Սաղմոս 118 [117] - Տիրոջ պատրաստած օրը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 118 [117] - Տիրոջ պատրաստած օրը

Քրիստոսի ժամանակներում այս սաղմոսը բավական տարածված էր ժողովրդի մոտ և բնորոշ էր երկու մեծ տոներին. Տաղավարահարաց (Ղևտ 23, 33-34) և Տաճարի Նավակատիքի (1Մկ 4, 59): Արտասանվում էր նաև Զատիկի երեկոյան:
Սաղմոսը, որ ներկայանում է որպես հաղթանակի օրհներգ, սկսվում է մի երկխոսությամբ հաղթանակողի ու ամբոխի միջև: Հաղթանակողը պատմում է, թե Աստված ինչպես է իրեն փրկել: (Սաղմոսերգուն հավանաբար մտորում է Նեեմիայի գրքում նկարագրվող իրավիճակի մասին. Նեեմ 2, 1-6.11-18; 4, 10-17; 5, 1-13): Ամբոխը նրա խոսքն ընդհատում է հաղթական երգով:
Սաղմոսն ապա վերհիշում է մի թափոր, որն հաղթական շքերթով մուտք է գործում Տաճար և մոտենում է խորանին: Ամբոխն ապշած է այն բանի համար, ինչ լսել է. դա մի զարմանալի «հրաշք» է եղել: Քահանաները բոլոր ներկաներին կոչ են ուղղում մասնակցելու այդ մեծ օրվա բերկրանքին ու ցնծությանը (ակնարկվում է «Տիրոջ օրվան»): Ժողովուրդը կրկին միջամտում է, Աստծուց խնդրելով փրկությունը (եբրայեցերեն՝«ովսաննա», որ նշանակում է «տուր փրկությունը»): Քահանաները պատասխանում են՝ օրհնելով ժողովրդին հանուն Տիրոջ: Թափորն ավարտվում է խորանի մոտ, ուր բոլորը մեծ խանդավառությամբ կրկին հաստատում են իրենց հույսի հիմքը հանդիսացող փորձառությունը. Տիրոջ ողորմությունը հավիտենական է:
Հիսուսին դիմավորող ամբոխը, երբ Նա հաղթական մուտք էր գործում Երուսաղեմ, գործածում և կրկնում է այս սաղմոսի խոսքերը. «Ովսաննա» և «Օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով»(Մտթ 21, 8-9; Հվհ 12, 13): Տարբեր առիթներով Հիսուսն Ինքն Իրեն է վերագրում այս սաղմոսի խոսքերը (Մտթ 21, 42): Առաքյալները նույնպես այս սաղմոսն են գործածել, առանց կասկածի հաստատելով, որ Հիսուսը, մերժված ու խաչված, դարձել է Աստծո նոր ժողովրդի «անկյունաքարը» (Գրծ 4, 11; 1Կր 3, 11; Եփս 2, 20; 1Պտ 2, 4-7):
Քրիստոնեական Զատիկի տոնակատարության ընթացքում Եկեղեցին մեծ բերկրանքով կրկնել է տալիս մեզ այս սաղմոսի խոսքերը. «Սա Տիրոջ կողմից պատրաստված օրն է. նրանում ցնծանք և ուրախ լինենք»: Իրոք, այս սաղմոսի նաև մարգարեական իմաստն ու նշանակությունը լավ հասկանալու համար պետք է մեր աչքերի առջև ունենանք Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այն օրը, որում տոնակատարում ենք Աստծո կողմից կատարված այդ մեծ «հրաշքը», իրոք կարող ենք կրկնել հաղթական այս օրհներգը և մեծ խանդավառությամբ երգել. «Չեմ մեռնելու, ապրելու եմ»: Դա այն օրն է, որում Աստված մեզ կանչել է «խավարից դեպի Իր զմայլելի լույսը» (1Պտ 2, 9): Դա այն օրն է, որում Քրիստոսը, մահվան դեմ հաղթանակողը, գլուխ է կանգնում բոլոր մարդկանց թափորին, երախտագիտություն մատուցելու համար Հորը և նրանց մասնակից դարձնելու համար Իր ուրախությանն ընդմիշտ:
 

