ԴՐՎԱՏԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԴՐՎԱՏԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Օրհնյա՜լ ես Դու, Հա՜յր երկնավոր, Հայր իմ Տիրոջ՝ Հիսուս Փրկչի, որովհետև հիշեցիր ինձ՝ անարժան ու խեղճ արարածիս: «Ո՜վ Հայր գթութեան և Աստված մխիթարության» (2Կր 1, 3), երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, որովհետև հակառակ լիակատար անարժանությանս, ժամանակ առ ժամանակ սփոփում ես ինձ Հիսուսի աստվածային Սուրբ Սրտի անճառ մխիթարություններով: Օրհնո՜ւմ եմ Քեզ և փառավորո՜ւմ, Միածին Որդուդ և Մխիթարիչ Սուրբ Հոգուդ հետ, հավիտյանս հավիտենից: Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, սիրույս միակ առարկան Դու ես, և երբ այցելում ես ինձ՝ գալով սրտիս մեջ, ամբողջ էությունս ցնծում է ներկայությանդ զգացումով: «Դու ես իմ փառքը, բերկրանքն իմ սրտի» (Սղմ 3, 4): Դու ես իմ հույսն ու ապավենը նեղության օրերին:

Բայց սիրույս տակավին տկար և առաքինությանս անհաստատ լինելու պատճառով զգում եմ կարիքը Սուրբ Սրտի սիրով առավել զորանալու, մխիթարվելու: Արդ, այցելի՜ր ինձ, առաջնորդի՜ր և սովորեցրո՜ւ սուրբ օրենքներդ, որպեսզի ներքուստ բժշկված և մաքրված՝ սիրեմ Քեզ, համբերությամբ կրեմ վշտերս և հարատևեմ անշեղ:

Մեծագույն արժեք է Հիսուսի Սուրբ Սրտի սերը, բարիք գերազանց: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով օգնում է կրել կյանքի բոլոր անհավասարությունները: Հիսուսի սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է Հիսուսի աստվածային Սրտի սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին: Նրա սիրո անդադրում փափագն է կատարելության ուղին, Նրա սերը չի շղթայվում երկրային ստորին իրողություններին: Նրա սերը տենչում է ազատ լինել՝ զերծ մնալով երկրային կապերից, որպեսզի չմթագնի իր տեսողությունը, որպեսզի անցողիկ հարմարավետությունները չշեղեն իրեն ուղղության ճանապարհից, և որպեսզի չբեկվի վշտերի ծանրության ներքո:

Գոյություն չունի Հիսուսի աստվածային Սրտի սիրուց առավել քաղցրիկ իրողություն, առավել հզոր, առավել երկնասլաց ու վեհ, առավել սրտազեղ ու պանծալի, առավել զվարթ ու զվարթարար, առավել վեհանձն, առավել կատարյալ, լինի Երկնքում, թե երկրի վրա: Քանի որ Նրա սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողություններում, այլ՝ միայն դրանց Արարչի մոտ:

Հիսուսի Սուրբ Սիրտը սիրող հոգին սլանում է, սավառնում, հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընթացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները: Նրա սերն ուշադրություն չի դարձնում պարգևին, այլ ամեն ինչից վեր՝ ուղղվում է դեպի Պարգևողը: Նրա սերը սահման չի ճանաչում, բռնկում ու հրդեհում է առանց չափի զգացման: Նրա սերը չի զգում բեռան ծանրությունը, կարևորություն չի ընծայում իր վշտակրություններին ու հոգնություններին. եթե հնարավոր լիներ՝ կուզենար կատարել նաև այն, ինչը որ գերազանցում է իր ուժային սահմաններին: Անկարելիության մասին չի մտածում, որովհետև ամեն բան թույլատրված և հնարավոր է համարում, քանի որ ինքը մաքուր է և դեպի սրբություններն է միայն ձգտում: Նրա սերն իրեն ունակ է տեսնում սրբության ասպարեզից ներս որևէ մեծագործության, դրանցից շատերին է ձեռնարկում և նաև հաջողությամբ պսակում իր ընթացքը: Մինչդեռ ով չի այրվում Աստծո հանդեպ սիրով, ժամանակի ընթացքում նվաղում է և ետ ընկրկում:

