Սաղմոս 108 [107] - Երկնքից ավելի մեծ է Քո սերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 108 [107] - Երկնքից ավելի մեծ է Քո սերը

Տարբեր սաղմոսներից վերցված երկու պատառիկներ (Սղմ 57, 8-12 և Սղմ 60, 7-14) ծառայել են շարադրելու համար այս սաղմոսը, որն իսրայելացիները գործածում էին սպասելով իրենց երկրի ազատագրմանը: Սաղմոսերգուն արդեն նշմարում է, թե ինչպես է Տերն համախմբում Իր բոլոր որդիներին և առաջնորդում է նրանց, ինչպես անցյալում, պայքարելու հարևան հեթանոսների դեմ: Պատերազմական ոգիով լի այս տաղը, սակայն, իր մարգարեական իմաստով դառնում է հույսի,
բերկրանքի ու փառաբանության տաղ, որովհետև Աստծո փառքը սփռվելու է ամբողջ մարդկության վրա:
 

 
Կցորդ.  
Փրկություն, փառք և զորություն մեր Աստծուն.
արդար և ճշմարիտ են Իր դատաստանները (հմմտ. Հյտ 19, 1-2):
կամ.  
Հարկավոր է, որ Քրիստոսը թագավորի,
մինչև որ բոլոր թշնամիներին կդնի Իր ոտքերի ներքո (հմմտ. 1Կր 15, 25):
կամ.  
Դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք.
լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ (հմմտ. 1Թղ 5, 4-5):
կամ.  
Արդ ժամանակն է ձեզ քնից արթնանալու,
որովհետև այժմ մեր փրկությունն առավել մոտ է (Հռմ 13, 11):

 


 
1Երգ: Սաղմոս: Դավթի:
 
2Իմ սիրտը հաստատուն է, ո՜վ Աստված,
ես ուզում եմ երգել և սաղմոս ասել.
3արթնացեք, տավիղ ու քնար,
արթնացնելու եմ արշալույսը:
 
4Ժողովուրդների առաջ
երախտագիտություն եմ հայտնում Քեզ, Տեր,
ազգերի առաջ երգում եմ Քեզ.
5Քո սերը երկնքից ավելի մեծ է,
Քո ճշմարտությունը՝ ամպերից ավելի վեր:
 
6Երկնքից ավելի վեր բարձրացիր, Աստված,
և թող Քո փառքը լցնի երկիրը.
7որպեսզի փրկվեն Քո ընտրյալները,
փրկիր Քո աջով և պատասխանիր:
 
8Աստված խոսեց Իր Սրբավայրում.
«Ես ցնծում եմ և բաժանում եմ Սյուքեմը,
կտոր կտոր եմ անում Սուքքոթի հովիտը:
 
9Իմն է Գաղաադը և Իմն է Մանասեն,
Եփրեմն Իմ գլխի սաղավարտն է,
Հուդան՝ հրամանատարությանս գավազանը:
 
10Մովաբն այն ավազանն է, որում լվացվում եմ,
Եդոմի վրա նետում եմ հողաթափս,
հաղթանակ եմ աղաղակում փղշտացիների վրա»:
 
11Ո՞վ կառաջնորդի ինձ ամրացված քաղաքից ներս,
ո՞վ կտանի ինձ Եդոմ.
12եթե ոչ՝ Դու, ո՜վ Աստված, որ այժմ մերժում ես մեզ
և այլևս դուրս չես գալիս մեր զորքերի հետ:
 
13Նեղության մեջ օգնության հասիր մեզ, Աստված,
մարդը փրկություն տալ չի կարող.
14Աստծո հետ՝ մեծ գործեր կկատարենք,
միայն Նա կջախջախի մեր թշնամիներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։