ԲԱՂՁԱԼԻ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԲԱՂՁԱԼԻ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

«Խոսի՜ր, Տեր, ծառադ ահա լսում է Քեզ» (1Թգ 3, 10): Ես Քո ծառան եմ, տո՜ւր ինձ պատվիրաններդ հասկանալու իմաստություն: «Շուրթերիցդ բխած խոսքերով հմայի՜ր ինձ, Աստված» (Սղմ 118, 38): «Խոսքերիդ ղողանջը թող արշալույսի ցողի նման հասնի ինձ» (2Օր 32, 2):

Իսրայելացիներն ասում էին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեր հետ և մենք կլսենք քեզ. Աստված թող չխոսի, որովհետև կարող ենք մեռնել» (Ել 20, 19): Ես, սակայն, այսպես չեմ աղոթում, Աստված իմ: Սամուել մարգարեի նման, խոնարհությամբ կարոտագին աղերսանքս առաքում եմ դեպի Քեզ. «Խոսի՜ր, Տեր, ծառադ ահա լսում է Քեզ»: Ո՛չ Մովսեսը, ո՛չ էլ մարգարեները թող չխոսեն իմ հետ: Դո՛ւ միայն խոսիր իմ հետ, Տեր իմ, որովհետև Դո՛ւ ես ներշնչում ու լուսավորում մարգարեներին: Միայն Դո՛ւ կարող ես ողողել հոգիները ճշմարտության լույսով. մարգարեներն առանց Քեզ ի՞նչ կարող են անել:

Նրանք կարող են խոսքեր հնչեցնել, բայց լոկ խոսքերն ամուլ են: Վեհաշուք են մարգարեների պատգամները, բայց եթե Դու լուռ մնաս՝ նրանք ի զորու չեն լինի հուզելու սրտերը: Մարգարեներն ավանդում են մեզ գրություններ, բայց Դո՛ւ ես բացահայտում դրանց գաղտնախորհուրդ իմաստները: Քարոզում են այլաբանորեն, մինչ Դու Ի՛նքդ ես մեջտեղից վերցնում դրանք ծածկող քողը: Հռչակում են պատվիրաններդ, բայց Դո՛ւ ես տալիս դրանք գործադրելու զորությունը: Նրանք մատնանշում են ուղին, սակայն Դո՛ւ ես պարգևում նրանով առաջ գնալու արիությունը: Նրանց գործն արտաքին է, մինչ Դու լուսավորում և կրթում ես սրտերը: Նրանք ջրում են, իսկ Դու՝ աճեցնում: Նրանք մեծաձայն աղաղակում են և հռչակում ճշմարտություններ, բայց Դո՛ւ ես տալիս դրանք ըմբռնելու կարողությունը:

Թող ուրեմն Մովսեսը չխոսի իմ հետ, այլ՝ միայն Դու, Տեր իմ, ճշմարտություն հավերժական, որպեսզի դժբախտությունը չունենամ մեռնելու նախքան որևէ բարի արդյունք տալս և խրատներդ անսեր կերպով լսելով՝ հոգիս չմնա կենսապարգև ջերմությունից զուրկ: Որպեսզի դատապարտության վճիռ չլինի իմ համար խոսքդ՝ ունկնդրված և չգործադրված, ճանաչված՝ բայց չսիրված, արժանահավատ ու հավաստի՝ բայց արհամարհված:

Խոսի՜ր, ուրեմն, Տեր իմ, որովհետև ծառադ լսում է Քեզ: «Ահա՛ Դու խոսքեր ունես հավիտենական կյանքի» (Հվհ 6, 69): Խոսի՜ր ու մխիթարի՜ր և օգնի՜ր ուղղելու ընթացքս ի գովեստ, ի փառս և ի հավիտենական պատիվ Քո սուրբ Անվան և Քո ամենասուրբ Սրտի:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։