Սաղմոս 1 - Երկու ճանապարհները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 1 - Երկու ճանապարհները

Առաջին սաղմոսը սկսվում է մի բացականչությամբ, որն Հիսուսը լեռան քարոզում կրկնում է ութն անգամ. «Երանի՜» (Մտթ 5, 3-10): Գտնվում ենք մի կենսական ընտրության դիմաց. կա՛մ Աստված, կա՛մ ոչինչը: Երևույթները կարող են խաբեական լինել, բայց մնում է փաստը. առաքինությամբ և ճշմարտությամբ ապրված կյանքը երջանիկ կյանք է, որովհետև ուղղված է դեպի Աստված. նա, մինչդեռ, ով խեղդում է իր խղճի ձայնը, որպես միակ ապագա ունի կործանումը: Յուրաքանչյուր անգամ, որ աղոթելու կլինենք սաղմոսները, հարկադրված կլինենք ընտրելու «երկու ճանապարհների» միջև (2Օր 30, 15; Առկ 4, 18...; Երմ 21, 8), որոնց տարբերությունն ընդգծում է Հիսուսը (Մտթ 7, 1...; 25):
Դյուրին է այս սաղմոսն աղոթել որպես քրիստոնեական աղոթք: Հիսուսն ասել է, որ Ինքն է «ճանապարհը» և «կյանքը» (Հվհ 14, 6): Հիսուսն Ինքն է փարթամ ծառը («կանաչ ճյուղը») (Ղկս 23, 31). Նա է, որ կատարում է Աստծո կամքը (Հվհ 6, 38): Մեզ կոչ է ուղղում ընթանալու նեղ ճանապարհով (Մտթ 7, 13-14) և խոստանում է, որ մեր պտղաբերած արդյունքը մնալու է հավետ (Հվհ 15, 16):
 

 
Կցորդ.
 
Ով խոսքը լսում է բարի և կատարյալ սրտով,
պտղաբերում է իր հարատևությամբ (հմմտ. Ղկս 8, 15):
կամ.
 
Սրանով է փառավորվում իմ Հայրը. որ դուք շատ պտուղ տաք (Հվհ 15, 8):
 

 
1Երանելի է այն մարդը,
որ չի հետևում չարագործների խորհուրդներին,
չի քայլում մեղավորների ճանապարհներով,
չի մասնակցում պարծենկոտների հավաքներին.
2այլ՝ հրճվում է Տիրոջ Օրենքով
և Նրա Օրենքի շուրջ խորհրդածում է գիշեր ու ցերեկ:
 
3Նա նման կլինի
ջրանցքների ափին տնկված ծառի,
իր ժամանակին կտա իր պտուղը,
իր տերևները երբեք չեն թառամի.
ինչ անում է՝ կհաջողվի իրեն:
 
4Այսպես չեն չարագործները,
այլ՝ ինչպես քամին ցրում է մղեղը,
5չարագործները ոտքի վրա չեն մնա դատաստանի օրը,
ո՛չ էլ մեղավորները՝ արդարների հավաքում.
6Տերը ճանաչում է արդարների ճանապարհը,
իսկ չարագործների ճանապարհը կորստյան է մատնվելու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։