ՇԱՐԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ԻՆԸ ԴԱՍԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՇԱՐԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ԻՆԸ ԴԱՍԵՐԻՆ

գրաբար(1)
 
Անմահ Արքային անարուեստ Աթոռք,
Բազմաչեայ Քերովբէք,
Սրբասաց ձայնիւ Սերովբէք,
Առաջին յերկինս քահանայապետք.
Բարեխօս լերուք առ Տէր վասն Եկեղեցւոյ:
 
Բարձրելոյն փառաց բարձող Տէրութիւնք,
Անյաղթելի Զօրութիւնք,
Վեհագոյն Իշխանութիւնք,
Երկրորդին դասու քահանայապետք.
Բարեխօս լերուք առ Տէր վասն Եկեղեցւոյ:
 
Գերագոյն Էին Պետութիւնք վերին,
Հրեշտակապետք երկնաւորք,
Հրեշտակաց զինուորութիւնք,
Երրորդի յերկինս քահանայապետք.
Ձեզ համաձայնեալ երգեմք զփառս ի բարձունս:
 
աշխարհաբար(2)
 
Անմահ Արքայի անձեռագործ Գահեր,
Բազմաչյա Քերովբեներ,
Սրբասաց ձայնով երգող Սերովբեներ,
Առաջին Երկնքի քահանայապետներ.
Բարեխոսեցեք Տիրոջը Եկեղեցու համար:
 
Բարձրյալի փառքը կրող Տերություններ,
Անհաղթելի Զորություններ,
Վեհագույն Իշխանություններ,
Երկրորդ դասի քահանայապետներ.
Բարեխոսեցեք Տիրոջը Եկեղեցու համար:
 
Գերագույն Էի վերին Պետություններ,
Երկնավոր Հրեշտակապետներ,
Հրեշտակների զորքեր,
Երրորդ Երկնքի քահանայապետներ.
Ձեզ ձայնակցելով երգում ենք փա՜ռք ի բարձունս:

(1) Շարական Հայաստանեայց Եկեղեցւոյ, Ը. շաբաթ զկնի Խաչի, Տօն Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրաց, Շարական «Տէր յերկնից» ԴՁ.

(2) Հայաստանյայց Եկեղեցու Շարակնոց, Ութերորդ շաբաթ օր Խաչվերացից հետո, Տոն Սուրբ Գաբրիել և Միքայել Հրեշտակապետների և երկնային բոլոր զորքերի, Շարական «Տէր յերկնից» ԴՁ.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։