ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՄԻՏՔԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՄԻՏՔԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՂԻՆ

Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, մի՛ հեռացիր ինձնից, Աստվա՜ծ իմ, «շտապի՜ր ինձ օգնության» (Սղմ 70, 12), որովհետև ահա՛ արթնացան ինձնում հպարտ մտածումներ և երկյուղն ալեկոծում է հոգիս: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս պայքարից ողջ ու անվնաս: Ինչպե՞ս կարող եմ պարտության մատնել սրանց:

«Ես, – ասում ես Դու, – կընթանամ քո առջևից և կխորտակեմ երկրի գոռոզամիտներին (Ես 45, 2), կբացեմ բանտի դռները և կհայտնեմ քեզ Սուրբ Սրտիս ապահով ապաստարանը»:

Խոսքերիդ համաձայն վարվիր, Տե՜ր, և թող որ Քո ներկայությանը անէանան մտածումներն այս ունայն: Սա՛ է հույսն իմ և միակ սփոփանքը. օգնությանդ դիմել բոլոր նեղությունների մեջ, Քեզ վստահել, Քեզ կանչել սրտանց, համբերությամբ սպասելով անպատում մխիթարությանդ:

Լուսավորի՜ր ինձ, Հիսո՜ւս, մտքի լույսերով և սրտիցս դուրս վտարիր խավարն ու ստվերները: Արգելակի՜ր բազում ցրումներս և խափանի՜ր կամքս բռնադատող փորձությունները: Զորությամբդ պայքարիր իմ փոխարեն և հաղթիր այլանդակ գազաններին՝ խաբող ցանկություններին, որպեսզի Քեզնով վերադառնա խաղաղությունը և լիաձայն փառատրությունդ վերստին կարկաչի սուրբ ապարանքում, որ է մաքուր խիղճը:

Հրամայի՜ր փոթորիկին ու փայլակներին, ասա՛ ծովին. «Խաղաղվի՛ր», և հողմին. «Մի՛ փչիր» (Մրկ 4, 39), և իսկույն կտիրի մեծ հանդարտություն: «Առաքիր լույսդ և ճշմարտությունդ» (Սղմ 42, 3), որպեսզի փայլեն երկրի վրա, որովհետև ես «հող եմ խոպան ու անպտուղ» (Ծնդ 1, 2), եթե Դու չես լուսավորում ինձ: Ի վերուստ հեղի՜ր Սուրբ Սրտիդ շնորհները, զովացրո՜ւ սիրտս երկնային ցողով, ոռոգի՜ր աշխարհը աստվածապաշտության կենդանի ջրերով, որպեսզի հոգիների ճյուղերը ծանրաբեռնվեն բարի լավագույն պտուղներով: Մեղքերի ծանրության տակ կքված հոգիս վե՜ր բարձրացրու և բոլոր իղձերս ու փափաքներս դեպի երկնային իրողություննե՜րն ուղղիր: Դո՜ւրս կորզիր ու ազատիր ինձ արարածների պարգևած վաղանցուկ մխիթարություններից, որովհետև ստեղծված ոչ մի բան չի կարող լիովին հագեցնել և սփոփել իմ սրտի ծարավը: Շղթայի՜ր ինձ Քեզ՝ Սուրբ Սրտիդ սիրո անքակտելի զոդերով, որովհետև միայն Դու բավական ես Քեզ սիրողին, մինչ առանց Քեզ՝ անհամ են բոլոր գոյությունները:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։