Սաղմոս 124 [123] - Մեր օգնությունը Տիրոջ Անվան մեջ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 124 [123] - Մեր օգնությունը Տիրոջ Անվան մեջ է

Սա Աստծո ժողովրդի – հին, բայց նաև նոր Իսրայելի – երախտագիտության աղաղակն է, որ Աստված փրկում է իրեն, որովհետև իր հետ ուխտ է կնքել: Գործածվող պատկերները դասական են Սաղմոսարանում. վայրի գազաններ, հորդահոս գետ, թռչուններ որսալու ցանց: Այս պատկերները խորհրդանշում են այն դժվարությունները, որոնց Աստծո ծառաներից յուրաքանչյուրը կարող է հանդիպել իր կյանքում:
«Մեր օգնությունը Տիրոջ Անվան մեջ է», հաստատում է Սաղմոսերգուն: Եվ Պետրոս Առաքյալը հավելում է. «Երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ Անուն չկա, որում հաստատված լինի, որ կարող ենք փրկվել» (Գրծ 4, 12): Հավիտենական փրկությունը պարգևող այդ միակ Անունը՝ քաղցր Անունն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
 

 
Կցորդ.   Դու մի՛ վախեցիր, որովհետև Ես քո հետ եմ (հմմտ. Գրծ 18, 9-10):
կամ.   Ահա՛, ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վախճանը (Մտթ 28, 20):
կամ.  
Մենք կարող ենք վստահությամբ ասել.
Տերն իմ օգնականն է, չեմ վախենա (Եբր 13, 6):

 


 
1Աստիճանների երգ: Դավթի:
 
Եթե Տերը մեր կողքին չլիներ, –
թող ասի Իսրայելը, –
2եթե Տերը մեր կողքին չլիներ,
երբ հարձակվել էին մեր վրա,
3ողջ ողջ կլանած կլինեին մեզ,
իրենց զայրույթի ցասման մեջ:
 
4Երբ ջրերը հասնում էին մեզ,
հորձանքը մեզ կտապալեր.
5մեր կյանքերը կընկղմվեին
հորդառատ ջրերի մեջ.
6օրհնյալ է Տերը, որ չթողեց մեզ
որս լինել նրանց ատամներին:
 
7Թռչունի նման, մենք խուսափեցինք որսորդի ցանցից,
ցանցը կտրվեց և մենք ազատվեցինք.
8մեր օգնությունը Տիրոջ Անվան մեջ է,
Նա է ստեղծել երկինքն ու երկիրը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։