Սաղմոս 119.3 (Գիմել) - Պանդուխտ եմ երկրի վրա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.3 (Գիմել) - Պանդուխտ եմ երկրի վրա

Կցորդ.  
Հավատքի մեջ մահացան մեր հայրերը,
դավանելով, որ օտար էին ու պանդուխտ (հմմտ. Եբր 11, 13):
կամ.  
Ավետարանին արժանի քաղաքացիների նման վարվեցեք,
առանց թույլ տալու, որ հակառակորդները սարսափեցնեն ձեզ (հմմտ. Փլպ 1, 27-28):

 


 
17Բարի եղիր ծառայիդ հանդեպ և կապրեմ,
կպահեմ Քո խոսքը.
18աչքերիս առջևից հեռացրու քողը, կտեսնեմ
և կհայեմ օրենքիդ հրաշալիքները:
 
19Պանդուխտ եմ ես երկրի վրա,
հրամաններդ ինձնից մի՛ թաքցրու,
20անձս ամեն վայրկյան մաշվում է
վճիռներիդ փափաքով:
 
21Դու սպառնում ես հպարտներին ու անիծյալներին,
որոնք խուսափում են Քո հրամաններից,
22հեռացրու ինձնից նախատինքն ու արհամարհանքը,
ես հետևում եմ Քո խրատներին:
 
23Նույնիսկ եթե հզորները նստում ու զրպարտում են ինձ,
ծառադ խորհրդածում է կամքիդ մասին,
24խրատներդ են իմ վայելքը,
ես նրանցից եմ ներշնչվում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։