Սաղմոս 113 [112] - Թող օրհնյալ լինի Տիրոջ Անունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 113 [112] - Թող օրհնյալ լինի Տիրոջ Անունը

Հաջորդ սաղմոսով սկսվում է Հալելը. Սղմ 113-118
 
Հրեաներն այս սաղմոսները գործածում էին հանդիսավոր մեծ տոների ժամանակ, հատկապես Զատկի տոնակատարությունների կապակցությամբ (Մտթ 26, 30): Աստծո այս գերագույն փառաբանությունը գագաթնակետն է մարդկային գոյության. այն, որոշակի կերպով, հավիտենական բերկրանքների կանխումն է (Հյտ 4; 7, 9-12; 14, 1-5):
 

 
Աստված հոգատարությամբ խնամում է ամենատկարներին: Թերևս սա է Նրա գործերից ամենազարմանահրաշը: Նրա գորովն ու նախասիրությունն ուղղված են դեպի նրանք, ովքեր արհամարհված են երկրի հզորների կողմից: Արդարության Աստվածը տակնուվրա անելով փոխում է հաստատված որոշակի վիճակներ. դա նույնպիսի ուժգնությամբ հաստատում են Աննայի երգը (1Սմ 2, 4-8) և Մարիամի «Մեծացուսցէ»ն (Ղկս 1, 46-55), փառաբանելով Տիրոջ մեծությունը, որ բարձրացնում է խոնարհներին և բարիքներով լիացնում է քաղցածներին: Երգելով և ի ցույց դնելով խոնարհեցված աղքատի և լքված կնոջ փրկությունը, հինկտակարանյան ժողովուրդը վառ էր պահում մեսիական ժամանակներում մարդկության կատարյալ նորոգման ու վերակազմավորման հույսը (Սղմ 76 և 87; Ես 49, 21; 54, 1-8):
Հիսուսն այս սաղմոսն արտասանել է Իր չարչարանքների նախօրեին, վերջին ընթրիքի ընթացքում, քանի որ սա առաջինն էր այն վեց սաղմոսներից, որոնք գործածվում էին Զատկի տոնակատարման ժամանակ (Մտթ 26, 30): Հանձինս Հիսուսի – առավել, քան ուրիշ որևիցէ մեկի – իրականացել է վիճակի այն փոփոխությունը, որ նկարագրված է սաղմոսում. ծայրահեղ խոնարհեցումից մինչև ամենավսեմ փառքը (Փլպ 2, 8-11; Եբր 2, 7-9):
Այս ամենի համար գովեցեք Տիրոջը, Տիրոջ ծառաներ:
 

 
Կցորդ.   Վերջինները լինելու են առաջին, իսկ առաջինները՝ վերջին (հմմտ. Մտթ 20, 16):
կամ.  
Աստված գահընկէց արեց հզորներին
և բարձրացրեց խոնարհներին (հմմտ. Ղկս 1, 52):
կամ.  
Ուրախացիր, ամուլ, որ չես ծնում,
որովհետև շատերն են լինելու լքվածի որդիները (հմմտ. Գղտ 4, 27):
կամ.  
Աստված ընտրեց այն, ինչը որ արհամարհված է աշխարհում,
որպեսզի եղածներին ոչնչության հավասարեցնի (հմմտ. 1Կր 1, 28):

 


 
1Ալելուիա:
 
Գովեցեք, Տիրոջ ծառաներ,
գովեցեք Տիրոջ Անունը.
2թող օրհնյալ լինի Տիրոջ Անունը
այսուհետև և հավիտյանս հավիտենից.
3արևածագից մինչև արևամուտ
թող գովաբանվի Տիրոջ Անունը:
 
4Բոլոր ժողովուրդների վրա բարձրանում է Տերը,
Իր փառքը՝ երկնքից վեր.
5ո՞վ է նման Տիրոջը, մեր Աստծուն,
Նա բազմում է վերևում, գահի վրա.
6բայց այնտեղից խոնարհեցնում է հայացքը,
տեսնելու համար երկնքում և երկրի վրա:
 
7Փոշու միջից բարձրացնում է տկարին,
աղքատին՝ աղբերի միջից.
8նրան առաջինների մեջ նստեցնելու համար,
Իր ժողովրդի առաջինների շարքում.
9ամուլին բազմեցնում է իր տանը,
որպես իր որդիներով ուրախացած մայր:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։