Սաղմոս 111 [110] - Կարեկցող և ողորմած է Տերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 111 [110] - Կարեկցող և ողորմած է Տերը

Այս սաղմոսում մի իմաստուն մարդ կամենում է համառոտ կերպով ներկայացնել Հին Կտակարանի կրոնական էությունը. Տերն ազատագրել է Իր ժողովրդին, որպեսզի նրա հետ ուխտ կնքի և նրան հայտնի Իր կամքը: Սաղմոսերգուն մտովին հայում է աստվածային «արդարությանը» (3), այսինքն՝ այն ամենին, ինչ Տերը կատարել է ի նպաստ Իր ծառաների, հրաշքներին, որոնք որոշակի կերպով կրկնվում են, երբ ծեսը հիշատակում է դրանք (4). մանանայի ու լորերի հրաշքը (5), խոստացված երկրի պարգևումը (6), աշխարհն ու բարոյական կյանքը կառավարող օրենքների կայունությունը (7): Իմաստուններին, որոնք մտովին խորանում են այս խորհրդածության մեջ և գործադրում են Օրենքը, շնորհվում է հասկանալ, թե ո՛վ է Աստված – սուրբ և ահարկու, ողորմած ու գորովագութ – , Նրան երախտագիտություն մատուցելու համար:
 

 
Կցորդ.  
Ասում էին. ամեն բան լավ արեց,
խուլերին լսել է տալիս, իսկ համրերին՝ խոսել (հմմտ. Մրկ 7, 37):
կամ.   Մեծ և սքանչելի են Քո գործերը, Տեր, ամենակալ Աստված (Հյտ 15, 3):
կամ.  
Փառաբանում եմ Քեզ, Հայր,
որովհետև փոքրերին հայտնեցիր այս բաները (հմմտ. Ղկս 10, 21):

 


 
1Ալելուիա:
 
Երախտագիտություն եմ մատուցում Քեզ, Տեր, ամբողջ սրտով,
ժողովի հավաքված հավատացյալների մեջ.
2մեծ են Տիրոջ գործերը,
խորհրդածված նրանց կողմից, ովքեր սիրում են դրանք:
 
3Գեղեցկություն է փայլում Նրա գործերից,
Նրա արդարությունը մնում է հավետ.
4Իր հրաշքների հիշատակը թողեց,
կարեկցող և ողորմած է Տերը:
 
5Կերակուր է պարգևում նրանց, ովքեր երկնչում են Իրենից,
հավիտյան հիշում է Իր ուխտը.
6Իր ժողովրդին հայտնում է Իր գործերի ուժը,
տալու համար նրան հեթանոսների ժառանգությունը:
 
7Իր ձեռքերի գործերն արդարություն և ճշմարտություն են,
հավատարիմ են Իր բոլոր հրամանները.
8հաստատված են հավիտյանս հավիտենից,
իրականացված են ճշմարտությամբ և ուղղությամբ:
 
9Նա առաքում է փրկությունն Իր ժողովրդին,
Իր ուխտը վավերացված է ընդմիշտ.
սուրբ և ահեղ է Նրա Անունը:
 
10Տիրոջ երկյուղը սկիզբն է իմաստության,
իմաստուն է նա, ով նրան հավատարիմ է.
Տիրոջ գովքը տևելու է հավետ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։