Սաղմոս 129 [128] - Չգերակշռեցին իմ դեմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 129 [128] - Չգերակշռեցին իմ դեմ

Եգիպտոսում կրած ստրկության ժամանակներից սկսած, հինկտակարանյան ժողովուրդը ենթարկվել է տարբեր տեսակի հալածանքների, բայց Տերը նրան միշտ էլ ազատել է իր թշնամիներից: Սաղմոսերգուն իր միտքն արտահայտելու համար այստեղ գործածում է գյուղական պատկերներ, որոնք մեծապես տպավորիչ են: Այդպիսով մեզ է ավանդում Աստծուն ապավինելու մի աղոթք, որը կարող է մեզ օգտակար լինել այն պահերին, երբ մեր վրա է հարձակվում վհատությունը:
 

 
Կցորդ.  
Աշխարհում դուք նեղություններ ունեք, բայց քաջալերվեցեք,
ես հաղթեցի աշխարհին (Հվհ 16, 33):
կամ.  
Երանի՜ արդարության համար հալածվածներին,
որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մտթ 5, 10):
կամ.  
Ով տառապում է Աստծո կամքի համաձայն,
թող հավատարիմ Արարչին վստահի իր կյանքը (հմմտ. 1Պտ 4, 19):

 


 
1Աստիճանների երգ:
 
Երիտասարդությունիցս ի վեր շատ հալածեցին ինձ, –
թող ասի Իսրայելը, –
2երիտասարդությունիցս ի վեր շատ հալածեցին ինձ,
բայց չգերակշռեցին իմ դեմ:
 
3Թիկունքիս վրա հերկեցին գութանով,
խոր ակոսներ փորեցին.
4բայց Տերը, որ արդար է,
կործանեց ամբարիշտների լուծը:
 
5Ամոթահար են և ետ են դառնում
Սիոնի թշնամիները.
6նրանք նման են տանիքի վրա աճած խոտին,
հազիվ ծլած՝ արդեն չորանում է:
 
7Հնձվորի ձեռքը նրանով չի լցվում,
ո՛չ էլ այն հավաքողի գիրկը.
8նրանցից ոչ մեկին անցորդները չեն ասելու.
«Թող Տիրոջ օրհնությունը ձեր վրա լինի»:
 
Մենք ձեզ օրհնում ենք Տիրոջ Անունով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։