ԱՂՈԹՔ ՁԻԹԵՆՅԱՑ ՊԱՐՏԵԶՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՆ ՄԽԻԹԱՐԱԾ ՀՐԵՇՏԱԿԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՁԻԹԵՆՅԱՑ ՊԱՐՏԵԶՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՆ ՄԽԻԹԱՐԱԾ ՀՐԵՇՏԱԿԻՆ

Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսը Խաչելությունից առաջ առանձնանում է Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզում աղոթելու և այնտեղ ենթարկվում է անասելի տագնապի տվայտանքներին, Նրան Երկնքից երևում է մի Հրեշտակ, որ մխիթարում է Նրան և ուժ տալիս (Ղկս 22, 43): Բազմաթիվ քրիստոնյաներ իրենց կյանքի դժվարին պահերին դիմում են այդ Հրեշտակի օգնությանը, քանի որ նա, ով Աստծուց առաքելությունը ստացավ մխիթարելու Եկեղեցու Գլխին, իշխանությունն ունի մխիթարելու նաև Նրա անդամներին, երբ նրանք որևէ հոգեկան դժվարության մեջ են գտնվում, բայց հատկապես՝ հոգեվարքի պահին: Այս բարեպաշտությունը մեծապես օգտակար է: Հավատքով և Սիրով դիմենք Ձիթենյաց պարտեզում Հիսուսին մխիթարած Հրեշտակին, որպեսզի իր մխիթարությունների հետ միասին ներշնչի մեզ քրիստոնեական անսասանելի Հույսը մեր ամբողջ կյանքի ընթացքում և մեր մահվան պահին:
 
 
Ես ողջունում եմ քեզ, ո՜վ Սուրբ Հրեշտակ,
որ մխիթարեցիր հոգեվարքի տագնապի մեջ ընկղմված իմ Հիսուսին,
և քո հետ միասին գովաբանում եմ Ամենասուրբ Երրորդությունն
այն բանի համար, որ բոլոր Հրեշտակների միջից քեզ ընտրեց՝
մխիթարելու և զորացնելու համար Նրան,
ով բոլոր վշտացածների մխիթարությունն ու զորությունն է:
Հանուն այդ պատվի, որ ստացար Աստծուց,
և հանուն այն հնազանդության, խոնարհության ու գորովի,
որոնցով նեցուկ եղար իմ Փրկիչ Հիսուսի Սուրբ Մարդկությանը,
որ վշտակրության բեռան տակ ճնշվում էր ի տես աշխարհի մեղքերի
և հատկապես՝ անձամբ իմ մեղքերի,
խնդրում եմ ինձ միշտ զորավիգ լինես քո հոգևոր մխիթարություններով,
և՛ այս պահի իմ տառապանքներում, և՛ գալիք նեղություններում,
բայց հատկապես՝ մահվանս պահին:
Ամեն:
 
 
Կարելի է և ցանկալի է ավելացնել նաև սեփական սրտից բխած խոսքերը, յուրաքանչյուրի տվյալ պահի ու իրավիճակի համաձայն։ Աղոթքի ավարտին հարկավոր է 3 անգամ կրկնել « Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն » գովաբանությունն ի պատիվ Ձիթենյաց պարտեզում և Խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոսի կրած Չարչարանքների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։