ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ – Գրադարան –

ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Աստվա՜ծ խաղաղության, Քո երկնային Սուրբ Խորանի շուրջը հավաքված են հոգիները բոլոր նրանց, ովքեր պատերազմներից ետ չեն վերադարձել, որովհետև ընկել են ռազմի դաշտում կամ գերության մեջ։
Քո երկնային Սուրբ Խորանի շուրջը հավաքված են նաև հոգիները բոլոր նրանց, ովքեր Զինված Ուժերում իրենց ծառայությունը կատարելիս վեհանձն առաքինության ու եղբայրսիրության հերոսական վկայություններ են տվել նաև խաղաղության ժամանակ։
Քեզ, ո՜վ Աստված, համայն տիեզերքի Արարչիդ և բոլոր բարիքների Տվողիդ ենք ուղղում մեր սրտանց աղոթքը։
 
Ո՜վ Տեր, ընդունի՜ր մեր այս աղոթքը. Դու, որ պահպանում ես կենսալի այն ուժերը, որ ճառագում են բոլոր հերոսներից. Դու, որ բարի Հայր ես և որ մերժում ես որևէ գաղափարական մերժող բռնությունը. Դու հասկացնում ես մեզ բոլորիս, – մեզ, որ ապրում ենք ազատության մեջ, որը որպես ժառանգություն ստացել ենք ի գին մեր բազում եղբայրների ու քույրերի ինքնազոհության, – որ ազատությունը մի բարիք է, որ հարկավոր է պահպանել ու պաշտպանել յուրահատուկ զգոնությամբ։
Ո՜վ Տեր, վերարթնացրու մեր մեջ ճշմարիտ արդարության գիտակցությունը, և այնպես արա՛, որ մեր ցավը մեզ զգայուն դարձնի ուրիշների ցավի նկատմամբ, հատկապես տառապանքի նկատմամբ մեր այն հայրենակիցների, որոնք ծանր վիրավորվել կամ անդամահատվել կամ անդամալուծվել են պատերազմների ժամանակ։ Հիշի՜ր ու զորավիգ եղի՜ր նաև նրանց, ովքեր անմեղ զոհեր են ունեցել քաղաքացիական բնակչության մեջ, ընտանիքներին, որ կորցրել են իրենց տներն ու ողջ ունեցվածքը և հարկադրաբար բռնել են գաղթականության ճանապարհը։
Ո՜վ Տեր մեր, թույլ չտաս, որ չորանան – անհատների սրտում, ընտանիքներում և հասարակության մեջ – սիրո աղբյուրները. այն սիրո, որ մղել ու դեռ մղում է վեհանձն սրտերը՝ ընդունելու նաև սեփական կյանքի զոհաբերումը։
Ո՜վ Տեր, ների՜ր մեր մեղքերը, որոնք շա՜տ հաճախ խեղդում են մեզ ճղճիմության ճահճում, և շնորհի՜ր մեզ Քո սուրբ առաքինությունները, որոնց գործադրմամբ մեր Հայրենիքը կարող է համերաշխության օրինակ դառնալ, որպեսզի կարողանանք մեր դաշնակից ա՛յլ ժողովուրդների հետ արդյունավետ կերպով գործակցել կերտմանը խաղաղության այն աշխարհի, որը Դու խոստացել ես բարի կամքի տեր մարդկանց։
Ո՜վ բարեգութ Տեր, շնորհի՜ր մեզ շուտով տեսնել Հայաստանը լիովին ազատ, անկախ ու միացյալ։ Մեր այս Հայաստան Աշխարհը, որ դարեր շարունակ թատերաբեմն է եղել անդադար պատերազմների, թող որ մեկնակետը լինի համաշխարհային խաղաղության պահպանման համար։
 
Ո՜վ Մարիամ, Մայր մեր սիրելի և հույս մեր, մայրական սիրովդ գթա՜ մեզ։
Ո՜վ Անարատ Մայր և Կույս, դու, որ Մայրն ես հրեշտակային զորքերի Աստծո, օգնականն ես քրիստոնյա ժողովրդի, ապաստանն ես մեղավորների. դու, որ ոտքերիդ տակ ճզմեցիր վաղեմի օձի՝ սատանայի գլուխը, և հաղթեցիր Եկեղեցու բոլոր թշնամիներին. դու, որ արժանացար Հաղթանակների Թագուհի տիտղոսին. եղի՜ր նաև քրիստոնյա զինվորների Թագուհին, արթուն պաշտպանը եղի՜ր նրանց Հավատքի, նրանց Պատվի, նրանց Կյանքի։ Ուղարկի՜ր պահապան հրեշտակների զորքերը և ազատի՜ր նրանց բոլոր վտանգներից, անշուշտ՝ մեր Աստծո բարեխնամ կամքի համաձայն, Ով ավելի լավ գիտի մեզնից յուրաքանչյուրի բարիքը։ Մայր Աստծո և Մայր մարդկանց, ահա՛ զավակներդ քո առաջ են, հոգով ու սրտով ծնկի եկած։ Ընդունի՜ր մեր աղոթքը և մայրական օրհնությունդ առատ տարածի՜ր բոլորիս վրա։
 
Հայր մեր, որ երկնքում ես,
թող սրբացվի՜ Քո Անունը.
թող գա՜ Քո Արքայությունը.
թող Քո կամքը կատարվի՜
երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։
Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.
և ների՜ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին.
և մի՛ լքիր մեզ փորձության պահին,
այլ՝ ազատի՜ր մեզ չարից.
քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
 
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։
Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։
Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։
 
( « Ողջո՜ւյն քեզ »ը կրկնել 3 անգամ )
 
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։