Սաղմոս 103 [102] - Ինչպես գորովագութ է հայրը որդիների հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 103 [102] - Ինչպես գորովագութ է հայրը որդիների հանդեպ

Այս սաղմոսը Աստծո սիրույն ուղղված օրհներգ է: Խոսքերն ու պատկերները հերթափոխում են միմյանց, նկարագրելու համար նրա հարստությունն ու անսահմանությունը: Այն խորն է ինչպես հայրական քնքշանքը, աղբյուր է ներման, բժշկումի, նորոգման: Չնայած բոլոր մեղքերին, ժողովուրդն ու անհատ հավատացյալները կարող են ապավինել Տիրոջ ողորմությանը: Ահա՛ սերն անսահմանափակ Աստծո, որի Անունը Սուրբ է, գահը՝ երկնքում, թագավորությունը՝ տիեզերական ու հավիտենական: Նա այն «հայրիկ»ն է (արամայերեն՝ Աբբա), որի մասին մեզ պատմում էր Հիսուսը և որի բարությունն է նկարագրում Պողոս Առաքյալը (1Կր 2, 9): Հասկանալի է, թե ինչու է սաղմոսերգուն իր օրհներգի վերջում կոչ ուղղում ինքնին երկնքին՝ փառաբանելու այդպիսի Աստծուն:
 

 
Կցորդ.  
Սրանում բացահայտվեց Աստծո սերը.
Աստված աշխարհ առաքեց Իր միածին Որդուն (հմմտ. 1Հվհ 4, 9):
կամ.   Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ՝ Ինքն է, որ սիրեց մեզ (1Հվհ 4, 10):
կամ.  
Իր սիրեցյալ Որդու շնորհիվ
մենք ունենք փրկությունը և թողությունը մեղքերի (հմմտ. Կղս 1, 13-14):
կամ.  
Իր ողորմությունը
սերնդե սերունդ տարածվում է Իրենից երկնչողների վրա (հմմտ. Ղկս 1, 50):
կամ.  
Հիվանդներն է, որ բժշկի կարիքն ունեն.
չեմ եկել կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին (հմմտ. Մրկ 2, 17):

 


 
1Դավթի:
 
Հոգի իմ, օրհնիր Տիրոջը,
ներաշխարհ իմ, սրբության Նրա Անունը.
2հոգի իմ, օրհնիր Տիրոջը,
մի՛ մոռացիր Նրա բոլոր պարգևները:
 
3Նա է, որ ներում է քո հանցանքները,
բժիշկը քո հիվանդությունների,
4քո կյանքը գերեզմանից փրկողը,
որ պատում է քեզ սիրով ու քնքշանքով.
5Աստված բարիքներով հագեցնում է ծերությանդ օրերը,
գալիք աշխարհում նորոգվելու է երիտասարդությունդ:
 
6Տերը գործում է արդարությամբ,
պաշտպանում է զրկվածների իրավունքը.
7հայտնում է Մովսեսին Իր ճանապարհները,
Իր գործերը՝ Իսրայելի որդիներին:
 
***
 
8Ողորմած է Տերը և կարեկցող,
դանդաղ՝ զայրանալու, և մեծ՝ սիրո մեջ.
9Իր բարկությունը չի տևում ընդմիշտ,
Իր ցասումը չի մնում հավետ.
10մեր հետ չի վարվում մեր հանցանքների համաձայն,
մեզ չի փոխհատուցում մեր մեղքերի չափով:
 
11Որքան երկինքը բարձր է երկրից,
այնքան հզոր է Իր սերը Իրենից երկնչողների վրա.
12որքան հեռու է արևելքն արևմուտքից,
այնքան հեռացնում է մեզնից մեր հանցանքները:
 
13Ինչպես գորովագութ է հայրը որդիների հանդեպ,
այնպես Տերը գորովագութ է Իրենից երկնչողների հանդեպ.
14Նա ճանաչում է, թե ինչպիսին է մեր բնազդը,
հիշում է, որ մենք հողի փոշի ենք:
 
15Մարդը. նրա օրերը խոտի պես են,
նա ծլում է դաշտի ծաղկի նման.
16փչում է նրա վրա քամին և այլևս չկա,
հետքեր չեն մնացել նրա տեղից:
 
***
 
17Բայց Տիրոջ սերը հավատացյալների վրա է
հավիտյանս հավիտենից,
Նրա արդարությունը՝ նրանց որդիների որդիների վրա.
18նրանց վրա, ովքեր պահում են Իր ուխտը
և հիշում են Իր կամքը, այն գործադրելու համար:
 
19Տերն Իր գահն ունի երկնքում,
Նրա թագավորությունն ամբողջ տիեզերքի վրա է.
20Նրա հրեշտակներ, օրհնեցեք Տիրոջը,
Նրա խոսքի անհաղթ կատարողներ,
որ ուշադիր եք Նրա խոսքի ձայնին:
 
21Դուք, Նրա բոլոր զորքեր, օրհնեցեք Տիրոջը,
դուք, ծառաներ, Նրա կամքը կատարողներ.
22դուք, Նրա բոլոր գործեր, օրհնեցեք Տիրոջը,
Նրա տերության բոլոր վայրերում:
 
Հոգի իմ, օրհնիր Տիրոջը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։