիսներին ուղղակի նվիրում են իրենց «գովազդային» գրքույկները: Պատճառը, ևս մեկ անգամ, շարքային Վկաների աշխատանքի շահագործումն է, որովհետև իրենց տպարաններում աշխատում են առանց վարձատրվելու, կամ չնչին վճարումով, զոհելով երեկոյան հանգստի ժամերը, որ պարտավոր էին իրենց ընտանեկան օջախում անցկացնել, իրենց զավակների կողքին, որոնք կարիքն ունեն իրենց ծնողների գորովին: Մինչդեռ բոլոր եկեղեցական աշխատատեղերում աշխատողները վարձատրվում են, որովհետև որևէ մեկին աշխատեցնելը պարզապես Երկնքի Արքայությունը խոստանալով, նշանակում է ստրկացնել և չարաչար շահագործել այդ բարի հոգիներին:

 

1977 թվականի հունիսի 8ին մեռավ Նաթան Քնորը (սա նույնպես չտեսնելով «աշխարհի վախճանը», բայց իր նախորդների նման համոզվելով դժոխքի գոյությանը), իր տեղը թողնելով Ֆրեդերիկ Ֆրանցին, որն իր պաշտոնին անցավ 1977ի հունիսի 22ին: Նախագահության առաջին ամիսներին Ֆրանցն իր բոլոր ուժերը կենտրոնացրեց՝ մեղմացնելու համար այն խոր ճգնաժամը, որ ծանրացել էր սեկտայի վրա: Բացի անդամների քանակի նվազումը, 1975ի հուսախաբությունը բանավեճեր էր առաջացրել նաև Ղեկավար Մարմնի ներսում: Հարկավոր էր ճշտել, թե որն էր այն «սերունդը», որի մասին խոսվում է Մատթեոսի Ավետարանի 24, 34 հատվածում. «Այս սերունդը չի անցնելու, մինչև այս բոլորը չիրականանա»:

Եհովական մեկնաբանողները գրում էին, թե խոսքը վերաբերվում էր 1914ի սերնդին: Այսինքն, «աշխարհի վախճանը» տեսնելու էին բոլոր նրանք, ովքեր 1914ին ի վիճակի էին հասկանալու այդ տարվա “իրադարձությունները”: 1975ից հետո երկարաձգվեցին սպասման ժամանակները. «այդ սերնդի» անդամները այդուհետև միայն նրանք չէին, ովքեր կարող էին հասկանալ 1914ի “իրադարձությունները”, այլ՝ բոլոր նրանք, ովքեր կարող էին «տեսնել» այդ “իրադարձությունները” (Դիտարան, 01.04.1979):

15.04.1981 թվականի Դիտարանը ավելի ընդարձակեց հորիզոնները, ճշտելով, որ տասը տարեկան հասակում արդեն որոշ դեպքեր մնայուն հետքեր են թողնում հիշողության մեջ: Ուստի, մինչև որ 1914 թվականին ծնվածները բոլորը չմահանան, տրամաբանական է տակավին սպասելը:

1914 թվականի խնդրի լուծմանը Ղեկավար Մարմինը հատկացրեց 1980 թվականի Մարտի 5ի նիստը: Ղեկավար Մարմնի անդամներից  ոմանք (Ռոբերտ Շրոյդըր, Քարլ Քլայն և Գրենտ Սուիթըր) առաջարկեցին Մատթեոս 24, 34 հատվածի «սերունդը» նկատել այլևս ոչ թե նրանց, ովքեր ծնվել էին 1914ին, այլ՝ նրանց, ովքեր ծնվել էին 1957ին: Աստվածաշնչյան հիմքը “կարող էր” լինել Մատթեոս 24, 29 հատվածը. «Արևը խավարելու է, լուսինն այլևս չի տալու իր լույսը, աստղերն ընկնելու են երկնքից և երկնային զորությունները վրդովվելու են»: Շրոյդըրն ու մյուսները առաջարկում էին կապել այս հատվածը 1957ին «Սպուտնիկ» տիեզերանավի արձակմամբ սկսված տիեզերական դարին: Այդպիսով կշահեին ավելի քան 43 տարի, 1914ի համեմատ: Առաջարկը մերժվեց: Այնժամ Քլայնը առաջարկեց հետևել արդեն մի քանի անգամ կիրառված գործելակերպին, այսինքն՝ մի որոշ ժամանակի համար պարզապես լռել որոշակի ուսուցումների շուրջ, այնպես՝ որ եթե կարիքը զգացվեր փոխելու ինչ-որ մի բան, չէր առաջանա ոչ մի հակազդեցություն: Բայց այս առաջարկը նույնպես մերժվեց: Մեծամասնությունը կողմ էր շեշտելու և դուրս ցայտեցնելու, ինչպես որ սովոր էին, 1914 թվականը:

