Սաղմոս 104 [103] - Քանիցս բազմաթիվ են գործերդ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 104 [103] - Քանիցս բազմաթիվ են գործերդ, Տեր

Աշխարհն իր օվկիանոսներով, լեռներով ու տարվա եղանակներով, արևի ու լուսնի լույսով լուսավորված, ծառերով, թռչուններով ու ամեն տեսակ կենդանիներով հարուստ, մի հոյակապ բնակավայր է, որը մարդն է՛լ ավելի հյուրընկալ կարող է դարձնել իր աշխատանքով: Այս հրաշալի տեսարանի դիմաց կանգնելով և այն լավատեսությամբ ու հոգատար ուշադրությամբ նկարագրելով, սաղմոսերգուն ուղղվում է առ Աստված և գովաբանում է փառքը, որը շողարձակ փայլում է Նրա ձեռքերի գործերում: Սաղմոսի վերջում միայն, մի հայացք է նետում մեղքի վրա, որը միակ իրողությունն է, որ տխրալի կերպով մթագնում է արարչության գեղեցկությունը և կարող է կործանել այդ զարմանահրաշ ներդաշնակությունը: Եվ սաղմոսերգուն խնդրում է, որ մեղքը անվերադառնալի կերպով ջնջվի երկրի երեսից:
Հանձինս սաղմոսում հիշատակվող Աստծո արարիչ Հոգու, Եկեղեցին ճանաչում է Աստծո Սուրբ Հոգուն, որը նորոգում է վտանգի ենթարկված ներդաշնակությունը և բխեցնում է նոր արարչությունը, Քրիստոսի մեջ վերածնված «նոր մարդ»ուն (2Կր 5, 17):
 

 
Կցորդ.  
Որդու միջոցով են ստեղծվել բոլոր գոյությունները,
երկնայիններն ու երկրայինները (հմմտ. Կղս 1, 16):
կամ.  
Աստծո բոլոր ստեղծվածքները բարի են,
եթե ընդունվում են երախտագիտության մատուցմամբ (հմմտ. 1Տմ 4, 4):
կամ.   Աստված բոլորին տալիս է կյանքը, շունչը և ամեն բան (հմմտ. Գրծ 17, 25):
կամ.  
Երկնքի թռչունները ո՛չ սերմանում են, ո՛չ էլ հնձում,
բայց ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է (հմմտ. Մտթ 6, 26):
կամ.  
Աստծո անտեսանելի հատկությունները
կարող են տեսնվել Իր գործերի մեջ (հմմտ. Հռմ 1, 20):

 


 
1Հոգի իմ, օրհնիր Տիրոջը,
քանիցս մեծ ես, Տեր Աստված իմ.
զգեստավորվել ես գեղեցկությամբ ու մեծվայելչությամբ,
2փաթաթվել ես լույսի պատմուճանի մեջ:
 
Դու տարածում ես երկինքը վրանի նման,
3ջրերի վրա վեր ես խոյացնում օթևաններդ.
ամպերը Քո համար կառք ես դարձնում
և պարում ես քամու թևերի վրա.
4քամիները Քո պատգամաբերներն ես դարձնում,
Քո պաշտոնյաները՝ կայծակի բոցերը:
 
5Հիմքեր տվեցիր երկրին,
որպեսզի հավիտյան անսասան մնա.
6նրան որպես հագուստ տվեցիր օվկիանոսը,
նրա ջրերը ծածկում էին լեռները.
7հանդիմանեցիր նրանց, փախան,
դողացին որոտմանդ ձայնից:
 
8Լեռներից անցնելով, իջան հովիտներին,
դեպի իրենց սահմանված վայրը.
9անանցանելի սահման դրեցիր նրանց առաջ,
չեն վերադառնա ծածկելու երկիրը:
 
10Հորդառատ գետեր ես բխեցնում աղբյուրներից,
ընթանում են սարերի միջով.
11ջուր են տալիս դաշտերի կենդանիներին,
վայրի ավանակները հագեցնում են իրենց ծարավը.
12երկնքի թռչունները սավառնում են վերևում,
երգեր են հյուսում տերևների մեջ:
 
***
 
13Քո օթևաններից ոռոգում ես լեռները,
հագեցնում ես երկիրը գործերիդ պտղով.
14հովիտները բուսականությամբ ես ծածկում հոտերի համար,
և դաշտերը, որոնք մշակում է մարդը:
 
Երկրից է մարդը հանում իր սնունդը,
15գինին, որ ուրախացնում է իր սիրտը,
ձեթը, որ փայլեցնում է իր երեսը,
հացը, որ ուժ է տալիս մարդու սրտին:
 
16Հագենում են Տիրոջ ծառերը,
Լիբանանի մայրիները, որ Նա տնկել է.
17նրանց վրա թռչունները բույն են դնում,
կիպարիսների վրա արագիլն ունի իր տունը.
18եղջերուներին՝ բարձր լեռները,
նապաստակներին՝ ժայռերի ապաստանները:
 
19Ստեղծեցիր լուսինը՝ տոները ցույց տալու համար,
և արևը, որ գիտի մայրամուտի իր ժամը.
20իջեցնում ես խավարը և գիշեր է,
արթնանում են անտառի կենդանիները.
21դեպի իրենց որսն են մռնչում առյուծի կորյունները,
Աստծուց խնդրում են իրենց կերակուրը:
 
22Արևը ծագելիս քաշվում են,
իրենց որջերում բոլորը հանդարտվում են.
23դուրս է գալիս մարդը աշխատանքի գնալու համար,
իր գործը կատարելու համար մինչև երեկո:
 
***
 
24Քանիցս բազմաթիվ են գործերդ, Տեր,
դրանք բոլորն էլ արել ես իմաստությամբ.
Քո արարածներով լի է երկիրը:
 
25Ահա ծովը, ընդարձակ ու խոր,
ուր անթիվ զեռում են կենդանիներ վիթխարի ու փոքրագույն.
26վերևում ընթանում են նավերը,
Լևիաթանը, որ ստեղծեցիր, այնտեղ է խաղում:
 
27Եվ բոլորը Քեզ են ապավինում,
որ Դու ժամանակին կերակրես իրենց.
28Դու պարգևում ես այն, նրանք վերցնում են,
բացում ես ձեռքդ, հագենում են բարիքներով:
 
29Թաքցնում ես երեսդ, սարսափում են,
ետ ես վերցնում նրանց շունչը, մահանում են
և վերադառնում են հողի փոշուն.
30առաքում ես Հոգիդ, ստեղծվում են,
և նորոգում ես երկրի երեսը:
 
31Տիրոջ փառքը թող լինի հավետ,
թող Տերն ուրախ լինի Իր գործերով.
32Նա դիտում է երկիրը, որն իսկույն դողում է,
հպվում է լեռներին, որոնք իսկույն բոցավառվում են:
 
33Երգելու եմ Տիրոջը քանի դեռ ապրում եմ,
շարականներ եմ ասելու իմ Աստծուն քանի դեռ գոյություն ունեմ.
34երգս թող հաճելի լինի Նրան,
որովհետև Տիրոջ մեջ է իմ բերկրանքը:
 
35Մեղավորներն անհետանալու են երկրից,
հետք չի մնալու ամբարիշտներից:
 
Հոգի իմ, օրհնիր Տիրոջը:
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։