Սաղմոս 120 [119] - Ես խաղաղության կողմնակից եմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 120 [119] - Ես խաղաղության կողմնակից եմ

Հաջորդ սաղմոսով սկսվում է Երուսաղեմ բարձրանալու («Աստիճանների» կոչվող) երգերի շարքը. Սղմ 120-134
 
Մարդը ծնվել է պանդուխտ, նա անդադար որոնում է բացարձակը, ճանապարհորդության մեջ է դեպի Աստված: Մենք հանգրվան առ հանգրվան առաջ ենք գնում կյանքի դժվարություններից դեպի հույսի ապահով վստահությունները, մեզ այս ու այն կողմ նետող մտահոգություններից մինչև Աստծո հետ բերկրալի հանդիպումը, ամենօրյա ցրվածությունից դեպի ներանձնական ամփոփումը: Հոգևոր կյանքն ապրող մարդը «ներանձնական դղյակում» առաջադիմում է միմյանց հաջորդող սենյակների միջով անցնելով, աստիճան առ աստիճան տքնում է՝ բարձրանալու համար «կատարելության աստիճանները»: «Աստիճանների» կոչվող սաղմոսները մեր մարդկային ճանապարհի աղոթքն են:
Տաղերի այս խումբն ամենայն հավանականությամբ կազմում էր ուխտագնացների համար նախատեսված մի տեսակ առձեռն աղոթագիրք, նրանց ներշնչելու համար զգացմունքներն ու աղոթքը, որոնք պետք է դարձնեին իրենցը, մինչ բարձրանում էին դեպի Սուրբ Քաղաքը կամ երբ ուխտագնացության ընթացքում կատարում էին զանազան ծիսական արարողություններ:
 

 
Այս սաղմոսի հեղինակն ապրել է իր հանդեպ թշնամաբար տրամադրված մի հասարակությունում, հաճախ ենթարկվել է ատելության ցույցերի ու զրպարտությունների, որովհետև իր հավատքն ու իր կյանքի օրենքը իրեն մի տեսակ կղզիացնում էին հասարակության մյուս անդամներից: Այդպիսին էր ընդհանրապես այն հրեաների վիճակը, որոնք ապրում էին Պաղեստինի սահմաններից դուրս: Հասկանալի է նրա փափաքը՝ փախչելու այդ միջավայրից, գեթ որոշ ժամանակով, կրկին տեսնելու համար Երուսաղեմը, քաղաքն իր Աստծո:
Ավետարանին հավատարիմ կերպով հետևող հոգիներին ևս քաջ հայտնի է այս իրավիճակը հասարակության ներսում: Քրիստոնյան ևս իր հոգում միշտ վառ է պահում Տիրոջ մոտ գտնվելու սաստիկ կարոտը (2Կր 5):
 

 
Կցորդ.  
Երանի՜ խաղաղարարներին,
որովհետև նրանք Աստծո որդիներ են կոչվելու (Մտթ 5, 9):
կամ.  
Քրիստոս Հիսուսը մեր խաղաղությունն է,
Նա, որ երկուսին միայն մեկ դարձրեց (հմմտ. Եփս 2, 14):
կամ.  
Քրիստոսը եկել է խաղաղությունն ավետարանելու ձեզ՝ հեռավորներիդ,
և նրանց, ովքեր մոտիկ էին (հմմտ. Եփս 2, 17):
կամ.  
Խաղաղությունն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ,
այն ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է այն տալիս (հմմտ. Հվհ 14, 27):
կամ.   Քանի դեռ բնակվում ենք մարմնում, աքսորի մեջ ենք, Տիրոջից հեռու (2Կր 5, 6):
 

 
1Աստիճանների երգ:
 
Նեղությանս մեջ աղաղակեցի Տիրոջը
և Նա ինձ պատասխանեց.
2ազատիր ինձ, Տեր, ստության շուրթերից
և խաբող լեզվից:
 
3Ինչպե՞ս հարվածել քեզ և ինչպե՞ս փոխհատուցել քեզ,
ո՜վ նենգավոր լեզու,
4ո՜վ բռնավորի սրածայր նիզակ,
ո՜վ դու գիհենու հրաշեկ ածուխ:
 
5Խեղճ անձ իմ, որ ապրում եմ աքսորում,
անապատի վրանների մեջ.
6արդեն երկար ժամանակ եմ ապրում
նրա հետ, ով ատում է խաղաղությունը.
7ես խաղաղություն եմ և այն ավետարանում եմ,
նրանք պատերազմ են ուզում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։