Կրոնական և ծիսական տաղերի հավաքածու – Գրադարան – Mashtoz.org

Կրոնական և ծիսական տաղերի հավաքածու

Սաղմոսների գիրքը կամ Սաղմոսարանը Աստվածաշնչի գրքերից մեկն է, ուր ամփոփված են հարյուր հիսուն սաղմոսներ:
Բազմաթիվ աղոթքների և ծիսական տաղերի է հնարավոր հանդիպել Աստվածաշունչը կազմող գրքերից յուրաքանչյուրում: Որոշ հատվածներ գտնվում են պատմական գրքերում. Մովսեսի օրհներգը (Ել 15, 1-21), ջրհորի երգը (Թց 21, 17-18), Դեբորայի հաղթական օրհներգը (Դտ 5), Դավթի եղերերգությունը Սավուղի ու Հովնաթանի վրա (2Սմ 1, 17-27), Հուդա և Սիմոն Մակաբայեցիների գովասանական ներբողը (1Մկ 3, 3-9), մինչև որ հասնում ենք Նոր Կտակարանի օրհներգներին. «Մեծացուսցե»ն (Ղկս 1, 47-55), «Օրհնյալ Տեր Աստված»ը (Ղկս 1, 68-79), «Արդ արձակես»ը (Ղկս 2, 29-32) և այլն: Մարգարեական գրքերից բազմաթիվ հատվածներ ունեն միևնույն նկարագիրը: Գոյություն ունեին ուրիշ հավաքածուներ ևս, որոնց սակայն միայն անունն է պահպանվել և մի քանի պատառիկ, ինչպիսիք էին Յահվեի Պատերազմների Գիրքը (Թց 21, 14) և Արդարի Գիրքը (Հս 10, 13; 2Սմ 1, 18):
Բայց հինկտակարանյան աղոթքների էական մասը գտնվում է բանաստեղծական հարյուր հիսուն տաղերում, որոնց սաղմոս անվանումը հունարեն ծագում ունի, որից է առաջացել նաև Սաղմոսարան անունը, որն հավաքական իմաստով տրվում է Սաղմոսների գրքին (Ψαλτήριον. սա անունն է այն լարային գործիքի, որն ընկերակցում էր սաղմոսների երգին): Եբրայեցերեն, մինչդեռ, գովաբանության օրհներգները, որոնք կազմում են գրքի նշանակալի մասը, իրենց անունն են տվել ամբողջ հավաքածուին. Sèfer Tehillim (Գովաբանությունների գիրք):
Սաղմոսարանը – այնպես, ինչպես այն ունենք այսօր – Երուսաղեմի Տաճարի պաշտամունքային պատասխանատուների տրամադրության ներքո էր արդեն երկրորդ Տաճարի դարաշրջանում (Ք.ա. 3րդ դար): Հնգամատյանի նմանությամբ, այն բաժանվել է հինգ մասի, բայց հարկավոր է ընդգծել, որ այդ բաժանումը կատարվել է բավականին քմահաճո կերպով, առանց հաշվի առնելու բովանդակության ընդհանրությունները կամ գեթ հեղինակային պատկանելությունը: Այս բաժանումը թվում է, թե կատարվել է Ք.ա. 3րդ դարում: Սաղմոսարանի եբրայեցերեն բնագրում, սակայն, հնարավոր է զատորոշել երեք մեծ բաժիններ, որոնց բաժանումը կախված է նրանից, թե ինչ անուն է գործածվում Աստծուն դիմելու համար (առաջին և երրորդ մասում այդ անունն է Տեր, կամ եբրայեցերեն՝ Յահվե, մինչ երկրորդ մասում գործածվում է Աստված անունը, կամ եբրայեցերեն՝ Էլոհիմ). դրանք են 1-41, 42-89, 90-150:
Այսօր Սաղմոսարանում են գտնվում որոշ սաղմոսներ, որոնք նախապես մաս են կազմել ա՛յլ հավաքածուների, որոնց հեղինակներն են եղել Տաճարում պաշտամունքի կազմակերպման պատասխանատուները, ինչպիսիք են Ասափի (50, 73-83) և Կորխի որդիների (42-49, 84-85, 87-88) սաղմոսները:
Սրանցից բացի, Սաղմոսարանին են կցվել յուրահատուկ նկարագիր ունեցող ա՛յլ փոքրիկ հավաքածուներ ևս, ինչպիսիք են ուխտավորների աղոթագիրքը (120-134), Արքայության տաղերը (93-100), Սիոնի երգերը, Ալելուիայի օրհներգները (105-107, 111-118, 135-136, 146-150):
Մեկից ավելի սաղմոսներ իրենց սեփական պատմությունն ու կյանքն են ունեցել իրենց վերջնական տեղն ու բովանդակությունը Սաղմոսարանում գտնելուց առաջ: Որոշ սաղմոսներ, որոնք մյուսներից շատ ավելի հին են, դարերի ընթացքում վերընթերցվել են և հարմարեցվել են նոր իրավիճակներին, հաճախ մինչև իսկ վերաշարադրվել են: Օրինակի համար, մեծապես հետաքրքրական կլիներ բացահայտել իմաստն ու գործածությունը, որ տարբեր դարաշրջաններում ունեցել են 2րդ և 110րդ սաղմոսները: Իսկ ուրիշ սաղմոսներ ներկա են եղել տարբեր հավաքածուներում միաժամանակ, ինչը որ ակնհայտ է այն սաղմոսներից, որոնց բովանդակությունը, գրեթե առանց տարբերությունների, կրկնվում է. այդպիսիք են 14րդ և 53րդ սաղմոսները, 40րդ սաղմոսի 14-18 հատվածը և 70րդ սաղմոսը, 57րդ սաղմոսի 8-12 հատվածը (60րդ սաղմոսի 7-14 հատվածի հետ միասին) և 108րդ սաղմոսը:
Երբ արդեն ձևավորված Սաղմոսարանն ի վերջո բաժանվեց, ինչպես արդեն նշեցինք, հինգ մասի, այդ մասերից յուրաքանչյուրի ավարտին ավելացվեցին համառոտ փառաբանություններ, որոնք միշտ չէ, որ լավ շաղկապվում են իրենց հյուրընկալող սաղմոսի բովանդակությանը. այդպիսիք են 41, 14; 72, 18-20; 89, 52; 106, 48 հատվածները: 150րդ սաղմոսը կարծես ամբողջ Սաղմոսարանի վերջաբանն է, մինչ առաջին երկու սաղմոսները կազմում են նրա նախաբանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։