Սաղմոս 10 [9, 22-39] - Աղքատների քաղցը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 10 [9, 22-39] - Աղքատների քաղցը

Կցորդ.  
Երանի՜ արդարության համար հալածվածներին,
որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մտթ 5, 10):
կամ.  
Երանի՜ ձեզ, որ այժմ արտասվում եք,
որովհետև լիանալու եք բերկրանքով (Ղկս 6, 21):
կամ.  
Մինչև ե՞րբ, սուրբ և ճշմարտախոս Տեր,
կուշանաս արդարություն գործելու երկրի վրա (հմմտ. Հյտ 6, 10):

 


 

1Ինչո՞ւ ես հեռու մնում, Տեր,
և նեղության ժամանակ թաքցնում Քեզ.
2չարագործը լափում է աղքատին գոռոզությամբ,
լարված որոգայթների մեջ է գցում նրան:
 
3Պարծենկոտը հպարտանում է իր ցանկություններով,
ամբարիշտը անիծում ու հայհոյում է Տիրոջը.
4իր ինքնահավանությամբ լիացած՝ ուրիշ ոչինչ չի փնտրում.
«Աստված չկա». ահա սրանք են իր մտքերը:
 
5Իր հաջողություններով է շարունակ ուրախանում,
Քո վճիռները չափազանց բարձր են իր համար,
նա արհամարհում է իր բոլոր ընդդիմադիրներին,
6իր սրտում ասում է. «Երբեք չեմ սասանվի,
սերնդե սերունդ ես անկործանելի եմ մնում»:
 
7Իր անիծող բերանը կեղծիք է ու բռնություն,
իր լեզվի տակ՝ իշխանության զեղծում ու չարություն.
8դարանակալ նստում է գյուղերի մոտ,
գաղտնի սպանում է անմեղին:
Նրա աչքերը լրտեսում են տկարին,
9առյուծի նման թաքնվում է որջում.
դարանակալում է՝ հափշտակելու համար աղքատին,
որսում է աղքատին, քաշելով իր ցանցի մեջ:
 
10Ահա նա, կքվում է, կծկվում,
ուժգին սլանում, հարձակվում է տկարների վրա.
11իր սրտում ասում է. «Աստված մոռանում է,
չի տեսնում, ոչնչի վրա երբեք ուշադրություն չի դարձնում»:
 
***
 
12Ոտքի կանգնիր, Տեր, բարձրացրու ձեռքդ,
մի՛ մոռացիր աղքատներին, ո՜վ Աստված.
13ինչո՞ւ է ամբարիշտը հայհոյում իր սրտում
ասելով Աստծուն. «Չես գա ինձ հատուցելու»:
 
14Բայց Դու տեսնում ես հոգնությունն ու թախիծը,
Դու դիտում և վերցնում ես դրանք ձեռքիդ մեջ.
Քեզ են վստահում խեղճերը,
որբի օգնությունը Դու Ինքդ ես:
 
15Ջախջախիր չարագործի ու ամբարիշտի բազուկը,
եթե փնտրես չարությունը, այն այլևս չես գտնի.
16Տերը Թագավոր է ընդմիշտ, հավիտյան,
Իր երկրից անհետանալու են կռապաշտները:
 
17Աղքատների քաղցը Դու լսում ես, Տեր,
Դու հաստատում ես նրանց սիրտը և ականջ դնում՝
18արդարություն գործադրելու որբի ու ճնշվածի համար,
որպեսզի չշարունակի սարսափեցնել մահկանացուն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։