Սաղմոս 100 [99] - Մենք Նրա հոտն ենք – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 100 [99] - Մենք Նրա հոտն ենք

Մի քանի րոպեից մատուցվելու է պատարագը, որի միջոցով մարդը հաղորդակցության մեջ է մտնում աստվածության հետ (Ղևտ 7, 11-15): Ժողովրդին կոչ է արվում փառավորելու միակ Աստծուն, որ նախախնամում է ժողովրդին, որին Ինքն է ստեղծել ու ընտրել: Այս օրհներգը բավականին կարճ է, բայց լավ արտահայտում է սքանչացումը, որով պետք է որ լցվեր հավատացյալների սիրտը այն մտքին, որ իրենք Աստծո ձեռքերի մեջ են: Ամբողջ տիեզերքը կանչվում է մասնակցելու Աստծո ծառաների այս հավիտենական բերկրանքին: Քրիստոնյաներս աղոթում ենք, որպեսզի բոլոր մարդիկ լիանան Աստծո Եկեղեցու վերջին ծիսակատարության երանությամբ, երբ Աստված հավիտյան ներկա կլինի փրկվածների մեջ:
 

 
Կցորդ.  
Ամեն բան պատկանում է ձեզ,
բայց դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոսը՝ Աստծունը (1Կր 3, 22-23):
կամ.  
Դուք չեք պատկանում ինքներդ ձեզ.
հիրավի, թանկ գնով եք գնվել (հմմտ. 1Կր 6, 19-20):
կամ.  
Դուք այն ժողովուրդն եք, որին Աստված ձեռքբերեց՝
ավետարանելու համար Իր հրաշալի գործերը (հմմտ. 1Պտ 2, 9):
կամ.  
Մենք Աստծո գործն ենք, Հիսուս Քրիստոսի մեջ ստեղծված՝
կատարելու համար բարին (հմմտ. Եփս 2, 10):

 


 
1Երախտագիտության մատուցման սաղմոս:
Աղաղակեցեք դեպի Տերը, երկրներ բոլոր,
2ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ,
տոնական երգերով մտեք Նրա առաջ:
 
3Ճանաչեցեք, որ Տերն է Աստված,
Նա է, որ ստեղծել է մեզ և ո՛չ թե մենք,
մենք Իր ժողովուրդն ենք և հոտն Իր արոտի:
 
4Նրա դռներից ներս մտեք գովաբանությամբ,
Նրա հարկից ներս՝ օրհներգությամբ.
դավանեցեք Նրան, օրհնեցեք Նրա Անունը:
 
5Այո՛, Տերը բարի է,
Նրա շնորհը մնում է ընդմիշտ,
Նրա հավատարմությունը՝ սերնդից սերունդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։