ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ – Գրադարան –

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ո՜վ Մայր բարեգութ, Ամենասրբուհի Կույս Մարիամ, ունկն դի՜ր մեր խոնարհ ու բոցավառ աղերսանքին։
 
Մեր փառավոր բանակը կազմող տարբեր միավորումների մեր Զինվորներին, որ ամեն բան անում են Հայրենիքը պաշտպանելու համար, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Օդում բազմաթիվ վտանգների մեջ թռչող Օդաչուներին, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Պաշտպանության բանակի՝ Հայաստանի սահմանները պահպանող Սահմանապահներին, որ առաջին հարվածներն են իրենց վրա կրում, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Անդադար որոտացող թնդանոթների մոտ կանգնած Հրետանավորներին, մինչ թշնամին կցանկանար ոչնչացնել նրանց, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Հակաօդային պաշտպանության միավորումների, հրասայլերով ու զրահամեքենաներով մարտնչողների, հակառակորդի առաջխաղացմանը խոչընդոտող մասնագետների, հետախույզների, հետևակայինների, և բանակային բոլոր միավորումների Զինվորներին, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Անվեհեր ու սառնասիրտ Սպայակազմին, որ պատերազմական թոհուբոհի մեջ անգամ պայծառ մտքով ղեկավարում է բանակի գործողությունները, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Մեր բոլոր Զինծառայողներին ու Կամավորականներին, որ մարտնչում ու իրենց սեփական կյանքը վտանգի են ենթարկում հանուն Հայաստանի ազատության ու արժանապատվության, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Բոլոր Վիրավորներին, որ խոցված ընկնում են ճակատամարտի դաշտում, ցավագար տառապում ու օգնություն են ակնկալում, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Բոլոր Բուժվողներին ու Վիրահատվածներին, և Մահամերձներին, որ պառկած են հիվանդանոցներում և ապաքինման կամ մահվանն են սպասում, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Հայրենիքի համար զոհված մեր բոլոր Զինվորների հոգիներին, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Պատգարակներով վիրավորներ կամ զոհվածներ տեղափոխող Զինվորներին, հիվանդանոցներում նվիրումով աշխատող Բժիշկներին ու Հիվանդապահներին, բժիշկներին օգնող Քույրերին ու Եղբայրներին, զորքերում հոգևոր սպասավորություն իրականացնող քաջարի Քահանաներին, որ աստվածային ոգեշնչում են տանում մեր Զինվորներին, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Մեր դժբախտ Գերիներին, որ տառապում են սոսկալի միայնության մեջ, առանց հարազատներից ու Հայրենիքից լուր ունենալու, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Արցունքների ծովում խեղդվող Այրիներին ու Որբերին, եղբորը կորցրած Քույրերին, փեսացուին կորցրած Հարսնացուներին, իրենց հայրերի համար աղոթող ու աղերսող Զավակներին, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
Մեր քրիստոնյա Հայրենիքն ու Ազգը, որի միակ ցանկությունն իր զավակների երջանկությունն է և այդ նպատակի համար է հաղթանակ ու խաղաղություն ակնկալում, – պահպանի՜ր նրանց, ո՜վ Մարիամ, Մայր բարեգութ։
 
Ո՜վ Մարիամ, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մայր, քրիստոնյա ժողովրդի փառք ու ապավեն, օրհնյա՜լ եղիր, որովհետև երբեք չես մերժել օգնության հասնելու նրանց, ովքեր դիմում են քեզ։ Օգնությա՜ն հասիր մեզ, և թող որ պատերազմի արհավիրքը դադարի, թշնամիները փախչեն և նրանց պատերազմի դրդող սատանան ու իր դևերն էլ հեռացվեն քո անտեսանելի աջով։ Եվ ո՞վ կարող է մխիթարել մեզ մեր տառապանքների ու վշտի մեջ, եթե ո՛չ միայն դո՛ւ, ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, որ Եկեղեցու կողմից հռչակվել ես Ապաստան մեղավորների և Մխիթարություն վշտահարների։
 
Գիտակցում ենք, Մա՜յր սիրելի, որ մեր բազմաթիվ մոլություններով ու շարունակական մեղքերով մենք արժանի չենք կրելու քրիստոնյայի՝ Քրիստոսի հետևորդի վեհ անունը, քանի որ խիստ բազմաթիվ անգամներ պղծել ենք այդ սուրբ անունը՝ ստրկանալով տարատեսակ մեղքերի, որոնցից ամենասարսափելի ոճիրը մեր իսկ ձեռքերով մեր իսկ զավակներին սպանելն է, երբ նրանք դեռ մայրական արգանդում նոր-նոր սկսում են կյանքի ընթացքը։ Ծանր կերպով մեղանչել ենք կյանքի դեմ, և այդպիսով անասելի ցավ ենք պատճառել Հիսուսի պաշտելի Սրտին և քո իսկ մայրական Անարատ Սրտին։ Անկեղծ սրտով զղջում ենք մեր մեղքերի համար, խոնարհվում ենք հոգով, սրտով ու մտքով, և խոստովանում ենք, որ իրոք ամեն տեսակ արդար դատաստանի ենք արժանացել Աստծո Արդարության առաջ։ Խոստանում ենք, որ ամեն ջանք կգործադրենք՝ այսուհետև առավել հավատարիմ լինելու Աստծուն, ապրելու առաքինի ու եղբայրասեր կյանքով, և հատկապես՝ հրաժարվելու մեր զավակների անմեղ կյանքը մայրական արգանդում սպանելու դժոխային ոճիրից։ Խոստանում ենք և Աստծո օգնությամբ կկատարենք։
 
Արդ, բարեգութ Մայր, ընդունի՜ր մեր աղաչանքը և օգնության հասի՜ր մեզ այս ցավերի մեջ, որոնցով տակնուվրա է եղել մեր գոյությունը։ Կարեկցանք դրսևորի՜ր տառապող հիվանդների, չարչարվող աղքատների, վտանգված ճամփորդների, նեղության մատնված գերիների, մարտնչող զինվորների, վերջին պայքարը մղող մահամերձների, և ընդհանրապես բոլոր-բոլոր կարիքավորների հանդեպ, և բոլորին պարգևիր սփոփանք ու մխիթարություն՝ առաջնորդելով նրանց հավիտենական փրկության ճանապարհի վրա։
 
Հայր մեր, որ երկնքում ես,
թող սրբացվի՜ Քո Անունը.
թող գա՜ Քո Արքայությունը.
թող Քո կամքը կատարվի՜
երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։
Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.
և ների՜ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին.
և մի՛ լքիր մեզ փորձության պահին,
այլ՝ ազատի՜ր մեզ չարից.
քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
 
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։
Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։
Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։
 
( « Ողջո՜ւյն քեզ »ը կրկնել 3 անգամ )
 
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։