ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Ո՜վ ամենաքաղցր Հիսուս, ընդունի՜ր սրտիս հառաչանքը, որն օրվա ավարտին ուղղում եմ Քո ամենասիրելի Սրտիդ, և ուրիշ ոչինչ չեմ ցանկանում, այլ՝ միայն ու միայն Քեզ, ամեն ժամ ու ամեն վայրկյան։

Հիսո՜ւս, քա՜ղցր Հիսուս, Սբ. Կատարինե Սիենացու խոսքերով գոչում եմ առ Քեզ. «Եղի՜ր ի՛մ Հիսուսս, Քո ամենասուրբ Սրտովդ, և փրկի՜ր հոգիս, որն անգին Արյամբդ ես գնել»։

Հիսո՜ւս, ողորմա՜ծ Հիսուս, ամենաքա՜ղցր Հիսուս իմ, տո՜ւր ինձ, որ Քո գրկումդ հանգչեմ, Քո Սուրբ Սրտի վրա շնչեմ, Քո ամենաքաղցր հոգիդ իջնի իմ սրտի վրա, այն ամբողջովին դեպի ինքը ձգի և իր հետ միավորի։

Ո՜վ ամենասիրելի Հիսուս իմ, ես Քո տիգախոց կողի մեջ եմ ապաստանում. այնտեղ խնամիր ինձ, պաշտպանիր ինձ և սրբացրու ինձ։ Ո՜վ ամենաքաղցր Սիրտ իմ Հիսուսի, այս գիշեր քեզ եմ հանձնում իմ սիրտն ու իմ բովանդակ էությունը։ Չեմ կարողանալու գովաբանել իմ Աստծուն, ո՜վ ամենաքաղցր Սիրտ Հիսուսի, բայց դու գովաբանիր Նրան իմ փոխարեն, և սրտիս բաբախումների թվով գովություն մատուցիր Նրան. դրանք սուրբ սիրո մեկական կենդանի սլաքներ համարիր, որ ուղղում եմ Ամենասուրբ Երրորդությանը։ Այս զգացմունքով եմ կամենում քուն մտնել ու հանգստանալ։

 

Ո՜վ Հիսուս, Քեզ սիրողների ու Քո համար վիշտ կրող հոգիների խնդությո՜ւն։

Ո՜վ Հիսուս, Աստվա՜ծ իմ, Փրկի՜չ իմ, որ Խաչի վրա մեռար հանուն իմ սիրո, Աստված իմ սրտի, իմ հավիտենական ժառանգություն։

Ո՜վ Հիսուս, քաղցր սեր իմ, Հիսուս՝ քաղցր հույս իմ, Հիսուս՝ քաղցր գթություն իմ, Հիսուս՝ գերագույն բարիք իմ։

Հիսուս՝ ճանապարհ և ճշմարտություն իմ, կյանք իմ, ամենայն ինչ իմ. Քո խաղաղության մեջ եմ ննջում ու հանգստանում, Քո ամենասուրբ ձեռքերիդ հանձնելով իմ հոգին։

Մեղրաբուխ Հիսուս իմ, Քո Աստվածությանդ երանության և ամենասուրբ Մարդկությանդ արժանիքների մեջ՝ երկնքի ու երկրի ողջ սիրով ողջունում եմ Քեզ, խոնարհվում, մեծարում, պաշտում ու գրկում եմ Քեզ, և Սուրբ Խաչը համբուրելով՝ համբուրում եմ սիրույդ վերքերը։

Ամեն։

 

Հիսո՜ւս, Մարիա՜մ և հայրագիր Հովսե՜փ, սիրտս ու հոգիս ընծայում եմ ձեզ։

Հիսո՜ւս, Մարիա՜մ և հայրագիր Հովսե՜փ, հոգեվարքիս պահին ներկա եղեք։

Հիսո՜ւս, Մարիա՜մ և հայրագիր Հովսե՜փ, հոգիս խաղաղություն թող գտնի ձեր հետ.

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։