Հաղթական ելավ Լլոիդ Բերրիի՝ Ղեկավար Մարմնի ամենապահպանողական անդամներից մեկի առաջարկը, որի համաձայն «Ռուսաստանում կան անձինք, որ ապրում են մինչև հարյուր երեսուն տարեկան և դեռ ավելի», ինչը որ թույլատրում է «աշխարհի վախճանը» տեղափոխել Երկուհազար թվականից այն կողմ:

Առայժմ այս գաղափարը տիրապետողն է և ով որ համարձակվում է կասկածել, թե 1914ի սերունդը տեսնելու է աշխարհի վախճանը, արտաքսվում է կազմակերպությունից (երանի՜ իրեն): Սակայն անհնարին չէ, որ վաղ կամ ուշ այս ուսուցումը նույնպես ենթարկվի փոփոխությունների, ինչպիսին եղավ պարագան եհովական ուրիշ շատ (չասելու համար՝ բոլոր) ուսուցումների: Եհովական հերետիկոսության գոյության հարյուր տարիների ընթացքում իրենց ուսմունքի մեջ կատարված այս բազում փոփոխությունները Ղեկավար Մարմինը բացատրում է «նավավարական հնարքների» տեսությամբ, որը ներկայացված է 01.06.1982 թվականի Դիտարանի էջերում, ներշնչված՝ տեսություն-ընդդիմություն-եզրակացություն հեգելյան սկզբունքից (թեզ-անտիթեզ-սինթեզ): Ինչը որ կատարվում է այսպես.

ա) Սահմանվում է այսօրվա “ճշմարտությունը” (տեսություն): Բայց հետո, ժամանակի ընթացքում, բացահայտվում է, որ այդ “ճշմարտությունը” ունի որոշ թերություններ կամ պակասություններ:
բ) Հայնժամ որդեգրվում է ամբողջովին հակառակ, նոր “ճշմարտությունը” (ընդդիմություն): Հետագայում պարզվում է, որ սա նույնպես չի ներկայացնում ամբողջ “ճշմարտությունը”:
գ) Վերջավորության, վերցնում են երկու տեսակետներում ներկա վավերական գծերը (եզրակացություն):

Բնականաբար, Ղեկավար Մարմինը իր հետևորդներին չի բացատրում, որ խոսքը վերաբերվում է Հեգելի փիլիսոփայությունից ներշնչված սկզբունքներից մեկին (որովհետև դատապարտում են բոլոր ուսումները, հատկապես՝ փիլիսոփայությունը, որպես սատանայական: Նպատակը շատ հասկանալի է: Տգետ ամբոխների վրա իշխելը շատ հեշտ է: Այս պատճառով են եհովական ծնողներին համոզում դպրոց չուղարկել իրենց երեխաներին), այլ՝ գործածում է «նավավարական հնարքներ» արտահայտությունը: Ահա այդ հնարքներից մեկը որպես օրինակ: Բարոյական նկարագրի մի “ճշմարտություն”. մարմնի անդամների փոխպատվաստումը:

ա) 1963 թվական: Փոխպատվաստումն օրինավոր է, որովհետև այս հարցի շուրջ աստվածաշնչյան ոչ մի սկզբունք չկա (Դիտարան, 15.03.1963):
բ) 1968 թվական: Փոխպատվաստումն ապօրինի է, վայրագության արարքներից մեկն է: Կան աստվածաշնչյան հիմքեր՝ այն դատապարտելու համար (Դիտարան, 15.03.1968):
գ) 1980 թվական: Փոխպատվաստումն օրինավոր է, պահպանելով որոշ զգուշություններ (Դիտարան, 01.09.1980):

 

Բայց ի՞նչ պատճառներից մղված՝ մի “ճշմարտություն” կարող է հնարքներ բանեցնել: Քանի՞ Վկա է մահացել մինչև 1980 թվականը, մերժելով մարմնի անդամների (սրտի, երիկամների, լյարդի և այլն) փոխպատվաստումը կամ արյան փոխներարկումը, որն ապօրինի էր 1968ին և օրինավոր դարձավ 1980ին: Ո՞ւմ ուսերին է ծանրանում բարոյական ու մարդկային պատասխանատվությունը այնպիսի ընտրությունների համար, որոնք խաղի տակ են դնում մարդկային հազարավոր կյանքեր:

«Նավավարական հնարքներ» բանեցնելով՝ փոփոխության են ենթարկել նաև Ադամի արարման թվականը: Սկզբում Ք.ա. 4.126 թվականն էր, ապա եղավ 4.026ը: Երբ անցավ 1975 թվականը և եհովականների հարյուրերորդ հուսախաբությունը, Ղեկավար Մարմինը սկսեց նորից «հնարքներ» բանեցնել և բացահայտեց, որ 6.000 տարիները անցել էին, բայց Ադամի և ո՛չ թե Եվայի ստեղծումից: Որքա՞ն երկարատև էր այդ միջոցը: Ամիսներ, ավետեց սկզբում: Իսկ հետո, «հնարքներ» բանեցնելով, տարիներ:

