ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԻՆ

Ահա՛ Աստվածն իմ և իմ ամեն ինչը: Ավելի դեռ ի՞նչ եմ ուզում, տակավին ի՞նչ կարող եմ փափաքել, որ լինի լավագույն: Ո՜վ ախորժալուր ու քաղցրանույշ խոսք. բայց այսպիսին նրանց համար միայն, ովքեր Հիսուսին են սիրում, և ո՛չ թե՝ աշխարհն ու աշխարհայիններին:

Աստվա՜ծ իմ և ամենայն ինչ իմ:

Հասկացողի համար բավական է ասվածը, և հաճելի է, սիրողի համար, կրկնել այն հաճախ: Երբ Դու ներկա ես, Աստված իմ, ամեն բան զվարթադեմ է. երբ բացակա ես, ամեն բան վերածվում է ձանձրույթի: Դու հանդարտեցնում ես սիրտը, սփռում ես նրանում անծայրածիր խաղաղություն ու զվարթություն հոգեթով: Քեզնում է ամեն բան գտնում իր իրական իմաստը, Դու ես պարգևում ամեն ինչի համար Քեզ օրհնելու շնորհը, առանց Քեզ ոչինչ չի կարող հաճելի լինել տևական կերպով: Որպեսզի ինչ որ մի բան լինի ձգիչ ու հաճելի, հարկ է, որ ներծծված լինի շնորհովդ, և համեմված՝ իմաստությամբդ:

Ով ճաշակում է Քեզ, զգում անուշությունը Քո Սուրբ Սրտի, գտնում է քաղցրություն ամեն ինչում։ Ով չի ճաշակում Քեզ, ով համարում է Քեզ անհամաձայն իր ճաշակներին, ինչո՞ւմ արդյոք կկարողանա գտնել իր հանգիստը: Աշխարհի իմաստունները բավական հեռու են Քո իմաստությունից:

Ո՜վ Լույս հավիտենական, որ գերազանց ես, քան բոլոր լույսերն արարված, շողարձակի՜ր ի վերուստ ճառագայթ մի պայծառափայլ, որ ներթափանցի մինչև սրտիս խորին ծալքերը: Մաքրագործի՜ր, բերկրանքով պատի՜ր, լուսավորի՜ր ու կենագործի՜ր հոգիս իր ամբողջ կարողությամբ, որպեսզի միանա Քեզ սրբաօծ հափշտակությամբ:

Ա՜հ, ե՞րբ է գալու այն երանելի ու սպասված ժամը, որում կհագեցնես ինձ ներկայությամբդ և կլինես իմ համար ամեն ինչ ամեն ինչում: Քանի դեռ սա չունեմ, լիովին երջանիկ չեմ:

Բայց Դու, Աստվա՜ծ իմ, ցո՜ւյց տուր, աղաչո՜ւմ եմ Քեզ, մեծագործություններդ և թող փառավորվի Սուրբ Սրտիդ սերը: Որովհետև ա՛յլ հույս կամ ապաստան չունեմ, եթե ոչ միայն Դու, Տեր Աստված իմ:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։