Սաղմոս 115 [113, 9-26] - Քո Անվանը տուր փառքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 115 [113, 9-26] - Քո Անվանը տուր փառքը

Հավանաբար Ուխտի կնքման հիշատակի տոնակատարության ժամանակ երգչախումբն ու մեներգիչները փոխն ի փոխ հռչակում էին իրենց վստահությունը Տիրոջ հանդեպ: Արհամարհելով մարդկանց ձեռքով շինված կուռքերին, որոնց պաշտում են հեթանոսները, Հին Ուխտի ժողովուրդը դավանում է իր հարումը միակ ճշմարիտ Աստծուն և միմիայն Նրանից է սպասում բարօրությունը: Կուռքերի դեմ ուղղված ծաղրանքը ժողովրդական երգիծանքի համն ունի: Այս պարզունակ աղոթքը, սակայն, ծառայում է կրոնական խոր ու վերամբարձ մի մտքի և ավարտվում է օրհնությամբ: Աքսորից հետո ուղղակի հարկավոր էր նմանատիպ հավատամք և դավանություն առաջադրել Երուսաղեմի և սփյուռքի համայնքներին, որոնք բոլորն էլ ապրում էին հեթանոսական հասարակությունների ներսում, որոնք բաց էին անթիվ անհամար չաստվածների պաշտամունքին: Յուրաքանչյուր մարդու անձնական պարտականությունն է ընտրություն կատարել մարդկանց ճաշակով քանդակված կուռքերի և ճշմարիտ Աստծո միջև:
 

 
Կցորդ.  
Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է և հավիտենական կյանք:
Փոքրիկ որդյակներ, կուռքերից հեռու մնացեք (հմմտ. 1Հվհ 5, 20-21):
կամ.  
Դուք կուռքերից դարձի եք եկել Աստծուն,
կենդանի և ճշմարիտ Աստծուն ծառայելու համար (1Թղ 1, 9):
կամ.  
Ի՞նչ հաղորդակցություն կա Աստծո տաճարի և կուռքերի միջև:
Մենք ենք կենդանի Աստծո տաճարը (2Կր 6, 16):
կամ.  
Գովաբանեցեք մեր Աստծուն, դուք, Նրա բոլոր ծառաներ,
դուք, որ երկնչում եք Նրանից, փոքրեր և մեծեր (Հյտ 19, 5):

 


 
1Ոչ թե մեզ, Տեր, ոչ թե մեզ,
այլ՝ Քո Անվանը տուր փառքը,
Քո շնորհի և Քո ճշմարտության համար:
 
2Ինչո՞ւ պիտի թողնես հեթանոսներին
ասել. «Ո՞ւր է նրանց Աստվածը».
3մեր Աստվածը երկնային բարձունքում է,
այն ամենը, որ ուզում է, անում է:
 
4Նրանց կուռքերը ոսկի են ու դրամ,
մարդու ձեռքերով են ստեղծված.
5բերան ունեն, բայց չեն կարող խոսել,
աչքեր ունեն, բայց չեն կարող տեսնել.
6ականջներ ունեն, բայց չեն կարող լսել,
քիթ ունեն, բայց չեն կարող հոտոտել:
 
7Նրանց ձեռքերը չեն կարող շոշափել,
նրանց ոտքերը չեն կարող քայլել,
նրանց կոկորդները չեն կարող աղաղակել:
 
8Ով ստեղծել է դրանք, թող դրանց պես դառնա,
բոլոր նրանք, ովքեր դրանց հավատում են:
 
9Բայց դու, Իսրայել, հավատա Տիրոջը,
Նա է քո օգնությունն ու քո վահանը.
10տոհմ Ահարոնի, հավատա Տիրոջը,
Նա է քո օգնությունն ու քո վահանը.
11դուք, հավատացյալներ, հավատացեք Տիրոջը,
Նա է ձեր օգնությունն ու ձեր վահանը:
 
12Տերը հիշում է մեզ և օրհնում,
օրհնում է Իսրայելի տոհմը,
օրհնում է Ահարոնի տոհմը,
13օրհնում է Տիրոջ հավատացյալներին,
փոքրերին մեծերի հետ միասին:
 
14Թող Տերն առավելագույնս առատանա ձեր համար,
ձեր և ձեր բոլոր որդիների համար.
15օրհնյալ եղեք դուք Տիրոջից,
Նա է ստեղծել երկինքն ու երկիրը:
 
16Երկինքը Տիրոջ երկինքն է,
երկիրը տվել է մարդկանց.
17ննջեցյալները չէ, որ գովում են Տիրոջը,
ո՛չ էլ նրանք, որ իջնում են լռության մեջ.
18բայց մենք օրհնում ենք Տիրոջը,
այժմ և հավիտյանս հավիտենից:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։