Հիսուսի Սուրբ Սրտի սերն արթուն է և հսկում է միշտ, քնի մեջ անգամ ամբողջովին չի թմրում: Աշխատում է հոգնաշատ, բայց ուժասպառ չէ կամ ձանձրացած. նեղված է, բայց չի տագնապում. սպառնում են իրեն, բայց ինքը չի այլայլվում, այլ՝ հրաշեկ բոցի նման խոյանում է դեպի Երկինք, ճանապարհ բացելով ընդմեջ բազում արգելքների: Ով սիրում է Հիսուսի Սուրբ Սիրտը, նա է ի վիճակի ըմբռնելու իմաստը սիրո կանչի: Սիրով բորբոքված սրտի իղձերը հզոր ձայնի նման բարձրանում են մինչև ունկերն աստվածային և աղաղակում. «Աստվա՜ծ իմ, Սե՜ր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը» (Երգ 2, 16):

Ուրեմն ընդարձակի՜ր հոգիս սիրովդ, ո՜վ Տեր իմ, որպեսզի սրտիս բերանով կարողանամ ճաշակել ու հասկանալ, թե քանի՜ցս քաղցր է Քեզ սիրելը, սիրույդ մեջ նետվելն ու ընկղմվելը: Թող որ սերդ իր սաստկությամբ ու հմայքով հափշտակի ինձ և աշխարհի քաղցրիկ մոռացության մեջ՝ վերացնի ինձ դեպի Երկինք: Թող որ ես սաղմոսեմ օրհներգը սիրո, և թող որ հետքերովդ առաջնորդվելով՝ երկնաճեմ բարձունքներում հասնեմ Քեզ: Թող որ հոգուս ուժերը սպառվեն սիրույդ տաղերն երգելով, երանավետ հրճվանքով եղանակելով սիրույդ գովքը: Թող որ Քեզ ինձնից էլ ավելի սիրեմ, իսկ ինձ՝ միայն Քո համար, և թող որ Քո մեջ սիրեմ բոլոր նրանց, ովքեր իրոք սիրում են Քեզ, համընթաց սիրույդ օրենքին, որը նույնպես ճառագայթում է Քեզնից:

Հիսուսի Սուրբ Սրտի սերը սրընթաց է ու անկեղծ, հեզ ու համեստ, խնդուն ու զվարթերես, հզոր, համբերատար, հավատարիմ, խոհեմ, հարատև, քաջարի: Նրա սերն իր մասին չի մտածում երբեք: Որովհետև երբ ինչ որ մեկը սկսում է փնտրել իր իսկ անձը, նույն պահին ևեթ դադարում է սիրելուց: Նրա սերը զգույշ է ու շրջահայաց, խոնարհ և ուղղամիտ, սանձարձակ չէ և ո՛չ էլ թեթևամիտ: Աստվածային սիրո շնորհիվ զտված հոգում անհնարին է գտնել հակում դեպի ունայնությունները: Նրա սերը զգաստ է, ջինջ ու ողջախոհ, աննկուն, հանդարտ, և մեծ տիրապետություն ունի զգայարանների վրա:

Թող որ միայն Քեզ ես վստահեմ, Աստվա՜ծ իմ, և միայն Քո վրա հաստատեմ իմ հույսը, նաև, և մանավանդ, երբ ֆիզիկապես չեմ զգում Քո ներկայության քաղցրությունը, որովհետև առանց վշտակրության անհնարին է ապրել սիրո մեջ: Թող որ ես տրամադիր լինեմ աննկուն աշխատանքի և Քո՝ իմ Սիրեցյալի կամքի կատարմանը, որպեսզի իսկապես արժանի լինեմ աստվածասեր կոչվելուն: Թող որ ես հանուն Հիսուսի Սուրբ Սրտի սիրո՝ համակամությամբ ընդունեմ այս աքսորական կյանքի անխուսափելի նեղություններն ու դառնությունները, և հավատարիմ մնամ Քեզ ընդմեջ բոլոր հնարավոր հակառակությունների:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։