Սաղմոս 136 [135] - Նրա սերը հավիտենական է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 136 [135] - Նրա սերը հավիտենական է

Այս մեծապես գեղեցիկ օրհներգը փառաբանում է Աստծո զորությունը, որը գործում է Նրա սիրո ու ողորմության մղմամբ: Թերևս սա է եղել այն վերջին սաղմոսը, որն Հիսուսն Իր աշակերտների հետ արտասանել է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը հաստատելուց անմիջապես հետո (Մտթ 26, 30): Սաղմոսերգուն հիացումով հիշատակում է Աստծո անըմբռնելի բարության պատմական հայտնությունները, մինչ հավատացյալների մի խանդավառ բազմություն ընդգծում է նախադասություններից յուրաքանչյուրը, կրկնելով, որ հավիտենական են Նրա սերն ու ողորմությունը:
Նախևառաջ հիշատակվում է արարչագործությունը: Ապա սաղմոսերգուն անցնում է Իսրայելի ազատագրմանը. եգիպտացիների առաջնեկների մահը, ստրկության երկրից ելքը, Կարմիր Ծովով անցնելը, անապատի վտանգները: Ապա հիշատակում է խոստացված երկրի գրավման հետ կապված հաղթանակները և իսրայելացիների հաստատվելն այնտեղ: Վերջում ակնարկում է աքսորի նվաստացմանը և Պաղեստին վերադարձին: Ամեն բան – բնությունն ու պատմությունը – Աստծո պարգևած փրկությունն է և նշանն է Նրա ողորմած սիրո ու բարության:
Քրիստոնյան գիտի, որ Աստծո սերն ու ողորմությունը իրենց գերագույն արտահայտությունն ունեն հանձինս Հիսուս Քրիստոսի: Ի հավիտենից արդեն Աստված որոշել էր պարգևել մեզ Իր շնորհը Հիսուս Քրիստոսի միջոցով (2Տմ 1, 9): Նա է մեր փրկությունն ու մեր անմահական փառքը:
Մեր աղոթքների ընթացքում մտորելով Աստծո կողմից կատարված սքանչելագործությունների մասին, անկեղծ սրտով խնդրենք Նրանից, որ մեզ ընդունակ դարձնի մեր և մեր եղբայրների կյանքում բացահայտելու կենդանի հետքերն Իր սիրո և ողորմության, որոնք մեզ ընկերակցում են ամեն պահ և ընդմիշտ:
 

 
Կցորդ.  
Մենք հուսացել ենք կենդանի Աստծուն,
որ փրկիչն է բոլոր մարդկանց (հմմտ. 1Տմ 4, 10):
կամ.  
Ամեն բան կատարվել է Խոսքի միջոցով.
ինչ նրանում գոյություն ունի, կյանք է (հմմտ. Հվհ 1, 3-4):
կամ.  
Թող երախտագիտություն մատուցվի Աստծուն, որ մասնակից է դարձնում մեզ
հանձինս Հիսուսի կատարած Իր հաղթանակին (հմմտ. 2Կր 2, 14):
կամ.  
Երգեցեք Աստծուն, սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով
սրտանց երախտագիտություն մատուցելով Նրան (հմմտ. Կղս 3, 16):
կամ.   Մենք չսիրեցինք Աստծուն, այլ՝ Ինքն է, որ սիրեց մեզ (1Հվհ 4, 10):

 


 
1Երախտագիտություն մատուցեք Տիրոջը, Նա բարի է,
Նրա սերը հավիտենական է.
2երախտագիտություն մատուցեք աստվածների Աստծուն,
Նրա սերը հավիտենական է.
3երախտագիտություն մատուցեք տերերի Տիրոջը,
Նրա սերը հավիտենական է:
 
4Միայն Նա գործեց մեծամեծ հրաշքներ,
Նրա սերը հավիտենական է.
5իմաստությամբ ստեղծեց երկինքը,
Նրա սերը հավիտենական է.
6ջրերի վրա տարածեց երկիրը,
Նրա սերը հավիտենական է:
 
7Ստեղծեց մեծ լուսատուները,
Նրա սերը հավիտենական է.
8արևը՝ ցերեկվան իշխելու համար,
Նրա սերը հավիտենական է.
9գիշերվան իշխելու համար՝ լուսինն ու աստղերը,
Նրա սերը հավիտենական է:
 
10Հանձինս առաջնեկների՝ հարվածեց Եգիպտոսին,
Նրա սերը հավիտենական է.
11այդ երկրից դուրս բերեց Իսրայելին,
Նրա սերը հավիտենական է.
12հզոր ձեռքով և տարածված բազուկով,
Նրա սերը հավիտենական է:
 
13Երկու մասի բաժանեց Կարմիր ծովը,
Նրա սերը հավիտենական է.
14դրա միջով անցկացրեց Իսրայելին,
Նրա սերը հավիտենական է.
15դրա խորքն ընկղմեց փարավոնին և նրա զորքը,
Նրա սերը հավիտենական է:
 
16Առաջնորդեց Իր ժողովրդին անապատի միջով,
Նրա սերը հավիտենական է.
17հարվածեց ահարկու միապետների,
Նրա սերը հավիտենական է.
18սպանեց հզոր թագավորների,
Նրա սերը հավիտենական է:
 
19Ամուրհացիների թագավոր Սեհոնին,
Նրա սերը հավիտենական է.
20և Բասանի թագավոր Օգին,
Նրա սերը հավիտենական է:
 
21Նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց,
Նրա սերը հավիտենական է.
22որպես ժառանգություն Իսրայելին՝ Իր ծառային,
Նրա սերը հավիտենական է.
23հիշեց մեզ մեր ստրկության մեջ,
Նրա սերը հավիտենական է:
 
24Ազատեց մեզ մեր թշնամիներից,
Նրա սերը հավիտենական է.
25կենդանի ամեն էակի պարգևում է հաց,
Նրա սերը հավիտենական է.
26երախտագիտություն մատուցեք երկնքի Աստծուն,
Նրա սերը հավիտենական է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։