Սաղմոս 106 [105] - Մեղանչեցինք մեր հայրերի հետ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 106 [105] - Մեղանչեցինք մեր հայրերի հետ

Գեղեցիկ օրհնություններով է սկսվում այս սաղմոսը, բայց 6րդ տողից սկսած ձայներանգը փոխվում է, դառնում է ողբասաց արարողություն, մասնակից ենք դառնում մի ազգային հավաքական խոստովանության. հատկապես աքսորից հետո, սա է ավերածության ու խոր տրտմության ժամանակների աղոթքը (Ես 63, 7 - 64, 11; Նեեմ 9, 5-37; Դն 9): Իսրայելի զղջացած ժողովուրդը հիշում է հայրերի մեղքերը, բայց դա անում է՝ սեփական մեղքերը խոստովանելու համար, որովհետև ժողովուրդը շարունակում է անցյալի անհավատարմությունների երկար շարանը: Սեփական պատմության շուրջ այս խորհրդածությունը կարծես լրացնում է նախորդ սաղմոսի կատարած խորհրդածությանը, նրան հակասելով: Այնտեղ խոսվում էր միայն Աստծո հրաշքների մասին, այստեղ անցյալից վերհիշվում են միայն մարդկանց մեղքերը: Նրանց հայրերը թերացել են Աստծո հանդեպ հավատքի մեջ, պաշտել են ոսկե հորթին (19; Ել 32), մի տեսակ դժկամությամբ են գրավել խոստացված երկիրը (24; Թց 14, 3-4), որդեգրել են հեթանոսական սովորույթներ (28-35; Թց 25; Դտ 2, 1-5) և զոհեր են մատուցել կուռքերին (36-38; 1Թգ 16, 24):
Ավելի ուշ, Պողոս Առաքյալը գրելու էր, թե ինչպես է մեղքի փոթորկահույզ ծովն ընկղմում մարդկությանը. «Բոլորն էլ մեղանչել են և զրկվել են Աստծո փառքից» (Հռմ 3, 23): Բայց մեղքի պատմությանը հակադրվում է Աստծո սիրո պատմությունը. Տերը միշտ ներել ու ազատել է Իր ժողովրդին: Ուստի հիշելով Աստծո անսահման բարությունը, Աստծո ծառաները կարող են խոստովանել իրենց մեղքերը և աղերսանքով դիմել Աստծուն, խնդրելով Նրա ներումն ու փրկությունը: «Ուր առատացավ մեղքը, գերառատացավ շնորհը» (Հռմ 5, 20): Մեղքի խոստովանությունը չի տանում հուսահատության, այլ ընդհակառակն՝ Սիրո ճանաչմանը:
 

 
Կցորդ.  
Այս բաները կատարվեցին որպես օրինակ մեր համար,
որպեսզի չար բաներ չցանկանանք (1Կր 10, 6):
կամ.  
Իսրայելացիների անկման հետևանքով՝
փրկությունը հասել է հեթանոսներին (հմմտ. Հռմ 11, 11):
կամ.   Ով կարծում է, թե ոտքի վրա կանգուն է, թող զգույշ լինի չընկնելու (1Կր 10, 12):
կամ.  
Ես պատժում և սրբագրում եմ նրանց, ում սիրում եմ.
եռանդուն եղիր, ուրեմն, և դարձի եկ (Հյտ 3, 19):

 


 
1Ալելուիա:
 
Երախտագիտություն մատուցեք Տիրոջը, Նա բարի է,
հավիտենական է Իր սերը.
2ո՞վ կարող է պատմել Տիրոջ հրաշքները,
հնչեցնել Նրան վայել բոլոր գովասանքները:
 
3Երանի՜ նրան, ով վարվում է արդարությամբ,
և գործադրում է իրավունքն ամեն ժամանակ.
4հիշիր ինձ, Տեր,
հանուն այն սիրո, որ տածում ես ժողովրդիդ հանդեպ:
 
Այցելիր ինձ և բեր ինձ փրկությունը,
5թող որ ես տեսնեմ ընտրյալներիդ բարիքը.
թող որ ես ցնծամ ժողովրդիդ ցնծությամբ,
պարծենամ Քո ժառանգությամբ:
 
6Մեր հայրերի հետ մենք մեղանչեցինք,
շեղվեցին և ուրացանք.
7նրանց հետ, երբ Եգիպտոսում էին
և չէին հասկանում Քո սքանչելիքները.
չէին հիշում Քո սիրո առատությունը,
ապստամբելով Կարմիր Ծովի մոտ:
 
***
 
8Փրկեց նրանց հանուն Իր սիրո,
նրանց համար բացահայտեց Իր ուժը.
9սպառնաց Կարմիր Ծովին և չորացրեց այն,
ցամաքի վրայով առաջնորդելու համար նրանց, ալիքների միջով.
10հարստահարողի ձեռքից փրկեց նրանց,
ազատագրելով նրանց թշնամու ձեռքից:
 
11Ջրերը ծածկեցին նրանց կեղեքողներին,
նրանցից ոչ մեկը չփրկվեց.
12հայնժամ հավատացին Նրա խոսքին,
հնչեցնելով գովքի մի երգ:
 
13Բայց ահա, նրանք մոռանում են Նրա գործերը,
Նրա ծրագրի հանդեպ հույսի մեջ թերանում են.
14անապատում այրվում են ցանկություններով,
միայնության մեջ փորձում են Աստծուն.
15Նա կատարում է նրանց պահանջները
և հագեցնում է նրանց որկրամոլությունը:
 
