Սաղմոս 11 [10] - Ես Տիրոջն եմ ապավինում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 11 [10] - Ես Տիրոջն եմ ապավինում

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ծանր փորձառությունն է ունենում թշնամաբար տրամադրված ու ապականված աշխարհի հարձակումների: Հավատացյալը կտրականապես մերժում է փախչելու խորհուրդը: Ով ապավինում է Աստծուն, բժշկվում է վախից: Մարդկանց բռնությունը չի կարող հաղթանակել Աստծո արդարության դեմ:
 

 

Կցորդ.  
Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ մեզ հակառակ կլինի:
Ո՞վ կմեղադրի Աստծո ընտրյալներին (հմմտ. Հռմ 8, 31.33):
կամ.  
Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց.
նեղությո՞ւնը, տրտմությո՞ւնը, հալածա՞նքը (Հռմ 8, 35):
կամ.  
Երանի՜ ձեզ, եթե տառապում եք արդարության համար.
ձեր սրտերում սրբացրեք Տիրոջը՝ Հիսուսին (հմմտ. 1Պտ 3, 14-15):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի:
 
Ես Տիրոջն եմ ապավինում,
ինչպե՞ս եք ինձ ասում.
«Դեպի մացառուտները փախիր, ճնճղուկի նման.
2չե՞ս տեսնում, որ չարագործները աղեղ են լարում:
 
Նետը պատրաստում են լարի վրա,
սրտով ուղիղներին խավարի մեջ խոցելու համար.
3երբ սասանվել են հիմքերը,
արդարը նույնպես ի՞նչ կարող է անել»:
 
4Բայց Տերն Իր Սրբության օթևանում է,
երկնքում է Տիրոջ գահը.
Իր աչքերը միշտ բաց դիտում են,
Իր բիբերը խուզարկում են մարդկանց:
 
5Տերը քննում է արդարին ու չարագործին,
ով անարդարություն է սիրում, ատում է իր սեփական կյանքը.
6հրաշեկ ածուխ, կրակ ու ծծումբ է անձրևելու չարագործների վրա,
նրանց գավաթը լինելու է այրող քամի.
7Տերն արդար է և սիրում է արդարությունը,
արդարները տեսնելու են Նրա դեմքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։