Սաղմոս 130 [129] - Տիրոջ մոտ է ողորմությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 130 [129] - Տիրոջ մոտ է ողորմությունը

Սա դարերի ընթացքում թերևս ամենաշատը գործածված սաղմոսն է, այն օրից ի վեր, ինչ դարձել է ննջեցյալների համար կատարվող աղոթքներից մեկը, և դա իրավացի կերպով: Հանդիսանալով որպես խոր թախիծի աղոթք և միաժամանակ հույսի օրհներգ, սաղմոսներից ուրիշ ոչ մեկն այսքան լավ չի ներկայացնում մարդուն և՛ մեղքի անդնդի խորքում, և՛ իր սպասման տոկունության մեջ: Սաղմոսներից ուրիշ ոչ մեկն այսքան լավ չի հայտնում Աստծո խորհուրդը. չնայած ամեն ինչի, Աստված Նա է, ով ներում է, վերստին հաշտեցնում և փրկում է նաև նրանց, ովքեր Իրենից հեռացել էին: Եվ ինչպիսի՜ համարձակություն է ցուցաբերում հավատացյալը, որ մեղանչել է: Ուղղակի պահանջում է շնորհը, կենսատու խոսքը, լույսը: Մեծապես հարմար լինելով ննջեցյալների համար, այս սաղմոսը սակայն կարող է աղոթքը լինել նաև բոլոր նրանց, ովքեր տրտմության խորքում են, նրանց հոգում արշալույսի նման շողացնելու համար հույսը:
 

 
Կցորդ.  
Նրա անունը Հիսուս կդնես,
որովհետև Նա կփրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից (Մտթ 1, 21):
կամ.  
Իր սիրեցյալ Որդու շնորհիվ մենք ունենք փրկությունը
և թողությունը մեղքերի (հմմտ. Եփս 1, 6-7):
կամ.  
Մենք մի դատապաշտպան ունենք Հոր մոտ,
որ քավության զոհ է մեր մեղքերի համար (հմմտ. 1Հվհ 2, 1-2):
կամ.   Պահպանեցեք ձեզ Աստծո սիրո մեջ, սպասելով Տիրոջ ողորմությանը (Հդ 21):

 


 
1Աստիճանների երգ:
 
Ի խորոց աղաղակում եմ Քեզ, Տեր,
2Տեր, լսիր իմ ձայնը.
ականջներդ թող ուշադիր լինեն
աղաչանքիս ձայնին:
 
3Եթե Դու հիշես հանցանքները, Տեր,
Տեր, ո՞վ կարող է ապրել.
4բայց Քո մոտ է ներումը,
որ սփռում, ներշնչում է Քո երկյուղը:
 
5Հուսացել եմ Տիրոջը, հույսով է իմ հոգին,
փափաքում է Նրա խոսքը.
6հոգիս սպասում է Տիրոջը
ավելի, քան պահակներն արշալույսին.
շատ ավելի, քան պահակներն արշալույսին,
7Իսրայելը թող սպասի Տիրոջը:
 
Այո՛, Տիրոջ մոտ է ողորմությունը,
գերառատ՝ փրկությունը.
8Նա է, որ փրկելու է Իսրայելին
նրա բոլոր հանցանքներից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։