Սաղմոս 139 [138] - Տեր, Դու ամեն բան գիտես – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 139 [138] - Տեր, Դու ամեն բան գիտես

Այս սաղմոսում մի իմաստուն խորհրդածում է Աստծո խորհրդի և մեր կյանքի խորհրդի շուրջ: Իր տաղը մի փառաբանություն է Աստծո ամենագիտությանը: Այն մեզ մի ակնթարթ նշմարել է տալիս մեր էության խորքերը: Ահա մարդու սիրտը, որը թափանցիկ է Աստծո հայացքի առաջ. Հավիտենականի առաջ ամբողջովին բացահայտ են հոգու ամենածածուկ, ամենագաղտնի ծալքերը. մեր մոռացված անցյալը, մեր այսքա՜ն բարդ ներկան, մեր անորոշ ապագան. ոչինչ գաղտնի չէ Նրա համար: Աստծո ձեռքը սեփական անձի վրա զգալը (Եր 15, 7; Հոբ 23, 2-4) պատճառ էր հանդիսանում Հոբի ցավալի ու հոգեխռով հարցադրումների համար (Հոբ 7, 17-30; 23, 10): Այստեղ, մինչդեռ, աստվածային տիրապետության գիտակցությունը ծնունդ է տալիս անդորրի ու վստահության զգացումներին: Հավատացյալն Աստծուց այլևս չի խնդրում մի կողմ դարձնել Իր հայացքը, այլ՝ առաջնորդել իրեն հավատարմության ճանապարհով: Իր սեփական անձի ամենածածուկ խորհրդի ճանաչմանը բացվելով, մարդը բացվում է Աստծո դիմաց. Նա, ում մարդը կարծում էր, թե պետք է փնտրի հեռավոր վայրերում, արդեն իսկ ներկա է, որպես մարդու կյանքի անխառն ակունքը: Աստված առավել ներկա է իմ էությանը, քան իմ էությանը ներկա եմ ես ինքս: Աստվածային այդ ներկայությունը սկսվում է մարդու գոյության առաջին իսկ պահից, այսինքն՝ նրա հղացման իսկ ակնթարթից: Մայրական արգանդի լուռ դարբնոցում արդեն, Տերն Իր ծառային դարձնում է «սուր սուսեր», «սրածայր ընտիր նետ» (Ես 49, 1-2), Երեմիային սրբագործում է որպես «հեթանոսների մարգարե» (Եր 1, 5), իսկ Պողոսին ընտրում է Հիսուս Քրիստոսին հեթանոսներին ավետարանելու համար (Գղտ 1, 15-16): Գիտակից լինելով Աստծո սիրալիր հայացքին, որը պատում է իր ամբողջ էությունը, սաղմոսերգուն հանձնվում է Աստծուն և արտահայտում է Նրա կամքը կատարելու իր փափաքը:
 

 
Կցորդ.   Աստված ավելի մեծ է, քան մեր սիրտը, և ամեն բան գիտի (1Հվհ 3, 20):
կամ.  
Ո՜վ Աստծո իմաստության խորություն.
որքա՜ն անհասանելի են նրա ճանապարհները (հմմտ. Հռմ 11, 33):
կամ.   Տեր, Դու ամեն բան գիտես. Դու գիտես, որ սիրում եմ Քեզ (Հվհ 21, 17):
կամ.  
Աստված հեռու չէ մեզնից յուրաքանչյուրից. մենք Նրանում ենք ապրում,
շարժվում և գոյություն ունենք (հմմտ. Գրծ 17, 27-28):
կամ.  
Աստծո խոսքը կենդանի է և արդյունավետ,
քննում է սրտի զգացումներն ու մտածումները (հմմտ. Եբր 4, 12):
կամ.  
Չկա մի արարած, որ կարողանա թաքնվել Աստծո առաջ,
այլ՝ ամեն բան մերկ ու բացահայտ է Նրա աչքերին (հմմտ. Եբր 4, 13):
կամ.  
Բոլոր եկեղեցիներն իմանալու են,
որ ես նա եմ, որ քննում է խորքերն ու սիրտը (հմմտ. Հյտ 2, 23):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի: Սաղմոս:
 
