Սաղմոս 132 [131] - Տերը ետ չի քաշում Իր խոսքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 132 [131] - Տերը ետ չի քաշում Իր խոսքը

Այս սաղմոսում հիշատակվում են այն երկու եզակի շնորհները, որոնք Աստված պարգևել է Երուսաղեմ քաղաքին. առաջինը դա Իր աստվածային ներկայությունն է ընդմեջ Ուխտի Տապանակի, որը տեղադրված է քաղաքում, իսկ երկրորդը Դավթին տրված խոստումն է, որ նրա սերունդն ընդմիշտ թագավորելու է Երուսաղեմում: Տիրոջ և Իր օծյալի (թագավորի) ներկայությունը Սուրբ Քաղաքի համար լինելու էր օրհնությունների աղբյուր և պաշտպանություն ընդդեմ թշնամիների:
Սաղմոսում հիշատակվող խոստումն իրականացել է այն պայմաններով, որոնք Տերը հաստատել էր: Անհավատարիմ թագավորներն անհետացել են, բայց Հեսսեի գրեթե չորացած արմատից ծլարձակել է մի բողբոջ, որն աճել է այնքան, որ ծածկել է ամբողջ աշխարհը (Ես 11, 1-10): Նա դարձել է աշխարհի ճշմարիտ լույսը (Հվհ 8, 12) և հացը, որն հագեցրել է աղքատներին (Հվհ 6, 35): Եկել էր Իր ժողովրդի մոտ, բայց բոլորը չէ, որ ընդունեցին Նրան (Հվհ 1, 11): Շատերն էին կամենում Նրան այս աշխարհի թագավորներից մեկը դարձնել (Հվհ 6, 15): Ուրիշներ ողջունում էին Նրան որպես Դավթի Որդի (Մտթ 9, 27; 15, 22; 21, 9): Նա՝ Հիսուս Նազովրեցին, կանխավ ավետել էր, որ երեք օրում կրկին ոտքի էր կանգնեցնելու Իր հարություն առած Մարմնի անկործանելի տաճարը (Հվհ 2, 19):
Քրիստոնյաներն այսուհանդերձ գիտեն, որ Նրա թագավորության ամբողջական ու վերջնական հաստատումը դեռ պետք է գա: Այս սաղմոսի խոսքերով աղոթելով, մինչ կվերհիշենք այն փութաջանությունը, որով Դավիթը կամենում էր Տիրոջն արժանի օթևան կառուցել, կվերանորոգենք մեր փափաքն ու մեր կամքը՝ արդյունավետ կերպով գործակցելու Քրիստոսի թագավորության աճին ու տարածմանը, մինչև նրա լիակատար ու վերջնական հաստատումը, մինչև այն օրը, որում թագն այլևս առանց ստվերների կփայլի Թագավորի գլխին:
 

 
Կցորդ.  
Խոստման համաձայն, Աստված Դավթի սերնդից մի փրկիչ հարուցեց Իսրայելի համար.
Հիսուսին (հմմտ. Գրծ 13, 23):
կամ.  
Աստված նրան տալու է Դավթի՝ իր հոր գահը,
և նրա թագավորությունը վախճան չի ունենալու (հմմտ. Ղկս 1, 32-33):
կամ.  
Աստված Դավթին երդվել էր՝
նրա սերնդից մեկին նստեցնել նրա գահին (հմմտ. Գրծ 2, 30):

 


 
1Աստիճանների երգ:
 
Հիշիր, Տեր, Դավթին
և նրա ամբողջ հեզությունը.
2Տիրոջ առջև կատարած նրա երդումը,
Հակոբի Հզորին տված նրա ուխտը.
 
3«Չեմ մտնելու վրանից ներս, ուր բնակվում եմ,
չեմ ելնելու հանգստյանս անկողնու վրա.
4քուն չեմ շնորհելու աչքերիս,
ո՛չ էլ նինջ՝ արտևանունքներիս.
5մինչև մի վայր չգտնեմ Տիրոջ համար,
մի բնակատեղի՝ Հակոբի Հզորին»:
 
6Իմացանք, որ տապանակը Եփրաթայում էր,
այն գտանք Ժաարի դաշտում.
7մտնենք Նրա բնակության վայրը,
ծունկի գանք Նրա ոտքերի պատվանդանի առաջ:
 
8«Ե՛լ, Տեր, դեպի հանգստյանդ վայրը,
Դու և զորությանդ տապանակը.
9քահանաներդ թող արդարությամբ զգեստավորվեն,
ուրախությամբ թող ցնծան հավատացյալներդ.
10ի սեր Դավթի՝ Քո ծառայի,
մի՛ մերժիր դեմքը Քո Մեսիայի»:
 
***
 
11Տերը երդվել է Դավթին
և երբեք ետ չի քաշի Իր խոսքը.
«Քո գահին նստեցնելու եմ մեկին,
որ պտուղը լինի քո որովայնի:
 
12Եթե որդիներդ պահեն Իմ դաշինքը
և ուսուցումը, որ հայտնեցի իրենց,
նրանց որդիները սերնդե սերունդ
հավիտյան կբազմեն քո գահի վրա»:
 
13Որովհետև Տերն ընտրել է Սիոնը,
այն կամեցել է որպես Իր մնայուն օթևան.
14«Ահա՛ Իմ հանգիստն ընդմիշտ,
բնակատեղին, որ Ես կամեցա:
 
15Օրհնելու, օրհնելու եմ նրա ուտելիքը,
հացով հագեցնելու եմ նրա աղքատներին.
16փրկությամբ զգեստավորելու եմ նրա քահանաներին,
ցնծալու, ցնծալու են նրա հավատացյալները:
 
17Այնտեղ մի ուժ եմ հարուցելու Դավթի համար,
Իմ Մեսիայի համար պատրաստելու եմ մի ջահ.
18ամոթով եմ ծածկելու նրա թշնամիներին,
բայց նրա վրա պայծառ փայլելու է թագը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։