Սաղմոս 142 [141] - Հոգիս նվաղում է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 142 [141] - Հոգիս նվաղում է

Կարևորություն չունի, թե այս սաղմոսում խոսքն իրոք վերաբերվում է Դավթին (1Սմ 22, 10), թե մի անհայտ անձնավորության: Կարևորն այն է, որ հալածված և իր դժբախտության պահին բոլորի կողմից լքված այս անձը ապրում և իր այս սաղմոսում արտահայտում է անթիվ անհամար մարդկանց չարչարանքները: Նրա կերպարանքի մարգարեական ուրվագծերի ետևում նշմարվում է Հիսուսի Դեմքը, որն Իր չարչարանքների ժամին միայնակ էր և տառապում էր առանց ընդվզելու:
 

 
Կցորդ.  
Դուք փախչելու եք, ինձ մենակ թողնելով.
բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն իմ հետ է (հմմտ. Հվհ 16, 32):
կամ.  
Երանի՜ ննջեցյալներին, որ մահանում են ի Տեր.
հանգստանալու են իրենց հոգնություններից (հմմտ. Հյտ 14, 13):
կամ.  
Եթե ապրում ենք, ապրում ենք Տիրոջ համար.
եթե մահանում ենք, մահանում ենք Տիրոջ համար (Հռմ 14, 8):
կամ.  
Դուք, եղբայրներ, մեր սրտում եք,
միասին մահանալու և միասին ապրելու համար (հմմտ. 2Կր 7, 3):

 


 
1Մասքիլ: Դավթի: Երբ քարանձավում էր: Աղոթք:
 
2Բարձր ձայնով ես աղաղակում եմ Տիրոջը,
բարձր ձայնով ես աղաչում եմ Տիրոջը.
3Նրա առջև սփռում եմ իմ հեծեծանքը,
Նրա առջև պատմում եմ իմ տրտմությունը:
 
4Երբ հոգիս նվաղում է,
այո՛, Դու ճանաչում ես իմ ընթացքը.
արահետի վրա, որով քայլում էի,
թակարդ լարեցին իմ համար:
 
5Նայիր իմ չորս կողմը և տես,
ոչ ոք չի կամենում ճանաչել ինձ.
փախուստի հնարավորություններ իմ համար չկան,
իմ կյանքի համար ոչ ոք չի մտահոգվում:
 
6Ես աղաղակում եմ դեպի Քեզ, Տեր,
և ասում եմ. «Դու ես իմ ապավենը,
Դու ես իմ միակ բարիքը
ողջերի այս երկրում»:
 
7Ուշադիր եղիր արտասվելուս ձայնին,
որովհետև ծայր աստիճան նվաղած եմ.
հալածիչներիցս ազատիր ինձ,
նրանք ինձնից շատ ավելի ուժեղ են:
 
8Կյանքս դուրս հանիր բանտից,
որպեսզի երախտագիտություն մատուցեմ Քո Անվանը.
շուրջբոլորս սեղմ հավաքվելու են արդարները,
բարիքի համար, որ արեցիր ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։