Սաղմոս 143 [142] - Թող առաջնորդի ինձ սիրո Քո Հոգին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 143 [142] - Թող առաջնորդի ինձ սիրո Քո Հոգին

Սաղմոսարանում, փառաբանության ու բերկրանքի տաղերի միջև, երբեմն երբեմն վերադառնում է աղքատի ողբը, որն ամեն բան սպասում է Աստծուց: Ահա այստեղ կրկին աղաչանքն է մի տարաբախտի, որը սակայն չի կորցնում Աստծո, Նրա սիրո և Նրա արդարության հանդեպ հույսը: Իրական Իսրայելը, որն աստվածաշնչյան ավանդության մեջ նույնանում է Տիրոջ աղքատների հասարակության հետ, հասկացել է սա, նաև ընդմեջ տառապանքների. ոչ ոք արժանի չէ չարիքից ազատվելու, և ո՛չ իսկ նա, ով հավատարմորեն պահում է Օրենքը, ինչպես հետագայում հաստատելու էր Պողոս Առաքյալը (Հռմ 3, 20...): Կարելի է միմիայն ապավինել մարդկանց նկատմամբ Տիրոջ հավատարիմ սիրույն: Նա, ով իսկապես աղոթում է, փորձառությամբ կզգա Աստծո ազատարար ներգործությունը:
 

 
Կցորդ.   Հիսուս, հիշիր ինձ, երբ կգաս արքայությամբդ (Ղկս 23, 42):
կամ.  
Մարդը չի արդարանում գործերով,
այլ միմիայն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով (հմմտ. Գղտ 2, 16):
կամ.  
Հայր, հեռացրու ինձնից այս բաժակը,
բայց թող որ Քո կամքը կատարվի, ո՛չ իմը (հմմտ. Ղկս 22, 42):
 

 
1Սաղմոս: Դավթի:
 
Տեր, լսիր իմ աղոթքը,
ականջ դիր իմ աղաչանքներին,
հավատարմությանդ ու արդարությանդ համաձայն՝ պատասխանիր ինձ.
2դատաստանի մի՛ մտիր ծառայիդ հետ,
կենդանի ոչ մի էակ չի կարող արդարանալ Քո առաջ:
 
3Թշնամին հալածում է իմ կյանքը,
ոտնակոխ է անում կյանքս մինչև գետին.
խավարոտ վայրերում է ստիպում ինձ բնակվել,
ինչպես մեռյալները, մեռյալներն ընդմիշտ.
4շունչս հանգում է ինձնում,
ինձնում նվաղում է սիրտս:
 
5Վերհիշում եմ երբեմնի օրերը,
կրկին խորհրդածում եմ բոլոր գործերիդ մասին,
ձեռքերիդ գործերի մասին եմ մտածում նորից.
6ձեռքերս տարածում եմ դեպի Քեզ,
ինչպես Քեզ ծարաված երկիր:
 
7Շուտով, պատասխանիր ինձ, Տեր,
շունչս հասել է վախճանին.
ինձնից մի՛ թաքցրու երեսդ,
կլինեմ մեկը նրանցից, ովքեր իջնում են փոսի մեջ:
 
8Առավոտվանից զգացրու ինձ Քո սերը,
որովհետև Քեզ եմ ես հավատում, ո՜վ Տեր.
ճանաչել տուր ինձ ճանապարհը, որով պետք է քայլեմ,
որովհետև Քեզ եմ ես ընծայում իմ կյանքը:
 
9Թշնամիներիցս ազատիր ինձ, Տեր,
Քո մոտ եմ ես ապահով զգում ինձ.
10սովորեցրու ինձ կատարել Քո կամքը,
որովհետև Դու ես իմ Աստվածը.
բարությամբ թող առաջնորդի ինձ Քո Հոգին
արահետներով հարթ և ուղիղ:
 
11Տեր, ի սեր Քո Անվան,
ապրեցրու ինձ Քո արդարությամբ,
տրտմությունից դուրս հանիր իմ կյանքը.
12սիրույդ համաձայն՝ ոչնչացրու թշնամիներիս,
կորստյան մատնիր իմ բոլոր հակառակորդներին,
որովհետև ես Քո ծառան եմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։