ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՇՆՈՐՀԱՏՈՒ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՇՆՈՐՀԱՏՈՒ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Ո՜վ Տեր իմ Հիսուս, քանի՜ցս անհրաժեշտ է ինձ Սուրբ Սրտիդ շնորհը՝ բարին սկսելու, շարունակելու և մինչև վերջ կատարելու համար: Որովհետև առանց Սուրբ Սրտիդ շնորհի ես չեմ կարող անել ոչինչ, մինչ ամեն բան կարող եմ Քեզնում, շնորհիդ օգնությամբ: Ո՜վ Սուրբ Սրտի շնորհ իրոք երկնային, առանց որի մեր արժանիքները ոչինչ են, և բնական ձիրքերը նույնպես՝ անարժեք: Առանց Սուրբ Սրտի շնորհի, Տե՜ր, ոչինչ են Քո համար արվեստը, հարստությունները, գեղեցկությունը, ուժը, տաղանդն ու պերճախոսությունը: Որովհետև բնական ձիրքերը տրված են և՛ բարիներին, և՛ չարերին. մինչդեռ ընտրյալներիդ յուրահատուկ ունակությունը Սուրբ Սրտիդ շնորհն է, այսինքն՝ գերմարդկային, աստվածային սերը, և նրանք, ովքեր զարդարվում են այս պարգևով, արժանի են սեպվում հավիտենական կյանքին: Այնքան գերազանց է Սուրբ Սրտիդ շնորհը, որ ո՛չ մարգարեության, ո՛չ հրաշագործելու, և ո՛չ էլ ամենավերասլաց հայեցողության պարգևները ոչինչ չարժեն առանց նրա: Եվ նմանապես հավատքը, հույսը և մյուս բոլոր առաքինություններն ընդունելի չեն Քեզ առանց սիրո և շնորհի:

Ո՜վ Սուրբ Սրտի սրբաօծ շնորհ, որ առաքինություններով հարստացնում ես հոգով աղքատին և երկնային բազում բարիքներով լիացնում ես սիրտը խոնարհի: Ե՜կ, հեղվի՜ր նաև իմ վրա, հագեցրո՜ւ ինձ Քո մխիթարություններով, որպեսզի հոգիս չնվաղի՝ հոգնությունից ու ցամաքությունից սպառված: Տե՜ր իմ, թող ծառադ շնորհ գտնի Քո առաջ. «շնորհդ բավական է ինձ» (2Կր 12, 9), եթե նույնիսկ բնությունս գոհացնող ոչինչ էլ չստանամ: Եթե փորձվեմ և տառապեմ ընդմեջ զանազան նեղությունների, չեմ սարսափի ոչ մի չարիքից, երբ զինակիցս Սուրբ Սրտիդ շնորհն է: Նա՛ է իմ զորությունը, նա՛ է տալիս ինձ խորհուրդ և օգնություն. ավելի հզոր է, քան բոլոր թշնամիները, և առավել իմաստուն, քան գիտունները բոլոր: Նա՛ է ճշմարտությունն ուսուցանողը, կանոնապահության կրթողը, սրտի լույսը, նեղություններում մխիթարողը, տրտմությունը հալածողը, երկյուղներում խաղաղեցնողը, բարեպաշտությունը սնուցողը և սրտահոս արցունքների ակունքը: Եվ ի՞նչ եմ ես առանց Սուրբ Սրտիդ շնորհի, եթե ո՛չ միայն՝ ցամաք փայտ և տատասկ անպիտան, կրակ նետվելիք: Թող որ ուրեմն Սուրբ Սրտիդ շնորհը, Տե՜ր իմ, միշտ զորակցի ինձ և օգնի, մղի կատարելու գործեր գեղեցիկ ու բարի։

Ամեն:

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։