Սաղմոս 110 [109] - Նստիր իմ աջ կողմում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 110 [109] - Նստիր իմ աջ կողմում

Այս փոքրիկ, բայց միաժամանակ զարմանալի սաղմոսը հինկտակարանյան և քրիստոնեական ավանդություններում դարձել է գերագույն աստիճանի մեսիական սաղմոս-մարգարեությունը: Սաղմոսարանում իր մնայուն տեղը գրավելուց առաջ, այն դարերի ընթացքում այնքան է գործածվել ու հարմարեցվելով խմբագրվել, որ այժմ դժվար է կատարյալ կերպով վերակազմել նրա բնագիրը: Ամենահին շարադրանքն անկասկած հասնում է հրեական միապետության սկզբնավորության ժամանակներին: 2րդ սաղմոսի հետ միասին, այն մաս էր կազմում թագավորական գահակալության արարողակարգին: Մինչ նոր թագավորը Աստծո ժողովրդի գլուխ էր կարգվում օծմամբ – որով դառնում էր Աստծո «օծյալը» (եբրայեցերեն՝«մեսիա», հունարեն՝«քրիստոս») – պալատական մարգարեն հռչակում էր միապետի փառքը (1), իսկ քահանաներից մեկը նրան իշխանություն էր տալիս լինելու միջնորդ Աստծո և մարդկանց միջև (4): Ապա կանխավ արդեն հռչակվում էին նոր թագավորի հաղթանակները հարևան խռովարար հեթանոսների դեմ:
Հետագայում սաղմոսը խմբագրվել է, թերևս մի քանի անգամ. խոսքերը դադարել են ուղղվել մահկանացու թագավորներին, այլ՝ Մեսիային, որը երկրային ժամանակների վերջում գալու է վերահաստատելու ամեն բան հանուն Աստծո: Նա պատկանելու է թագավորական ընտանիքի (2Սմ 7, 16), կանչված է լինելու դատելու ժողովուրդներին և թագավորելու ամբողջ աշխարհի վրա: Նա չի դասակարգվելու ժողովուրդների իշխանների շարքին, որոնք իշխանություն ունեն մարդկանց վրա, որովհետև Աստված Ինքը Նրան տալու է հավիտենական թագավորի ու քահանայի իշխանությունը. սա է իմաստն ու նշանակությունը այն զուգահեռ համեմատության, որն անցկացվում է Սաղեմի թագավոր և քահանա, խորհրդավոր Մելքիսեդեկի հետ, որի երկրային ծագումը ոչ ոքի հայտնի չէ (Ծնդ 14, 18; Եբր 7, 3):
Հանձինս Հիսուսի՝ Աստծո միածին Որդու, որ կրում է Քրիստոս, այսինքն՝ Օծյալ, Մեսիա տիտղոսը, կատարվում է այս սաղմոսի մարգարեական խոստումը, ինչպես Հիսուսն Ինքը հասկացնում է փարիսեցիներին (Մտթ 22, 41-45; 26, 64): Առաքյալներն այս սաղմոսն են գործածում հռչակելու համար հարուցյալ Քրիստոսի՝ տիեզերքի Տիրոջ փառքը (Մրկ 16, 19; Գրծ 2, 33-35; Հռմ 8, 34; Եփս 1, 20; Կղս 3, 1; 1Պտ 3, 22; 1Կր 15, 25-28; Եբր 10, 12-13): Պողոս Առաքյալն այս սաղմոսում է տեսնում ապացույցը, որ Քրիստոսը գերազանցում է Հին Ուխտի քահանաներին և միմիայն Նա է մարդկանց Փրկիչը (Եբր 7):
 

 
Կցորդ.  
Տեր Հիսուսը համբարձավ երկինք
և նստեց Աստծո աջ կողմում (հմմտ. Մրկ 16, 19):
կամ.  
Ահա, տեսնում եմ երկինքը բացված
և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմում (Գրծ 7, 56):
կամ.  
Փնտրեցեք վերին իրականությունները,
ուր Քրիստոսը նստած է Աստծո աջ կողմում (Կղս 3, 1):
կամ.  
Հիսուս Քրիստոսն Աստծո աջ կողմում է.
հրեշտակներն ու զորությունները ենթարկվում են Նրան (հմմտ. 1Պտ 3, 22):
կամ.  
Իր դրոշի վրա գրված է մի անուն.
թագավորների Թագավոր և տերերի Տեր (Հյտ 19, 16):

 


 
1Դավթի: Սաղմոս:
 
Տերն ասաց իմ Տիրոջը.
«Նստիր Իմ աջ կողմում,
մինչև թշնամիներիդ կդնեմ
պատվանդան ոտքերիդ ներքո»:
 
2Տերը Սիոնից առաքում է Քեզ
զորությանդ գավազանը.
իշխի՛ր թշնամիներիդ մեջ:
 
3Քո հետ է զորության օրերի սկիզբը.
ծոցից, սրբության մեծվայելչության մեջ,
ի սկզբանե ծնեցի Քեզ, ո՜վ Որդի:
 
4Տերը սա երդվեց ընդմիշտ
և չի զղջալու.
«Դու քահանա ես հավիտյան,
Մելքիսեդեկի նման»:
 
5Իմ Տերը կանգնած է Քո աջ կողմում,
թագավորներին ոչնչացնելու է.
երբ հասնի Իր բարկության օրը,
6դատելու է հեթանոսներին:
 
Ջախջախելու է երկրին տիրող գլուխը,
անցնելու է դիակների միջով.
7անցնելիս խմելու է աղբյուրից,
բարձր է պահելու Իր գլուխը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։