Սաղմոս 109 [108] - Նրանք անիծում են, բայց Դու օրհնում ես – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 109 [108] - Նրանք անիծում են, բայց Դու օրհնում ես

Սաղմոսարանում ատելության ու վրիժառության ուրիշ սաղմոսների էլ ենք հանդիպում (օրինակի համար, Սղմ 16; 35; 137; 139), բայց դրանցից ոչ մեկն այնքան կատաղի չէ, որքան այս մեկը: Անշուշտ, հարկավոր է միշտ հիշել, որ Արևելքում արտահայտվելիս հոժարությամբ են չափազանցում, ինչպես նաև ճիշտ է, որ երբ շարադրվում էր այս սաղմոսը, հավատքը տակավին այնքան հասունացած չէր, որ կարողանար փոխել տալ փոխադարձ վրիժառության հինկտակարանյան օրենքը: Բայց Ավետարանում ևս կան անեծքներ ու նզովքներ (Մտթ 23, 13-36; Ղկս 6, 24-26): Հիսուս Քրիստոսն ու Առաքյալները ներում էին իրենց թշնամիներին, բայց չար գործերի ետևում տեսնում էին թաքնված «հին թշնամուն» (Հյտ 12, 9), չար ոգիներին: Ահա այդ չարքերին նրանք ընդդիմանում էին ամբողջ ուժգնությամբ: Ընդունելով և գործածելով անեծքներ պարունակող սաղմոսները, Եկեղեցին քրիստոնյաներին կոչ է անում պայքարել չար ոգիների դեմ (Եփս 6, 12), սկսելով սեփական սրտի տարածքից:
 

 
Կցորդ.  
Դուք ինքներդ ձեզնից դատաստան մի՛ արեք,
այլ՝ թողեք, որ գործի աստվածային բարկությունը (հմմտ. Հռմ 12, 19):
կամ.   Օրհնեցեք նրանց, ովքեր հալածում են ձեզ, օրհնեցեք և մի՛ նզովեք (Հռմ 12, 14):
կամ.   Մի՛ թող, որ չարը հաղթի քեզ, այլ՝ բարիով հաղթիր չարին (Հռմ 12, 21):
կամ.   Սիրեցեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին (Ղկս 6, 27):
կամ.  
Օրհնեցեք նրանց, ովքեր անիծում են ձեզ,
աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ չարչարում են (Ղկս 6, 28):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի: Սաղմոս:
 
Գովաբանություններիս Աստված, լուռ մի՛ մնա,
2իմ դեմ բացվել է չարագործի բերանը.
նենգավոր բերանն իմ մասին ստեր է ասում,
3շրջապատում են ինձ ատելության խոսքերով,
առանց պատճառի իմ դեմ պատերազմում են:
 
4Սերս փոխհատուցում են մեղադրանքներով,
մինչ ես կանգնած եմ աղոթքի.
5բարիքի փոխարեն ինձ հատուցում են չարիք,
և ատելություն՝ իմ սիրո փոխարեն:
 
***
 
6«Թող մի ամբարիշտ նշանակվի նրա դեմ,
նրա աջ կողմում թող կանգնի ամբաստանողը.
7դատարանից թող հանցապարտ դուրս գա,
նրա աղոթքը թող վերածվի մեղքի:
 
8Թող կարճացվեն նրա կյանքի օրերը,
մի ուրիշը թող վերցնի նրա պաշտոնը.
9նրա որդիները որբեր դառնան,
նրա կինը թող դառնա այրի:
 
10Նրա որդիները մուրալով թափառեն,
դուրս վռնդվեն իրենց ավերված տներից.
11վաշխառուն լափի նրա բոլոր ունեցվածքները,
օտարներն հափշտակեն նրա տիրույթը:
 
12Ոչ ոք թող նրա համար ողորմություն չխնդրի,
ոչ ոք չողորմի նրա որբերին.
13թող զրկված լինի սերնդից,
նրա անունը թող անհետանա գալիք սերնդի միջից:
 
14Նրա հայրերի հանցանքները թող հիշվեն Տիրոջ առաջ,
թող չջնջվի նրա մոր մեղքը.
15թող միշտ Տիրոջ առաջ լինեն,
նրա հիշատակը թող ջնջվի երկրից»:
 
***
 
16Ահա այսպես մերժում է ողորմություն անել,
հալածելով խեղճին ու աղքատին,
սպանելով խոնարհված սիրտ ունեցողներին.
17սիրեց նզովքը, թող ընկնի իր վրա,
ատեց օրհնությունը, թող նրանից հեռանա:
 
18Անեծքը, որ հագնում էր որպես պատմուճան,
թող ջրի նման թափանցի նրա որովայնից ներս,
թող յուղի նման ներծծվի ոսկորների մեջ:
 
19Թող նրա համար լինի որպես զգեստ, որ պատում է նրան,
գոտի, որ սեղմում է նրան ընդմիշտ.
20որովհետև Տերն այդպես է վարձատրում զրպարտողներին,
նրան, ով չարիք է խոսել իմ դեմ:
 
21Իսկ Դու, Տեր, Աստված իմ,
միջամտիր Քո Անվան պատճառով,
հավատարիմ սիրույդ համաձայն՝ օգնիր ինձ:
 
22Ես խեղճ եմ ու աղքատ,
սիրտս խոցված է ինձնում.
23քայլում եմ ինչպես խոնարհվող ստվերը,
ինչպես մորեխը, որ ոտքի տակ ճզմվում է:
 
24Ծնկներս նվաղել են պահքից,
մարմինս նիհարել է և ուժասպառ եղել.
25նրանց համար դարձել եմ նախատինք,
ով ինձ տեսնում է, թափահարում է գլուխը:
 
26Օգնիր ինձ, Տեր, Աստված իմ,
փրկիր ինձ հանուն Քո սիրո շնորհի.
27թող ճանաչեն, որ ձեռքդ գործում է,
որ Դու, Տեր, միջամտում ես:
 
28Նրանք անիծում են, բայց Դու օրհնում ես,
բարձրանում են, բայց խոնարհեցվում,
ծառադ ուրախությունից ցնծում է.
29մեղադրողներս ծածկված են ամոթով,
պատված են անարգության պատմուճանի մեջ:
 
30Լիաձայն երախտագիտություն եմ մատուցում Տիրոջը,
ամբոխների մեջ մեծարում եմ Նրան.
31որովհետև կանգնած է աղքատի աջին,
փրկելու համար նրանցից, ովքեր դատապարտում են նրան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։