Բայց ուրեմն ի՞նչ է մնում եհովական հերետիկոսությունից, եթե ամեն բան կարող է փոփոխվել: Իրականում՝ ոչինչ: Ո՞րն է, ուրեմն, Եհովայի Վկաների հիմնական, բացարձակ և անփոփոխելի ճշմարտությունը: Կարող է հակասություն թվալ, բայց հետևյալն է. Ղեկավար Մարմինը և միմիայն Ղեկավար Մարմինն է միշտ իրավացի:

Իսկ Աստվածաշո՞ւնչը:

Աստվածաշունչն ուրիշ բան չէ, այլ միայն գործիք Ղեկավար Մարմնի ձեռքերում: Միայն Աստվածաշունչը ոչինչ չարժե եհովականների համար: Ավելին, Աստվածաշունչը վնասակար է, որովհետև այն առանց Ղեկավար Մարմնի առաջնորդության ընթերցելով՝ վտանգն է ստեղծվում «վերստին ընկնելու ավանդական Քրիստոնեության ուսմունքի մեջ» և թավալվելու “խավարի” մեջ. «Երբեմն երբեմն, Եհովայի ժողովրդի շարքերում երևան են գալիս ոմանք, որոնք ինչպես սկզբնական Սատանան, որդեգրում են մտածելու քննողական և անկախ մի կերպ [...], ասելով, թե բավական է միայն Աստվածաշնչի ընթերցումը միայնակ կամ փոքրիկ խմբակներով: Բայց զարմանալի բան. իրենց այդ աստվածաշնչյան ընթերցման պատճառով վերադառնում են այն ուսմունքին, որից հեռացել էին և որը Քրիստոնեության եկեղեցականներն ուսուցանում էին հարյուր տարի առաջ» (Դիտարան, 15.08.1982): Բայց եթե ճիշտ է, որ ավանդական Քրիստոնեության ուսուցումները հաստատվում են միայն Աստվածաշնչի ընթերցանությամբ, մինչ եհովականներինը կարիքն ունեն այլևայլ հրատարակությունների, սա կայծակնային ապացույցն է, որ ավանդական Քրիստոնեությունը ներդաշնակ է Աստվածաշնչի հետ, մինչ «Դիտարանի Ընկերության» ուսուցումները պտուղն են մարդկային խեղկատակությունների ու ... խարդախությունների:

1979 թվականը եղավ ծանր ճգնաժամի տարի: Ղեկավար Մարմնի անդամներից մեկը՝ Ռայմոնդ Ֆրանցը, նախագահ Ֆրեդերիկ Ֆրանցի զարմիկը, կասկածի տակ դրեց 1914ի իմաստը և Դիտարանի Ընկերության ուսուցումներից ուրիշ շատերը: Նախ հեռացվեց Ղեկավար Մարմնից, ապա ամբողջովին արտաքսվեց հերետիկոսության շարքերից: Ռայմոնդ Ֆրանցի գրած «Խղճի ճգնաժամ: Եհովայի մի Վկա խոստովանվում է» գիրքը, որից արդեն մեջբերեցինք, բավական օգտակար եղավ հերետիկոսության դիմակազերծման համար:

2000 թվականից աղանդի ղեկավարն է Ալդեն Ադամսը: Կամաց կամաց իր առջև ճանապարհ է բացում Ալբերտ Շրոյդըրի կողմից բանաձևված գաղափարը, ըստ որի՝ «սերունդը, որ չի անցնելու» Քրիստոսի վերադարձից առաջ, բաղկացած է բոլոր նրանցից, ովքեր զգում են իրենց “օծյալ”: Իրականում, այս նոր տեսությունը պահանջում է, որ Արմագեդոնի պատերազմի բռնկման օրը գեթ մեկ “օծյալ” լինի երկրի վրա: Բայց քանի որ ամեն տարի նորանոր եհովականներ իրենց խախտված մտքերում լսում են (սատանայի) ներքին ձայնը, որը վկայում է, թե իրենք պատկանում են “օծյալների” խմբին, այս ուսմունքը թույլատրում է “մարգարեության” կատարումը հետաձգել անսահմանափակ անգամներ, անսահմանափակ ժամանակով:

 

Կարծում եմ, թե այսքանը արդեն բավական է այս հերետիկոսության պատմությանը ծանոթանալու համար, ինչպես նաև հասկանալու համար, որ եհովականների մոտ չկա ճշմարտության և ո՛չ իսկ մի ճառագայթ, և ո՛չ իսկ մի նշույլ: Բայց հարցերն առավել ըմբռնելի դարձնելու նպատակով, այժմ անցնում եմ քննելու նրանց ուսմունքի առանձին կետերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։