Սաղմոս 122 [121] - Երուսաղեմի խաղաղությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 122 [121] - Երուսաղեմի խաղաղությունը

Այս սաղմոսում հեղինակն արտահայտում է ուխտավորների ուրախությունը, երբ ի վերջո հասնում են Սուրբ Քաղաքի դարպասներին, և հիացմունքը, որով լցվում են ի տես Դավթի պալատի և Տիրոջ Տաճարի: Բոլոր նրանք, ովքեր ուխտի են եկել Երուսաղեմ, թեև գալիս են միմյանցից շատ հեռու վայրերից, գիտակից են, որ մի միասնական հասարակություն են կազմում, որը միացած է հավատքի ու սիրո կապերով: Եվ այդքան բազմաթիվ եղբայրների հետ հանդիպումը նրանց ուրախությամբ է լցնում:
Հիսուս Քրիստոսն ասել է, որ մեզ Իր հետ տանելու է բնակվելու Հոր տանը (Հվհ 14, 3): Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հվհ 14, 6), և Նա է, որ իսկապես կարող է մաղթել և պարգևել մեզ խաղաղությունը (Հվհ 14, 27): Նրա մարդկային բնությունը փրկության վայրն է, որի միայն խորհրդապատկերն էր Երուսաղեմի Տաճարը (Հվհ 2, 19-22): Քրիստոնյաները կառուցված են «Առաքյալների ու Մարգարեների հիմքի վրա» և «որպես անկյունաքար ունեն Քրիստոս Հիսուսին»: Նրանում Եկեղեցու ամբողջ կառույցն աճում է «լինելու համար Տիրոջ սուրբ տաճարը» (Եփս 2, 20-22): Մեր աղոթքներում, ուստի, գործածելով այս սաղմոսը, պետք է մտածենք Եկեղեցու ուղևորության մասին դեպի երկնային Երուսաղեմը (Եբր 12, 22):
 

 
Կցորդ.  
Տեսա սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը,
որ իջնում էր երկնքից, Աստծուց (Հյտ 21, 2):
կամ.  
Դուք մերձեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծո քաղաքին,
երկնային Երուսաղեմին (Եբր 12, 22):
կամ.  
Երուսաղե՜մ, եթե դու նույնպես ըմբռնեիր այսօր
խաղաղության ճանապարհը (հմմտ. Ղկս 19, 42):
կամ.   Որևէ տուն, որ մտնեք, նախ ասացեք. «Խաղաղությո՜ւն այս տանը» (Ղկս 10, 5):

 


 
1Աստիճանների երգ: Դավթի:
 
Որքա՜ն ուրախ եղա ես, երբ ինձ ասացին.
«Գնանք այցելելու Տիրոջ տունը».
2և ահա մեր ոտքերը հասել են
քո դռներին, Երուսաղեմ:
 
3Երուսաղեմը լավ կառուցված քաղաք է,
նրանում ամեն բան միություն է.
4այնտեղ է, որ բարձրանում են բազմությունները,
բազմությունները Տիրոջ:
 
Այնտեղ է Իսրայելը վկայում
Տիրոջ Անվան փառքը.
5այնտեղ է գտնվում դատաստանի գահը,
գահը Դավթի:
 
6Աղոթեցեք Երուսաղեմի խաղաղության համար.
«Խաղաղություն թող լինի նրան, ով սիրում է քեզ,
7խաղաղություն թող լինի պարիսպներիդ ներսում,
անդորր՝ քո տներում»:
 
8Եղբայրներիս և ընկերներիս սիրո համար
ես ասելու եմ. «Խաղաղություն քեզ»:
9Տիրոջ՝ մեր Աստծո բնակատեղի սիրո համար
ես փնտրելու եմ քո բարիքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։