ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՍԻՐՈ ԱԿՈՒՆՔԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՍԻՐՈ ԱԿՈՒՆՔԻՆ

Արդ խոսելու եմ կրկին, Տե՜ր իմ, և չեմ մնալու լուռ: Բարձունքներում բազմող Տիրոջս ու Թագավորիս ու Աստծուս կամենում եմ ասել. «Քանի՜ցս զեղուն է, Տե՜ր, Անունիցդ երկնչողներին վերապահված քաղցրությանդ առատությունը» (Սղմ 30, 20): Ուրեմն, դեռ ինչե՞ր ես պատրաստել նրանց համար, ովքեր սիրում են Քեզ և Քեզ սրտանց ծառայում: Իսկապես անճառելի է քաղցրությունը, որ բխում է Սուրբ Սրտիցդ շողարձակող լույսը տեսնելուց, և որ պարգևում ես Քեզ սիրողներին միայն: Ահա սրանով ցույց տվեցիր ինձ քաղցրությունը Քո սիրո. գոյություն չունեի և ստեղծեցիր ինձ: Ապա, մինչ թափառում էի Քեզնից հեռու, Դու վերստին մատնանշեցիր իմ առաջ ուղիղ ճանապարհը և առաջնորդեցիր ինձ դեպի այն, որպեսզի կարողանամ ծառայել Քեզ: Եվ սրանցից է՛լ աւելի գերազանց, հրամայեցիր ինձ սիրել Քեզ:

Ո՜վ ակունք հավիտենական Սիրո, ի՞նչ տաղերով հյուսեմ գովքդ: Ինչպե՞ս կարող եմ մոռանալ Քեզ. Քեզ, որ հաճեցիր հիշել ինձ նաև երբ ապականված էի ու կործանված: Ողորմած եղար իմ հանդեպ առավել, քան բոլոր հույսերս, և շնորհդ ու մտերմությունդ պարգևեցիր ինձ գերիվեր, քան իմ արժանիքները: Ինչո՞վ կարող եմ փոխհատուցել այս մեծագույն պարգևդ: Բայց արտասովո՞ր բան պետք է համարել Քեզ ծառայելը, երբ յուրաքանչյուր արարած պարտավո՛ր է ծառայել Քեզ: Ո՛չ, զարմանալի իրողություն չէ Քեզ ծառայելը: Այլ՝ ապշում եմ ու հմայվում ի տես այն փաստի, որ Դու ընդունում ես ինձ որպես Քեզ ծառա և անունս արձանագրում ես սիրելիներիդ շարքում, ինձ՝ խեղճ անարժանիս:

Ահա՛ այն ամենը, որ ունեմ և որ կարող եմ հատկացնել ծառայությանդ, Քոնն են և պատկանում են Քեզ: Եվ մանավանդ ամբողջովին հակառակն է ճշմարիտ. ես Քեզ այնքան չեմ ծառայում, որքան Դու ինձ: Ահա՛ երկինքն ու երկիրը, որ ստեղծեցիր ի ծառայություն մարդկանց, պատրաստ են և ամեն օր մշտարթուն կատարում են այն, ինչ հրամայել ես իրենց: Սա դեռ քիչ է. հրեշտակներին անգամ պատվիրեցիր պահպանել և ծառայել մարդուն:

Բայց ոչ մի շնորհ իր գերազանցությամբ չի կարող հավասարվել այս մեկին. Դու Ինքդ կամեցար ծառայել մարդկանց և խոստացար տալ նրանց Քո Անձը:

Ինչպե՞ս կարող եմ արդյոք հատուցել այս բոլոր բարիքներիդ փոխարեն: Երանի՜ թե կարողանայի ծառայել Քեզ ամբողջ կյանքիս ընթացքում: Երանի՜ թե գեթ մեկ օր միայն վայել ու արժանապատշաճ կերպով կարողանայի ծառայել Քեզ: Եվ իրոք, արժանի ես ընդունելու ամեն տեսակ ծառայություն, պատիվ և փառք և հավիտենական գովաբանություն: Իրոք, Դու իմ Տերն ես, իսկ ես՝ Քո ծառան, որ պարտավոր եմ ծառայել Քեզ իմ ողջ կարողությամբ, որ պարտավոր եմ երբեք չհոգնել Քեզ փառաբանելուց: Սա՛ է իմ կամքը, սա՛ եմ փափաքում: Դու Ինքդ լրացրու այն, ինչ պակասում է ինձ:

Մեծ պատիվ և փառք է Քեզ ծառայելը: Վիթխարի շնորհ կունենան Քո առաջ բոլոր նրանք, ովքեր կամովին կնվիրվեն սրբազնասուրբ ծառայությանդ: Սուրբ Հոգու քաղցրիկ մխիթարությունը կգտնեն բոլոր նրանք, ովքեր կնվիրվեն Սուրբ Սրտիդ սիրույն: Հոգու անծայրածավալ ազատություն կգտնեն բոլոր նրանք, ովքեր ի սեր Քո կընթանան մատնանշածդ նեղ ճանապարհով, մի կողմ թողնելով աշխարհային մտահոգությունները: Ո՜վ հոգեսփոփ և ուրախարար ծառայություն Աստծո, որի շնորհիվ է մարդն իսկապես ազատ և սուրբ դառնում: Ո՜վ նվիրական վիճակ քրիստոնեական կյանքի, որ մարդուն դարձնում է հրեշտակներին համահավասար և Աստծուն հաճելի: Ո՜վ ծառայություն միշտ փափաքելի և ընդգրկվելու արժանի, որի միջոցով ենք շահում գերագույն Բարիքը և ձեռքբերում անվախճան երանությունը:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։