Սաղմոս 12 [11] - Ստության շրթունքները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 12 [11] - Ստության շրթունքները

Կեղծավորությունը, երկերեսանիությունն ու ստությունը վխտում են մարդկանց աշխարհում: Հիմնականում դրանց զոհն է դառնում աղքատը: Բայց Տերը խոստանում է միջամտել, իսկ Իր խոսքը հավատարիմ է ու ճշմարտացի:
 

 

Կցորդ.  
Քո խոսքերի հիման վրա ես արդարանալու,
քո խոսքերի հիման վրա ես դատապարտվելու (Մտթ 12, 37):
կամ.  
Ձեր բերանից չար խոսքեր թող դուրս չգան,
այլ հատկապես՝ խոսքեր բարության (հմմտ. Եփս 4, 29):
կամ.   Եթե մեկը խոսելիս չի մեղանչում, կատարյալ մարդ է (Հկբ 3, 2):
կամ.  
Լեզուն անօրենության աշխարհն է,
ապականում է մարմինը և հրդեհում կյանքը (հմմտ. Հկբ 3, 6):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: Ութերորդականի վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Փրկիր, Տեր, հավատարիմ ոչ ոք այլևս չկա,
մարդկանց միջից անհետացել է հավատարմությունը.
3յուրաքանչյուր ոք իր ընկերոջն ասում է ունայն խոսքեր,
խաբեության շրթունքները խոսում են երկերեսանի սրտով:
 
4Տերը թող լռեցնի ստության շրթունքները,
լեզուն, որ պարծենում է վիթխարի նախաձեռնություններով,
5ովքեր հաստատում են. «Մեր լեզվով գերակշռում ենք,
շրթունքներով, որ ունենք, ո՞վ կլինի մեզ տեր»:
 
6«Աղքատների շահագործման և խեղճերի հեծեծանքների պատճառով
ես ահա ոտքի եմ կանգնում, – ասում է Տերը, –
և փրկությունը բերում եմ նրան, ով այն փափաքում է»:
 
7Տիրոջ խոսքերը ճշմարտության խոսքեր են,
մաքրագործված արծաթ, յոթնապատիկ նրբացված.
8Դու, Տեր, պահպանում ես արդարներին,
այս սերնդից և ընդմիշտ.
9նույնիսկ եթե չորս կողմը պտտվեն չարագործները,
եթե ապականությունն աճի մարդկանց մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։