Սաղմոս 138 [137] - Մեծ է Տիրոջ փառքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 138 [137] - Մեծ է Տիրոջ փառքը

Հավատացյալը փորձառությամբ ճանաչում է Աստծուն, որը մարդուն փրկում է ձախորդություններից: Բայց իր այդ ճանաչումը նա չի կամենում եսասիրությամբ պահել միայն իր համար. կամենում է ուրիշների ևս հաղորդել այն, ուրիշ ժողովուրդների ևս, բոլոր մարդկանց: Տիրոջ տիեզերական ծրագրի հանդեպ խոր հավատքով է լուսավորված այս գեղեցիկ սաղմոսը:
 

 
Կցորդ.   Նա, ով ձեր մեջ սկսել է բարի գործը, այն կհասցնի իր ավարտին (հմմտ. Փլպ 1, 6):
կամ.  
Ամեն բան թող կատարվի Տեր Հիսուսի Անունով,
Նրա միջոցով երախտագիտություն մատուցելով Հայր Աստծուն (Կղս 3, 17):
կամ.  
Միշտ աղոթեցեք, ամեն բանի համար երախտագիտություն մատուցեք.
սա՛ է ձեր համար Աստծո կամքն ի Հիսուս Քրիստոս (1Թղ 5, 17-18):

 


 
1Դավթի:
 
Երախտագիտություն եմ մատուցում Քեզ, Աստված, ամբողջ սրտով,
աստվածային հավաքում երգում եմ Քեզ,
2խոնարհվում եմ Սրբությանդ օթևանի առջև:
 
Քո Անվանն եմ ես երախտագիտություն մատուցում,
Քո սիրո և Քո հավատարմության համար.
որովհետև Քո խոստումն ավելի մեծ դարձրեցիր,
քան որևէ պատիվ.
3այն օրը, որում աղաղակեցի, պատասխանեցիր ինձ,
ավելացրեցիր իմ սրտի ուժը:
 
4Երկրի թագավորները երախտագիտություն են մատուցում Քեզ, Տեր,
ունկնդրելով բերանիդ խոսքերը,
5նրանք երգում են Տիրոջ ճանապարհներում.
«Որքա՜ն մեծ է Տիրոջ փառքը»:
 
6Բարձրյալ է Տերը, բայց տեսնում է խոնարհին,
հեռվից զանազանում է հպարտին.
7եթե տրտմության խորքերն եմ ընկնում,
Նա ինձ ապրեցնում է թշնամու զայրույթից:
 
Դու տարածում ես ձեռքդ և աջդ փրկում է ինձ,
8Տերն իմ համար ամբողջացնելու է Իր գործը.
Տեր, Քո սերը հավիտենական է,
Քո ձեռքերի գործը մի՛ անտեսիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։