Հոգևոր արժեքը – Գրադարան – Mashtoz.org

Հոգևոր արժեքը

Եզրափակելու համար բավական են սակավաթիվ խոսքեր, քանի որ սաղմոսների կրոնական հոգևոր հարստությունն այլևս ակնհայտ է: Աղոթքներն են եղել Հին Կտակարանի, ուր Աստված Ինքը ներշնչել է զգացումները, որոնք Իր որդիները պետք է ունենան Իր նկատմամբ, և խոսքերը, որոնք պետք է ծառայեն Իրեն դիմելու համար: Գործածվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի, Առաքյալների ու առաջին Մարտիրոսների կողմից: Քրիստոնյա Եկեղեցին, առանց նրանց բովանդակության մեջ փոփոխություններ մտցնելու, սաղմոսները դարձրել է իր պաշտոնական աղոթքը: Առանց փոփոխությունների. գովաբանության, աղերսանքի կամ երախտագիտության այս աղաղակները, թեև սաղմոսերգուներից քաղվել են նրանց դարաշրջանին և նրանց անձնական փորձառություններին բնորոշ հանգամանքներում, տիեզերական հնչողություն ունեն, քանի որ արտահայտում են դիրքորոշումը, որն յուրաքանչյուր մարդ պետք է ունենա Աստծո առաջ: Առանց բառապաշարային բովանդակությունը փոփոխելու, բայց իմաստի ու նշանակության նկատելի հարստացումով, Նոր Ուխտի հավատացյալը փառաբանում է Աստծուն և Նրան երախտագիտություն է հայտնում Իր աստվածային կյանքի գաղտնիքը հայտնելու, Իր Որդու արյամբ մեզ փրկելու և Իր Սուրբ Հոգին մեզ պարգևելու համար: Այս իսկ պատճառով, ծիսական աղոթքների ընթացքում սաղմոսներից յուրաքանչյուրն ավարտվում է Ամենասուրբ Երրորդությանն ուղղված փառատրությամբ. «Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Հինավուրց աղոթքներն առավել հրաբորբոք են դառնում, այն բանից հետո, ինչ Ընթրիքը, Խաչը և Հարությունը մարդկությանը հայտնեցին Աստծո անսահման սերը, մեղքի համատարածությունն ու ծանրությունը, արդարներին խոստացված փառքը: Սաղմոսերգուների կողմից հռչակված հույսերն իրականանում են: Մեսիան եկել է: Նա թագավորում է Իր Եկեղեցում և բոլոր ազգերն ու ժողովուրդները կանչված են Նրան փառաբանելու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։