Սաղմոս 135 [134] - Ես գիտեմ, որ Տերը մեծ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 135 [134] - Ես գիտեմ, որ Տերը մեծ է

Այս սաղմոսը շարադրվել է գործածելով զանազան հատվածներ տարբեր սաղմոսներից (113, 115, 134, 136): Այն օրհներգ է ճշմարիտ Աստծուն: Գովաբանվում է Նա, ով Իր ձեռքերում պահում է ամբողջ տիեզերքը: Փառաբանվում է Նա, ով սկիզբ է տվել և շարունակում է ի կատար ածել մարդկության փրկության պատմությունը: Ամբողջ ժողովուրդը հրավիրվում է մասնակցելու այս գովաբանությանը, որով փառաբանվում է աշխարհի Արարիչն ու Փրկիչը: Այսքան ամուր հավատքի դիմաց, կեղծ աստվածություններին ուղղված որևէ ակնարկ դառնում է ծաղրանկարի նման: Մեր աղոթքներում գործածելով այս սաղմոսը, ինքներս մեզ կարող ենք հարց ուղղել, թե արդյո՞ք Աստծուն ուղղված մեր փառաբանությունն այնքան անկեղծ է, որ գործնական կյանքում կարողանում է վերածվել արհամարհանքի այն բոլոր նոր կուռքերի նկատմամբ, որոնք մենք անդադար շարունակում ենք կանգնեցնել մեր կյանքում և մեր հասարակություններում:
 

 
Կցորդ.  
Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստվածն է և հավիտենական կյանքը:
Փոքրիկ որդյակներ, զգուշացեք կուռքերից (հմմտ. 1Հվհ 5, 20-21):
կամ.  
Կուռքերից դարձի եք եկել Աստծուն,
կենդանի և ճշմարիտ Աստծուն ծառայելու համար (1Թղ 1, 9):
կամ.  
Դու արժանի ես, մեր Տեր և Աստված,
ընդունելու փառք, պատիվ և զորություն (հմմտ. Հյտ 4, 11):
կամ.  
Դուք այն ժողովուրդն եք, որին Աստված ձեռք է բերել՝
ավետարանելու համար Իր սքանչելի գործերը (հմմտ. 1Պտ 2, 9):

 


 
1Ալելուիա:
 
Գովեցեք Տիրոջ Անունը,
գովեցեք այն, Տիրոջ ծառաներ.
2դուք, որ հսկում եք Տիրոջ օթևանում,
մեր Աստծո օթևանի գավիթներում:
 
3Գովեցեք Տիրոջը, բարի է Տերը,
երգեցեք Նրա Անվանը, քաղցր է.
4Տերն ընտրել է Հակոբին,
Իսրայելին դարձրել է Իր տիրույթը:
 
5Ես գիտեմ, որ Տերը մեծ է,
մեր Տերն ավելի, քան բոլոր աստվածները.
6այն ամենն, ինչ Տերը կամենում է,
կատարում է երկնքում և երկրի վրա,
ծովում և բոլոր անդունդներում:
 
7Հորիզոնից բարձրացնում է ամպերը,
կայծակներով իջեցնում է անձրևը,
Իր շտեմարաններից արձակում է քամիները:
 
8Հարվածեց Եգիպտոսի առաջնեկներին,
մարդկանցից մինչև բոլոր անասունները.
9առաքեց նշաններ ու հրաշքներ
քո մեջ, ո՜վ Եգիպտոսի երկիր,
փարավոնի և նրա բոլոր ծառաների դեմ:
 
10Հարվածեց բազմաթիվ ժողովուրդների,
ոչնչացրեց հզոր միապետների.
11ամուրհացիների թագավոր Սեհոնին և Բասանի թագավոր Օգին
և Քանանի բոլոր թագավորություններին.
12նրանց երկիրը որպես ժառանգություն տալու համար,
որպես ժառանգություն Իսրայելին՝ Իր ժողովրդին:
 
***
 
13Տեր, Քո Անունը հավիտենական է,
սերնդե սերունդ՝ հիշատակդ, Տեր.
14որովհետև Տերն արդարություն է անում Իր ժողովրդին,
մխիթարություն է բերում Իր բոլոր ծառաներին:
 
15Հեթանոսների կուռքերը ոսկի են ու արծաթ,
մարդու ձեռքերով են շինված.
16բերան ունեն, բայց չեն կարող խոսել,
աչքեր ունեն, բայց չեն կարող տեսնել.
 
17ականջներ ունեն, բայց չեն կարող լսել,
քիթ ունեն, բայց շունչ չկա նրանց բերանում.
18ով պատրաստել է դրանք, դրանց պես թող դառնա,
բոլոր նրանք, ովքեր հավատում են դրանց:
 
19Իսրայելի տուն, օրհնիր Տիրոջը,
Ահարոնի տուն, օրհնիր Տիրոջը.
20Ղևիի տուն, օրհնիր Տիրոջը,
Տիրոջ հավատացյալներ, օրհնեցեք Տիրոջը:
 
21Սիոնից թող օրհնյալ լինի Տերը,
Նա, որ բնակվում է Երուսաղեմում:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։