Սաղմոս 112 [111] - Ողորմած մարդը փայլում է խավարի մեջ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 112 [111] - Ողորմած մարդը փայլում է խավարի մեջ

Նրան, ով հավատարմորեն գործադրում է Օրենքը և հոգատար է իր մերձավորների հանդեպ, երաշխավորված են բարօրությունը, բազմազավակ սերունդը և համբավը: Այսպես էին համոզված հները: Նույնանման բառապաշարով, մի իմաստուն այստեղ հյուսում է արդարի գովքը, բայց արդեն իսկ արտահայտում է կրոնական մի առավել բարձր զգացում. իրականում, արդարին վերագրելով առաքինությունները, որոնք նախորդ սաղմոսը վերագրում էր Աստծուն, սաղմոսերգուն կամենում է ցույց տալ, որ Աստծո կամքի կատարման մեջ սրտի բերկրանքով հարատևելով՝ հավատացյալն ի վերջո դառնում է Նրա նման, այսինքն՝ նրա հոգում վերանորոգվում է Աստծո նմանությունը: Օրենքն, ուստի, արտաքուստ պարտադրված լուծ չէ, այլ՝ մի զորություն, որը ներսից կերպարանափոխում է սիրտը: Աստծո Օրենքին հնազանդվել նշանակում է թույլատրել, որ մեր սրտից ներս թափանցեն Ինքնին Աստծո զգացմունքները. ողորմածություն, քնքշալի գորով և արդարություն: Երջանկության ա՛յլ աղբյուր չի կարող գոյություն ունենալ:
 

 
Կցորդ.  
Թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ,
որպեսզի փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (հմմտ. Մտթ 5, 16):
կամ.  
Հիսուսն անցավ բարիք գործելով և բժշկելով,
որովհետև Աստված Իր հետ էր (հմմտ. Գրծ 10, 38):
կամ.  
Ընթացեք որպես լույսի որդիներ. լույսի պտուղներն են բարությունը,
արդարությունը և ճշմարտությունը (հմմտ. Եփս 5, 8-9):

 


 
1Ալելուիա:
 
Երանելի է այն մարդը, որ երկնչում է Տիրոջից,
և մեծ ուրախություն է գտնում Նրա պատվիրաններում.
2երկրի վրա զորավոր կլինի իր սերունդը,
արդարների սերունդը օրհնյալ կլինի:
 
3Առատություն և լիություն կլինի իր տանը,
իր արդարությունը կմնա հավետ.
4փայլում է խավարի մեջ, լույս է արդարների համար,
կարեկից, ողորմած և արդար մարդը:
 
5Նա բարի է, ողորմում է և իր բարիքներից տալիս,
իր ունեցվածքները տնօրինում է արդարությամբ.
6նա հավիտյան չի սասանվի,
միշտ կհիշվի արդարը:
 
7Անհաջողության լուրերից չի դողում,
հաստատուն սրտով հենվում է Տիրոջ վրա.
8իր սիրտը վստահ է և չի վախենում,
մինչև կհաղթի թշնամիներին:
 
9Առատությունը կիսում է աղքատների հետ,
հավետ մնում է իր արդարությունը,
իր ճակատը բարձրանում է փառքի մեջ:
 
10Իսկ ամբարիշտը նրան տեսնում է ու բարկանում,
կրճտում է ատամները և զայրույթից սպառվում.
բայց ամբարիշտների ցանկությունը ձախողվում է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։