Սաղմոս 119 [118] - Ես սիրում եմ Քո օրենքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119 [118] - Ես սիրում եմ Քո օրենքը

Իր ծավալով և իր բովանդակությամբ՝ այս սաղմոսը հնարավորություն է տալիս հստակ գաղափար կազմելու, թե հինկտակարանյան ժողովրդի հասարակական և անհատական կյանքում ինչպիսի տեղ էր զբաղեցնում Թորան, այսինքն՝ Օրենքը: Սաղմոսը բաժանված է քսաներկու հատվածների, որոնք համապատասխանում են եբրայեցերեն այբուբենի տառերին, իսկ յուրաքանչյուր հատվածը կազմված է ութ համարներից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի երկու տող: Հատվածներից յուրաքանչյուրը ներկայանում է որպես առանձին ու անկախ միավոր, առանց սերտ կապ ունենալու իր նախորդ և հաջորդ հատվածների հետ: Ամբողջությունը միասին՝ իրենից ներկայացնում է մի ազատ խորհրդածություն – մերթ տխուր կամ ուրախալի, մերթ հանդարտ կամ եռանդագին – , մի մտորում և մի աղոթք, ուր հեղինակը, Մարգարեներից և Երկրորդումն Օրինաց գրքից ներշնչված, երկխոսում է Աստծո հետ և արտահայտում է իր խորին զգացմունքները. ճշմարիտ իմաստության սեր, հարում և հավատարմություն Աստծո խոսքին՝ հակառակ իր մարդկային տկարությանն ու հանդիպած դժվարություններին, ճշմարտությունը լավագույնս ճանաչելու և նրա համաձայն ապրելու փափաք, Օրենքի միջոցով հայտնված Աստծո կամքին հետևելու բերկրանք:
Գրեթե յուրաքանչյուր տողում հանդիպում ենք «Օրենք» բառին, կամ նրա հոմանիշներին, որոնք կարող են ունենալ իրավական (հրաման, վճիռ, պատվեր, կամք, պատվիրան և այլն) կամ առավել կրոնական երանգ (ուսուցում, խոստում, խոսք, դատաստան, ճանապարհ և այլն): Այս բառապաշարը հնարավորություն է տալիս մեզ թափանցելու սաղմոսի էության մեջ, որովհետև պահվելիք կանոնների ամբողջություն լինելուց ավելի, այդ եզրերը ներկայացնում են Աստծո խոսքի ամբողջությունը, որը մերթ պատվիրում է ու դատում, մերթ հայտնում է ու խոստանում: Սա, հետևաբար, հոգևոր մտերմության սաղմոսն է, Աստծո հանդեպ սիրո սաղմոսը. սեր, որ նշանակում է կատարել Նրա կամքը (Մտթ 7, 21; Հվհ 15, 10; 1Հվհ 2, 3; 5, 3): Օրենքի շուրջ խորհրդածելով, հավատացյալը նախևառաջ տեսնում է Աստծո Դեմքը և այդպիսով կամաց կամաց կերպարանափոխվում է մինչև իր էության ամենածածուկ խորքերը: Այս կերպ հասկացվելով ու սիրվելով, Օրենքի պահպանումը դառնում է կյանքի ազատ ընտրություն, ճանապարհ՝ հասնելու համար Աստծուն: Այս կերպ հասկացվելով, Օրենքն ավետարանում է Հիսուս Քրիստոսին, որը ճանապարհն է՝ հասնելու համար Հորը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հվհ 14, 6):
 

 
Կցորդ.   Ով սիրում է իր մերձավորին, լիովին կատարել է օրենքը (Հռմ 13, 8):
կամ.  
Ձեզ նոր պատվիրան եմ տալիս.
սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի (հմմտ. Հվհ 13, 34):
կամ.   Չեմ եկել օրենքը ջնջելու, այլ՝ լրացնելու (հմմտ. Մտթ 5, 17):
կամ.  
Բոլոր պատվիրանները բովանդակված են այս մեկում.
«Պիտի սիրես մերձավորիդ քո անձի նման» (հմմտ. Հռմ 13, 9; Ղևտ 19, 18):
կամ.   Սերը ոչ մի չարիք չի հասցնում մերձավորին. օրենքի լիությունը սերն է (Հռմ 13, 10):
կամ.  
Օրենքը մեր համար մի մանկավարժ եղավ,
որ առաջնորդեց մեզ դեպի Քրիստոսը (հմմտ. Գղտ 3, 24):
կամ.  
Ահա այսպես ենք իմանում, թե ճանաչում ենք Աստծուն.
եթե պահում ենք Իր պատվիրանները (հմմտ. 1Հվհ 2, 3):
 

 
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։