16Բանակատեղում նախանձում են Մովսեսին
և Ահարոնին՝ Տիրոջ սրբին.
17բացվում է հողը և կլանում Դաթանին,
ծածկում է Աբիրոնի խմբին.
18կրակը լափում է այդ խմբին,
հուրը սպառում է այդ ապստամբներին:
 
19Քորեբի վրա պատրաստում են մի հորթ,
երկրպագում են մետաղե առարկայի.
20փոխանակելով Նրան, ով իրենց փառքն է,
խոտ ուտող եզան պատկերի հետ:
 
21Մոռանում են իրենց փրկող Աստծուն,
որ հեղինակն է Եգիպտոսում կատարված հրաշքների,
22Քամի երկրում կատարված սքանչելիքների,
Կարմիր ծովի մոտ եղած զարմանալի գործերի:
 
23Հայնժամ որոշում է ոչնչացնել նրանց,
բայց ոտքի է կանգնում Մովսեսն, Իր ընտրյալը,
որ շարունակելով Նրա առջև ոտքի կանգնած մնալ՝
Նրա զայրույթին արգելում է բնաջնջել նրանց:
 
24Մերժում են վայելքների երկիրը,
չեն հավատում Աստծո խոսքին.
25շարունակում են տրտնջալ իրենց վրաններում,
չեն ունկնդրում Տիրոջ ձայնը:
 
26Նա Իր ձեռքը բարձրացնում է նրանց դեմ,
երդվելով կորստյան մատնել նրանց անապատում.
27հեթանոսների մեջ վռնդել նրանց սերունդը,
ցիրուցան անելով նրանց ամբողջ երկրով մեկ:
 
28Զուգավորվում են Փեոր կուռքի հետ,
մասնակցում են մեռածների զոհասեղաններին.
29բարկացնում են Նրան իրենց վարվելակերպով,
մինչև որ իրենց մեջ բռնկվում է մահաբեր հիվանդությունը:
 
30Բայց Փենեեսը ոտքի է ելնում արդարություն անելու
և հայնժամ հիվանդությունը դադարում է.
31նրան դա համարվում է արդարություն
սերնդից սերունդ հավիտյան:
 
32Բարկացնում են Նրան Մերիբայի ջրերի մոտ,
նրանց հանցանքով՝ պատժվում է Մովսեսը.
33իր հոգու խորքում նրանցից դառնացած՝
առանց խորհելու բացում է բերանը:
 
34Հրաժարվում են հեթանոսներին բնաջնջելուց,
ինչպես հրամայել էր Տերը.
35խառնվում են կռապաշտների մեջ
և նրանց պես վարվել են սովորում:
 
36Ծառայության են նվիրվում նրանց կուռքերին,
որոնք իրենց համար որոգայթ են դառնում.
37որպես զոհ են հանձնում սեփական որդիներին
և սեփական դուստրերին մատուցում են դևերին:
 
38Հասնում են հեղելու անմեղ արյունը,
արյունը որդիների ու դուստրերի.
նրանց զոհում են Քանանի կուռքերին,
և երկիրը պղծվում է արյամբ.
39այս արարքներով դառնում են անսուրբ,
իրենց վարմունքի մեջ պոռնկանում են:
 
***
 
40Տերը զայրույթից այրվում է Իր ժողովրդի դեմ,
զզվում է Իր ժառանգությունից.
41հանձնում է նրանց հեթանոսների ձեռքը,
նրանց թշնամիները դառնում են նրանց տերերը.
42նրանց հակառակորդները դառնում են նրանց բռնակալները,
նրանց ճզմում են իրենց ձեռքի ներքո:
 
43Բազում անգամներ ազատեց նրանց,
բայց նրանք համառում են ապստամբության մեջ,
ընկղմվում են իրենց մեղքի մեջ:
 
44Բայց Նա հայում է նրանց կեղեքմանը,
երբ Իրեն հասնում է նրանց աղաղակը.
45հիշում է նրանց հետ կնքված ուխտը,
Իր անսպառելի սիրո մեջ՝ նրանց մխիթարում է.
46պարգևում է նրանց կարեկցանք գտնել
նրանց մոտ, ովքեր իրենց գերի են պահում:
 
47Փրկիր մեզ, Տեր, Աստված մեր,
ի մի ժողովիր մեզ բոլոր հեթանոսների միջից.
երախտագիտություն կմատուցենք սրբության Քո Անվանը,
Քեզ գովել կարողանալով կպարծենանք:
 
48Օրհնյալ է Տերը, Աստվածն Իսրայելի,
ի հավիտենից և ի հավիտյանս հավիտենից:
Ամբողջ ժողովուրդը թող ասի. Ամեն:
 
Ալելուիա:
 

 
Վերջ Սաղմոսների Չորրորդ Գրքի
 
Սաղմոսարանի այս վերջին մասում ամփոփված ենք գտնում երկու հավաքածոներ. ուխտագնացության սաղմոսները, որոնք կոչվում են «Աստիճանների երգեր» (120-134), և Հալելը, որ նշանակում է գովաբանություն (113-118, 136, 146-150): Ինչպես նաև հանդիպում ենք սաղմոսների մի նոր խմբի, որոնց հեղինակումը վերագրվում է Դավիթ թագավորին (138-145): Աղաչանքի աղաղակները տակավին ներկա են այս աղոթքներում, բայց արդեն իսկ փայլում է բերկրանքը ուխտավորի դեմքին, որը մոտենում է Տիրոջը: Աստծո ներկայությանը հնչեցված սրտաբուխ փառաբանությունը Սաղմոսարանի ավարտական մասը դարձնում է երանության մի հոյակապ համանվագ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։