Տեր, Դու ինձ քննում ես և ճանաչում ես ինձ,
2Դու գիտես, թե ե՛րբ եմ ես նստում և ե՛րբ ոտքի կանգնում,
Դու հեռվից զանազանում ես իմ դիտավորությունները:
 
3Դու հսկում ես իմ վրա, երբ քայլում եմ և երբ հանգստանում,
ներկա ես իմ բոլոր ճանապարհներում.
4դեռևս չարտասանված խոսքերը
դրանք բոլորն արդեն ճանաչում ես, Տեր:
 
5Կանխում ես ինձ, հետևում, գրկում,
և իմ վրա հանգչեցնում ես Քո ձեռքը.
6Քո ճանաչողությունն իմ համար հրաշալի է,
չափազանց ներթափանցող է, այն չեմ ըմբռնում:
 
7Ո՞ւր գնալ հեռու Քո Հոգուց,
ո՞ւր փախչել հեռու Քո Դեմքից.
8եթե բարձրանում եմ երկինք, Դու այնտեղ ես,
եթե իջնում եմ դժոխք, ահա՛ Դու:
 
9Եթե վերցնում եմ արշալույսի թևերը,
բնակվելու համար ծովերից այն կողմ,
10այնտեղ նույնպես առաջնորդում է ինձ ձեռքդ,
աջդ հասնում է ինձ այնտեղ ներքևում:
 
11Եթե ասում եմ. «Թող պատի ինձ խավարը»,
գիշերն իմ չորս կողմը դառնում է լույս.
12խավարը նույնպես Քո առաջ խավար չէ,
գիշերը լուսավոր է ցերեկվա նման,
Քո համար խավարը փայլում է ինչպես լույսը:
 
***
 
13Դու ես, որ ստեղծել ես ներաշխարհս,
հյուսել ես ինձ մորս որովայնում.
14ընդունում եմ, որ մի հրաշք է էությունս,
երախտագիտություն եմ մատուցում Քեզ
ինձ այսպես ստեղծելուդ համար.
Քո գործերը հրաշալի են,
սիրտս շատ լավ է ճանաչում դրանք:
 
15Երբ կազմավորվում էի ծածուկ,
երբ հյուսվում էի երկրի խորքում,
ոսկորներս Քեզնից թաքնված չէին.
16աչքերդ տեսնում էին ինձ՝ ես դեռ չամբողջացած,
իմ բոլոր օրերը գրված էին գրքում,
արդեն հաշված էին, երբ նրանցից մեկն անգամ չկար:
 
17Որքա՜ն դժվար են իմ համար Քո մտածումները,
որքա՜ն մեծ է նրանց թիվն, Աստված.
18եթե հաշվում եմ դրանք, ավազից ավելի շատ են,
եթե դրանք վերջացած եմ կարծում, դեռևս Քո հետ եմ:
 
19Ո՜վ Աստված, երանի՜ թե ոչնչացնեիր չարագործին:
Հեռացե՛ք ինձնից, արյունահեղ մարդիկ:
20Խոսում են Քո մասին, բայց ունայնություն են ասում,
քաղաքներդ քաշում են դեպի կռապաշտություն:
 
21Մի՞թե չպետք է ատեմ նրան, ով Քեզ ատում է,
արհամարհեմ Քո հակառակորդներին, Տեր.
22անհաշտ ատելությամբ ես նրանց ատում եմ,
իմ անձնական թշնամիներն եմ ես նրանց համարում:
 
23Քննիր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչիր իմ սիրտը,
փորձիր ինձ և ճանաչիր իմ ցանկությունները.
24տե՛ս, թե արդյոք այլասերվա՞ծ է իմ ընթացքը,
և առաջնորդիր ինձ հավիտենության ճանապարհով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։