Սաղմոս 123 [122] - Ողորմիր մեզ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 123 [122] - Ողորմիր մեզ, Տեր

Այս սաղմոսի առանցքային նյութը Տիրոջ սպասումն է: Սաղմոսերգուի կողմից գործածված արտահայտությունները հուշում են, որ նրա համար այդ սպասման բնորոշ հատկանիշներն են խոնարհությունը, արթուն հսկումը, և հատկապես՝ հարատևությունը (Տիրոջն ուղղված աչքերը, արհամարհանքն ու ծաղրանքը կրելու մեջ ցուցաբերած տոկունությունը):
Մեր աղոթքներում գործածվելով, այս սաղմոսը կարող է օգնել մեզ՝ հիշելու այն հաստատակամությունը, որով Հիսուսն ուսուցանում և վարձատրում էր աղոթքի մեջ հարատևությունը (Մտթ 15, 21-28; Ղկս 11, 5-8; 18, 1-8): Ինչպես սպասավորն ուշադիր է իր տիրոջ ակնարկներից յուրաքանչյուրին, մենք նույնպես պետք է ջանանք Տիրոջ ներկայության նշանները ճանաչել այսօրվա աշխարհում, և հատկապես՝ մեր օգնության կարիքն առավել ունեցող եղբայրների մեջ:
 

 
Կցորդ.   Տեր, Դավթի Որդի, ողորմիր մեզ (Մտթ 20, 30):
կամ.  
Նման եղեք ծառային, որ սպասում է տիրոջը,
որպեսզի բացի նրա առաջ, հազիվ թե հասնի ու բախի (հմմտ. Ղկս 12, 36):
կամ.  
Հայացքներս սևեռուն պահենք Հիսուսի վրա,
որ հեղինակն է մեր հավատքի (հմմտ. Եբր 12, 2):
կամ.   Ահա Տիրոջ աղախինն եմ, թող խոսքիդ համաձայն լինի ինձ (Ղկս 1, 38):
կամ.   Վարվեցեք իբրև ազատ մարդիկ, որպես Աստծո ծառաներ (հմմտ. 1Պտ 3, 14):

 


 
1Աստիճանների երգ:
 
Աչքերս բարձրացնում եմ դեպի Քեզ,
որ բնակվում ես երկնքում.
2ահա դրանք, ինչպես ծառաների աչքերը,
ուղղված՝ տերերի ձեռքին:
 
Այնպես, ինչպես աղախնու աչքերը
ուղղված են տիրուհու ձեռքին,
այնպես էլ մեր աչքերն ուղղված են Տիրոջը՝ մեր Աստծուն,
մինչև կողորմի մեզ:
 
3Ողորմիր մեզ, Տեր, ողորմիր մեզ,
արհամարհանքը հագեցրել է մեզ.
4կուշտ ենք հպարտների ծաղրանքից
ու գոռոզների արհամարհանքից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։