 
Կցորդ.  
Առաքյալների ու մարգարեների հիմքի վրա կառուցված,
ունեք Քրիստոս Հիսուսը որպես անկյունաքար (հմմտ. Եփս 2, 20):
կամ.  
Ես Սիոնի մեջ գայթակղության քար եմ դնում.
ով կհավատա Նրան, ամոթով չի մնա (հմմտ. Հռմ 9, 33):
կամ.  
Ովսաննա Դավթի Որդուն: Օրհնյալ  է Նա,
որ գալիս է Տիրոջ Անունով (Մտթ 21, 9):
կամ.  
Աստված հարություն տվեց Հիսուսին,
ազատելով Նրան մահվան տվայտանքներից (հմմտ. Գրծ 2, 24):
կամ.  
Ով ծարավի է, իմ մոտ թող գա ու խմի: Ով հավատում է ինձ,
կենդանի ջրի վտակներ են հոսելու նրա որովայնից (հմմտ. Հվհ 7, 37-38):
կամ.  
Ես իսկ եմ հարությունը և կյանքը: Ով հավատում է ինձ,
նույնիսկ եթե մեռնի, կապրի հավիտյան (հմմտ. Հվհ 11, 25):

 


 
1Երախտագիտություն մատուցեք Տիրոջը. Նա բարի է,
Նրա սերը հավիտենական է:
 
2Իսրայելն, ուրեմն, թող հռչակի.
«Նրա սերը հավիտենական է»:
3Ահարոնի սերունդը թող հռչակի.
«Նրա սերը հավիտենական է»:
4Տիրոջ հավատացյալները թող հռչակեն.
«Նրա սերը հավիտենական է»:
 
5Նեղությանս մեջ աղաղակեցի Տիրոջը,
Տերը լսեց ինձ.
6Տերն իմ հետ է, չեմ վախենում,
ի՞նչ կարող է անել ինձ մարդը.
7Տերն իմ հետ է ինձ օգնելու համար,
թշնամիներիս կդիմագրավեմ:
8Ավելի լավ է ապավինել Տիրոջը,
քան վստահել մարդուն.
9ավելի լավ է ապավինել Տիրոջը,
քան վստահել հզորներին:
 
***
 
10Կռապաշտները շրջապատեցին ինձ,
Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց.
11չորս կողմից մոտեցան ու շրջապատեցին ինձ,
Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց:
 
12Չորս կողմս բռնեցին իշամեղուների նման,
Տիրոջ Անունով ոչնչացրեցի նրանց.
այրվեցին կրակ նետված չոր ցախի նման:
 
13Ուժով հրեցին ինձ, որպեսզի ընկնեմ,
բայց Տերն օգնեց ինձ.
14իմ ուժն ու իմ երգը Տերն է,
Նա է իմ փրկությունը:
 
15Ուրախության և փրկության աղաղակներ են բարձրանում
արդարների վրաններից.
«Տիրոջ աջը հրաշքներ է գործում,
16Տիրոջ աջը բարձրացնում է,
Տիրոջ աջը հրաշքներ է գործում»:
 
17Խուսափեցի մահից և ապրելու եմ,
ավետարանելու համար Տիրոջ գործերը.
18հարվածեց ինձ, Տերը հարվածեց ինձ,
բայց չհանձնեց ինձ մահվան ձեռքը:
 
***
 
19Բացեք իմ առաջ արդարության դռները,
գալիս եմ Տիրոջը շնորհակալ լինելու.
20«Սա է Տիրոջ դուռը,
նրանից ներս են մտնելու արդարները».
21երախտագիտություն եմ մատուցում Քեզ, որովհետև լսեցիր ինձ,
Դու ես իմ փրկությունը:
 
22Շինարարների կողմից մերժված քարը
անկյան գլխավոր քարը դարձավ.
23սա Տիրոջ կողմից կատարվեց
և հիանալի է մեր աչքերի առաջ.
24սա Տիրոջ պատրաստած օրն է,
նրանում ցնծանք և ուրախ լինենք:
 
25Տեր, խնդրում ենք Քեզ, փրկիր մեզ,
Տեր, խնդրում ենք Քեզ, հաղթանակիր.
26օրհնյալ է Նա, ով գալիս է
Տիրոջ Անունով:
 
«Օրհնում ենք ձեզ Տիրոջ բնակավայրից.
27Աստված, Տերը, թող լուսավորի մեզ»:
«Ձեր ձեռքերին ճյուղեր, թափոր կազմեցեք,
մինչև խորանի անկյունները»:
 
28Դու իմ Աստվածն ես,
և ես երախտագիտություն եմ հայտնում Քեզ,
իմ Աստվածն ես, և ես մեծարում եմ Քեզ.
29երախտագիտություն մատուցեք Տիրոջը. Նա բարի է,
հավիտենական է Նրա սերը:
 
 
[ այս սաղմոսով ավարտվում է Հալելը. Սղմ 113-118 ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։