Սաղմոս 13 [12] - Մինչև ե՞րբ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 13 [12] - Մինչև ե՞րբ, Տեր

Սաղմոսերգուն Աստծուն է ուղղում իր աղերսանքը, Նրանից խնդրում է փրկել իրեն մահից և արտահայտում է իր վստահությունը, որ Աստված լսում է իրեն:
«Մոռանալ» և «երեսը թաքցնել» արտահայտություններն ընդգծում են փաստը, որ աստվածային ուխտը դա անձնական հարաբերություն է անհատ մարդկանց հետ: Այս պատճառով է, որ «Աստծո լռությունը» որակավորվում է որպես անտանելի: «Լույս տալ աչքերին» նշանակում է «պահպանել կյանքը»:
Հիսուսը նույնպես տառապանքի ժամին դիմեց Հորը, աղոթելով ուժգնորեն և վստահությամբ: Եվ մեզ զգուշացրել է, որ աշխարհն ուրախանալու է մեր տրտմության համար, հավելելով սակայն, որ այդ տրտմությունը փոխվելու է ուրախության. մի ուրախություն, որը ոչ ոք չի կարող երբևէ խլել մեզնից (Մտթ 26, 44; Մտթ 27, 46; Եբր 5, 7; Հվհ 16, 20; Հվհ 16, 22-23; Հյտ 6, 10-11):
Կրկնել սաղմոսերգուի խոսքերը. «Մինչև ե՞րբ, Տեր», նշանակում է ճանաչել, որ մեր վերջնական ազատագրումը դեռ պետք է իրականանա:
 

 

Կցորդ.  
Սատանան իշխանություն է ստացել մաղելու ձեզ ցորենի նման,
բայց ես աղոթեցի, որպեսզի հավատքդ չնվազի (հմմտ. Ղկս 22, 31-32):
կամ.  
Համբերատար եղեք և հաստատուն դարձրեք ձեր սրտերը,
որովհետև Տիրոջ գալուստը մոտ է (Հկբ 5, 8):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ,
մինչև ե՞րբ ես երեսդ թաքցնելու ինձնից:
 
3Մինչև ե՞րբ եմ անձկություն սնուցելու ներսումս,
սրտնեղություն՝ ամբողջ օրվա ընթացքում.
մինչև ե՞րբ է թշնամին գերակշռելու իմ դեմ:
 
4Հայիր, Տեր, պատասխանիր, Աստված իմ,
լույս տուր աչքերիս, չննջեմ մահվան մեջ.
5թշնամիս թող չասի. «Հաղթեցի նրան»,
հակառակորդներս հաճույք չվայելեն անկումովս:
6Եվ ես անձս վստահում եմ Քո սիրույն,
սիրտս ցնծում է փրկությանդ համար.
երգում եմ Տիրոջը՝ իմ բարերարին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։